Ամերիկյան կինոակադեմիան (Academy of Motion Picture Arts and Sciences) հրապարակել է 2025 թվականի նոր անդամների ցանկը՝ ընդգրկելով 534 արվեստագետների և մասնագետների, որոնք աչքի են ընկել կինոարտադրության ոլորտում իրենց ներդրումներով։ Այս տարվա հրավիրվածների թվում են նաև հայաստանաբնակ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը եւ հայկական ծագմամբ Կարեն Կարագուլյանը եւ Էրիկ Իսրայելյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2025 թվականի հրավիրվածների 41%-ը կանայք են, 45%-ը ներկայացնում են համեմատաբար քիչ ներկայացված համայնքներ, իսկ 55%-ը՝ 60 երկրի և տարածքի ներկայացուցիչներ են ԱՄՆ-ից դուրս։ Անդամակցության հրավերն ընդունած անձինք կլինեն տարվա միակ նոր անդամները։
Անդրանիկ Բերբերյանը հրավիրվել է երաժշտական բաժին։ Նրա հեղինակած կինոմեղեդիներից են՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը» և «Ամերիկացին» ֆիլմերը։ Վերջինս դարձավ Հայաստանի առաջին ֆիլմը, որը ներառվեց Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգի կարճ ցանկում։
Կարեն Կարագուլյանը հրավիրվել է անդամակցելու դերասանների բաժնին։ Նա հատկապես հայտնի է ռեժիսոր Շոն Բեյքերի ֆիլմերում ունեցած դերակատարումներով։ Նրա մասնակցությամբ ստեղծված աշխատանքներից են «Մանդարին» եւ «Անորա», վերջինիս համար Կարագուլյանը եղել է Independent Spirit Award մրցանակի հավակնորդ։
Էրիկ Իսրայելյանը հրավիրվել է ասոցացված անդամների բաժին։ Որպես պրոդյուսեր՝ Իսրայելյանը ակտիվ գործունեություն է ծավալում ամերիկյան կինոարտադրության ոլորտում։ Նա նաև հանդիսանում է Կինոյի թանգարանի (Academy Museum of Motion Pictures) հոգաբարձուների խորհրդի ղեկավար կազմի անդամ։
Այս զարգացումը դիտարկվում է որպես նշանակալի քայլ՝ հայ կինոգործիչների ներկայությունն ամրապնդելու միջազգային պրոֆեսիոնալ հարթակներում։