Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում:


«Կինոն՝ որպես արվեստ, այն գործունեությունն է, որը հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը մեծագույն շնորհ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առանձին ծրագիր է իրականացնում մշակույթի ոլորտի հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին գնահատելու և խրախուսելու նպատակով:


Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որը կինոոլորտում զարգացման նոր խթան կհանդիսանա՝ բացելով գործունեության լայն դաշտ։
«Ուրախ եմ, որ հայկական կինոն հատկապես վերջին տարիներին բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում տարբեր միջազգային հարթակներում ներկայանալու, փառատոներում հաջողություններ գրանցելու հարցում: Պետության քաղաքականությունը միտված է կինոարտադրությունը որպես ինդուստրիա կայացնելուն»,- ասել է նախարարը՝ մասնավորապես անդրադառնալով աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմին:
Այն նկարահանվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի ռեժիսորը Զաքար Դեմիրճյանն է, իսկ պրոդյուսերը՝ Րաֆֆի Մովսիսյանը:
Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմի դիտումը, որին հաջորդել է ֆիլմի քննարկում։