ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և ոլորտի ներկայացուցիչներ:
Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ոլորտի մասնագիտական շրջանակի հետ միասին վերհանել կինոարտադրության համակարգային խնդիրներն ու ձևավորել գործընկերային քննարկման հարթակ՝ մշակելու արդյունավետ և կայուն քաղաքականություն։

«Կառավարությունը կինոարտադրության զարգացումը դիտարկում է որպես լուրջ առաջնահերթություն։ Մենք կարևորում ենք կինոարտադրության կայացմանը նպաստող պայմանների ստեղծումը, պետական աջակցությունը՝ հատկապես այն ուղղություններով, որտեղ դա կենսական անհրաժեշտություն է։ Միաժամանակ, կինոարտադրությունը պետք է դիտարկենք նաև որպես տնտեսական առանձին ճյուղ՝ մշակութային արժեքների ստեղծման զուգահեռ տնտեսական նշանակությամբ։ Պետական քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված՝ խթանելով ոլորտի զարգացումը՝ առանց փոխարինելու մասնավոր նախաձեռնությունը», – նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորման ընթացակարգերը, դրամաշնորհային մրցույթների կազմակերպման կարգավորումները, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև կինոյի պետական աջակցության համակարգի վերանայման հնարավոր ուղիները։



Ժաննա Անդրեասյանը առաջարկել է ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ՝ համատեղ վերլուծելու իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և մշակելու արդյունավետ գործիքակազմ՝ ոլորտային կառավարման և զարգացման համար։
Ո՞ր մեխանիզմով կարող է ապահովվել կինոոլորտի մասնագիտական համայնքի իրական մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում՝ հատկապես հաշվի առնելով, որ անցած տարի ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները հաշվի չեն առնվել նոր կանոնակարգերի ընդունման ժամանակ, ինչի հետևանքով առաջացել է այս հանդիպման անհրաժեշտությունը: