Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիքի մեկնարկի պաշտոնական արարողությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում բնակվող հայերի համար արտադրելու է սեփական հեռուստակոնտենտը՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ:
Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաալիքը՝ «Առաջին ալիք Ամերիկան», հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող տեղական Spectrum ցանցում, նաև Առաջինի OTT հարթակում:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորել է հեռուստաալիքի դերը որպես կապող օղակ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հայ համայքների, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև:
«Մենք այստեղ սկսելու ենք հեռարձակումը և փորձելու ենք տարածվել հայաշատ համայքներում, սակայն հեռուստաալիքի զարգացման մոդելը հետևյալն է՝ համայնքները պետք է ակտիվ լինեն, փորձեն հեռուստակոնտենտ արտադրել և փոխանցեն մեզ ցուցադրելու նպատակով։ Ուրախ կլինենք, որ Ամերիկայի բոլոր հայաշատ համայքները նախաձեռնողականություն ցուցաբերեն և ներկայացված լինեն մեր հեռուստաալիքում»:
«Առաջին ալիք Ամերիկան» եթերում կլինի ապրիլի 1-ից։ Հեռուսաբովանդակության ձևավորումը կիրականացվի փուլային եղանակով. տեղի լսարանի կարիքներին և պահանջներին համապատասխան հատուկ հեռուստաբովանդակություն ստեղծելուց զատ` Հայաստանից հեռարձակվող հաղորդումներն ադապտացվելու են Ամերիկայի ժամային գոտուն:
Արդեն սկսվել են «Օվկիանոսից այն կողմ» հարցազրույցների շարքի նկարահանումները: Հաղորդաշարը տարբեր հանգամանքների բերումով ԱՄՆ-ում հայտնված հայերի մասին է, որոնք շարունակում են ոգեշնչվել Հայաստանով: Ձևավորվել է նաև հատուկ խորհուրդ, որը բաղկացած է Ամերիկայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից: