2025 թվականի հունիսի 10-13-ը Հայաստանի կինոյի հիմնադրամը, ինչպես նշվում է հիմնադրամի ծրագրում, նախատեսում է ներկայացնել Հայաստանի ազգային տաղավարը Ֆրանսիայի Անսի քաղաքում կայանալիք Անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկայում (MIFA), որը համարվում է համանուն միջազգային փառատոնի մասնագիտական բաղադրիչը։
MIFA-ն՝ ըստ հիմնադրամի բնութագրության, անիմացիայի ոլորտում աշխարհի ամենամեծ և հեղինակավոր շուկաներից մեկն է։ 2024 թվականին հարթակն հյուրընկալել է 103 երկրի ավելի քան 2700 կազմակերպությունների և հազարավոր մասնակիցների։ Մասնակցությունը նման հարթակներին, ինչպես ընդգծվում է հիմնադրամի ծրագրային փաստաթղթերում, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ ուղղված ոլորտի միջազգային ինտեգրմանը և համատեղ արտադրությունների խթանմանը։
Հայաստանը և Ֆրանսիան տարիներ շարունակ ամրապնդում են իրենց համագործակցությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում: Հիմնադրամը, ինչպես նշվում է պայմանագրում, վերջին տարիներին ակտիվացնում է համագործակցությունը Ֆրանսիայի կինոկենտրոնի (CNC) հետ։ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունքներից է «Զակո» լիամետրաժ անիմացիոն նախագիծը (ռեժ. Տիգրան Առաքելյան), որն իրականացվում է համատեղ արտադրությամբ՝ հայկական «Օնօֆֆ» և ֆրանսիական Օսկարակիր «Սակրեբլո» ընկերությունների միջև։ Նախագծի հիմքը դրվել է 2023 թվականին՝ MIFA-ի հայկական տաղավարում ստորագրված պայմանագրով։
Հայկական անիմացիայի վերջին շրջանի առաջընթացը, ինչպես նշվում է հիմնադրամի ծրագրում, վկայվում է նաև «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի միջազգային հաջողությամբ (ռեժ. Զաքար Դեմիրճյան), որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Անսիի փառատոնի շրջանակում։ Ֆիլմն ընդգրկված է 2025 թվականի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում և ստեղծվել է պետական ֆինանսավորմամբ։
Հիմնադրամի տվյալներով՝ հայկական տաղավարի աշխատանքները համակարգելու է հիմնադրամի ներկայացուցիչը։ Տաղավարում կներգրավվեն շուրջ 7 անիմացիոն ստուդիաների ներկայացուցիչներ (ընդհանուր 12 մասնակից), որոնք կներկայացնեն հայկական արտադրանքը և կհանդիպեն միջազգային գործընկերների հետ՝ համատեղ արտադրությունների ձևավորման, համագործակցության ընդլայնման և ոլորտի միջազգային ճանաչելիության բարձրացման նպատակով։ Ծրագրով նախատեսվում է կազմակերպել առնվազն 10 մասնագիտական հանդիպում։
Ինչպես նշվում է հիմնադրամի ծրագրում, Հայաստանի ամենամյա մասնակցությունը MIFA-ին պետական աջակցությամբ զգալի դեր ունի՝ միջազգային համատեղ նախագծերի մեկնարկի խթանման, մասնագիտական կապերի ստեղծման և Հայաստանի անիմացիոն ոլորտի՝ միջազգային հեղինակավոր հարթակներում դիրքավորման առումով։
Նշենք, որ օրերս հայտարարվեց նաև Հայաստանի անիմացիոն ընկերությունների ասոցիացիայի գործունեության մեկնարկի մասին, ինչը կնպաստի ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը և մասնագիտական համայնքի համախմբմանը։