Sony Pictures-ը ներկայացրել է «Մադամ Սարդոստայն» / «Մադամ Վեբ» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 14-ին։
«Սարդ-մարդ» տիեզերքի չորրորդ ֆիլմը կպատմի Marvel-ի ամենաառեղծվածային հերոսուհիներից մեկի՝ Կասանդրա Վեբի ծագման պատմությունը, որն ունի պայծառատեսի կարողություններ: Նա օգտագործում է իր ունակությունները մարդկանց աղետներից փրկելու համար, նախքան դրանք տեղի կունենան:
Ավելի վաղ պրոդյուսեր Լորենցո դի Բոնավենտուրան առաջիկա ֆիլմը անվանել էր կերպարի ծագման նոր պատմություն, նախքան այն կվերածվի կոմիքսների էջերում ցուցադրված հզոր կերպարի:
Կոմիքսներում Մադամ Սարդոստայնը պատկերված է որպես միաստենիա գրավիսով (աուտոիմուն նյարդամկանային հիվանդություն) տարեց կին, որը միացված է սարդոստայնի տեսքով կյանքի աջակցության համակարգին: Առողջության պատճառով Սարդոստայնը երբեք չի պայքարել չարագործների դեմ:
Ֆիլմում նկարահանվել են Դակոտա Ջոնսոնը, Էմմա Ռոբերթսը, Սիդնի Սվինին, Սելեստե Օ’Քոնորը, Իզաբելա Մերսեդեսը և Թահար Ռահիմը։ Սվինին կմարմնավորի Սարդ-կնոջը՝ Ջուլիա Քարփենթերին, որը կոմիքսում ժառանգում է Մադամ Սարդոստայնի տիտղոսը։ Ըստ սյուժեի՝ նա կօգնի Կասանդրա Վեբին չարիքի դեմ պայքարելու համար թույն թիմ հավաքել:
«Մադամ Սարդոստայնը» հաջորդ տարի նախատեսված երեք ֆիլմերից առաջինն է, որում ներկայացված են սարդաշխարհի կերպարներ: Օգոստոսի 30-ին կթողարկվի «Որսորդ Քրավենը», իսկ նոյեմբերի 8-ին՝ «Վենոմ 3» ֆիլմերը: «Որսորդ Քրավենը» կլինի Sony-ի առաջին փորձը ստեղծելու Marvel-ի R-վարկանիշային նախագիծ՝ արյունոտ և ողբերգական պատմությամբ: