Հայկական կինոհանրության ներսում աճող լարվածության ֆոնին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդմանը տվեց ընդգրկուն հարցազրույց, որտեղ անդրադարձավ ինչպես միջազգային գործունեությանը, այնպես էլ վերջին շրջանում ոլորտի հասցեին հնչած քննադատությանը։ Զրույցը միաժամանակ փորձ էր ներկայացնելու հիմնադրամի կատարած աշխատանքը և որոշակիորեն արդարացնելու դրա ընթացքը՝ փորձելով ամրացնել հանրային վստահությունը։
Առաջին հայացքից հարցազրույցը կառուցված է պետական հաղորդակցության դասական մոդելով. շեշտադրում միջազգային համագործակցության վրա, համատեղ արտադրությունների խթանում, ներդրումների մասնակի վերադարձի նոր գործիքակազմ, կինոժառանգության թվայնացում ու կատալոգավորում։ Բոլորը ծրագրեր են, որոնք առնվազն գրեթե տեխնիկապես անկասկած կարևոր են։ Բայց թվերի և պաշտոնական եզրույթների հետևում ավելի նուրբ ազդակներ կան:
Զրույցի ամենակենսունական հատվածը կապված էր Հայաստանի կինոգործիչների միության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղղված բաց նամակի հետ, որով մտահոգություն էր հայտրվում նոր կարգերի որոշ դրույթների վերաբերյալ։ Բանուչյանը, թեև խոսում է առանց բևեռացման, խուսափելով «քննադատություն» բառից՝ օգտագործում է ավելի մեղմ՝ «անհամաձայնություն» եզրը, փորձելով չբարձրացնել լարվածության ջերմաստիճանը։ Այդուհանդերձ, նրա խոսքում որոշակի նեղվածություն է զգացվում, հատկապես երբ նա նշում է, որ նամակագրության մի քանի ստորագրողներ տեղյակ էին իրավիճակից, սակայն նախընտրել են հրապարակային արձագանք։
Այդուհանդերձ, ժխտել չի կարելի, որ հիմնադրամը աշխատանք է տանում։ Կաննի կինոշուկայում հայկական տաղավարի ամենամյա ներկայացումը, ժառանգության թվայնացումը ու միջազգային համագործակցությունը վկայում են Հիմնադրամի ռեգլամենտար և շարունակական աշխատանքի մասին։ Տնօրենը խոսեց նաև ներդրումների մասնակի վերադարձի պետական ծրագրի մասին՝ ընդգծելով, որ այն կարող է էական խթան դառնալ ստեղծարար արտադրանքի համար, այդ թվում՝ նաև մասնավոր հատվածում։
Սակայն ներքին քննադատությանն արձագանքելու ձևը մնում է հարցականի տակ։ Հիմնադրամի պատասխանը որոշակիորեն պաշտպանողական է՝ ոչ այնքան բաց ինքնավերլուծություն, որքան կարգերի պաշտպանություն՝ անցումային դրույթների կիրառման տեսքով։ Սա մոտեցում է, որն ավելի շատ մտածված է իրավական համաչափության ապահովման, քան երկխոսության խթանման մասին։ Հիմնադրամի պատասխանները ոչ միայն անբավարար են, այլև խորացնում են կասկածները, որ կառույցը անտեսում է ոլորտի հիմնական խնդիրները:
Զրույցի ընդհանուր հուզականությունը զուսպ է, գրեթե չեզոք։ Բանուչյանի խոսքը տեխնոկրատական է, գրեթե առանց անձնական երանգների, բացառությամբ դեպքերի, երբ նա խոսում է ժառանգության հանրահռչակման կամ ֆիլմերի վերականգնման նախաձեռնությունների մասին։ Դրա մեջ տեսանելի է հստակ շահագրգռվածություն, սակայն ոչ ներշնչող կրքոտություն։ Պաշտպանողական դիրքորոշումը ոչ միայն խանգարում է շուտափույթ և արդյունավետ լուծումների գտնելուն, այլև խորացնում է բացասական տրամադրություններն ու ճգնաժամային իրավիճակը ոլորտում
Այսօր հայկական կինոն կանգնած է բարդ խաչմերուկում. մի կողմից՝ հարուստ ժառանգություն, նորարար ստեղծագործական միջավայր և միջազգային հետաքրքրություն, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ թերություններ, թափանցիկության պակաս ու հանրության ներսում միասնականության խնդիր։ Հիմնադրամի տնօրենն արեց անհրաժեշտ քայլ՝ բացատրելու և ներկայացնելու։ Բայց մնում է սպասել հաջորդին՝ համարձակ և բաց խոսքի, երբ կառույցը ոչ թե կարձագանքի քննադատությանը, այլ կդիմի համագործակցային ճանապարհով՝ ներառելով համայնքի ձայները և վերածելով դրանք կառուցողական ուժի։