ԵՐԵՎԱՆ, 05 ՄԱՐՏԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Մարտի 4-ին ավարտվեց կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթի ընթացակարգի՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի հանրային քննարկումը, որը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևել 15 օր:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 1080-Ա/2 հրամանով հաստատված Աշխատանքային խմբի կողմից:
Ըստ նախագծի՝ Ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղության արտադրության համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու՝ հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:
ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԿինոՊրես-ը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում արդեն երկրորդ անգամ է արձանագրում կինեմատոգրաֆիայի մասին նախագծի սրընթաց քվեարկությունը: Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2023 թվականին «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին նախագծի հանրային քննարկման ժամանակ, որով «Հայֆիլմ» կինոստուդիան դառցավ «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս: Հայեցակարգը, չնայած բուռն քննադատության, ընդունվեց 779 — Կողմ / 473 — Դեմ հարաբերակցությամբ: 2023 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած առկա հանրային քննարկմանը ներկա էին կրթության և գիտության ոլորտների մասնագետներ, լրատվամիջոցներ և ԿինոՊրես-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանը բարձրաձայնեց նախագծի քվեարկության հանդեպ ակնհայտ չարաշահումը, այդ պնդումը լուրջ չընդունվեց, ինչի կապակցությամբ փաստարկներով գրություններ ուղարկվեցին ՀՀ արդարադատության նախարարություն:
«Հարկ է նշել նաև, որ կայքում կատարված քվեարկությունը հանրային կարծիքի ստուգման գործիք է, այն պարտադիր հետևանք չի առաջացնում, և նախարարությունն իրավասու չէ գործողություններ կատարելու արդյունքների կապակցությամբ:»
ՀՀ արդարադատության նախարարություն
Հատկանշական է, որ նախագծի քվեարկության օրը ՀՀ դատախազությունը հայտարարեց «Հայֆիլմ» կինոստուդիայի գործով պետությանը պատճառված 10 մլն դոլարի վնասի մասին:
2025 թվականի մարտի 4-ին ավարտված քվեարկությունը ամփոփվեց 136 — Կողմ / 60 — Դեմ ձայների հարաբերակցությամբ, ինչը առաջացրեց անհանգստություն կինոգործիչների շրջանում:
2016 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված N 1134-Ն որոշումով ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվեց, ինչի շնորհիվ 2017 թվականին գործարկվեց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքը: Նախագիծը չի նախատեսում կայքում նախագծերի կիբերանվտանգային պաշտպանության որևէ մեխանիզմ, ինչը հասանելի է դարձնում կայքը ամբողջ աշխարհում և քվեարկողը պարտադիր չէ, որ լինի առնվազն ՀՀ քաղաքացի:
Ի տարբերություն 2023 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ակադեմիական քաղաք» հայեցակարգում ներառման հանդեպ անտարբերությանը, այս դեպքում Հայաստանի կինոգործիչների միությունը հաղորդագրություն տարածեց, հորդորելով «համապատասխան կառույցներին» գործել կինոոլորտի շահերից:

Ինչպես հայտնի է՝ ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր: Մինչ կինոգործիչների համայնքը ընտրողական մոտեցում է ցուցաբերում խնդիրներին կատարվում են փոփոխություններ և կայացվում են որոշումներ: