Connect with us

Կինոիրադարձություններ

Լոնդոնում ցուցադրվել է Արման Մանարյանի «Կարինեն»

Հրապարակվել է

Լոնդոնում գրանցված բրիտանական «Kino Klassika» կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան ֆիլմերի կինո-սեզոնները։ Համագործակցելով հեղինակավոր Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ՝ երաժշտական (մյուզիքլ) ֆիլմերի ցուցադրության մեծամասշտաբ ծրագրի շրջանակներում, 2020 թվականի հունվարի 21-ին՝ Լոնդոնում, «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինեն» (1969թ․)՝ առաջին հայկական մյուզիքլը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Կինոկենտրոնից:

«Cine Lumiere » կինոթատրոնը, որը գործում է Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ, հայտնի է ինչպես արտհաուս և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:

«Կարինե»-ն 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ է, որի հանդիսանում է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորում։ Գործողությունները կատարվում են 19-րդ դարում: Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքի։

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.): Արման Մանարյանը նկարահանելով «Կարինեն» ճանապարհ է հարթել ազգային երաժշտական կինոյի համար։

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Գերմանիայի մայրաքաղաքում բացվել է Բեռլինի հոբելյանական միջազգային կինոփառատոնը

Հրապարակվել է

Փետրվարի 20-ին Գերմանիայի մայրաքաղաք Berlinale Palast-ում տեղի է ունեցել Բեռլինի միջազգային 70-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման ֆիլմ է դարձել կանադացի ռեժիսոր Ֆիլիպ Ֆալարդոյի «Սելինջերի իմ տարին» դրաման, որը ներկայացրել է ինքը՝ ռեժիսորը, ինչպես նաեւ գլխավոր դերերի կատարողները:

Երեկոն սառն էր, և կարմիր գորգի վրայով, դողալով, շրջում էին Սիգուրնի Ուիվերը, Մարգարետ Քուելին, Դուգլաս Բուտը, ինչպես նաև գլխավոր մրցույթի ժյուրիի անդամները՝ Բրիտանական թատրոնի և կինոյի դերասան Ջերեմի Այրոնսի գլխավորությամբ և շատ ուրիշներ:

Բեռլինում հոբելյանական ստուգատեսի բացումը մթագնվել է Գերմանիայի Խանաու քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով: Արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: «Այս իրադարձությունը մեզ շատ մտահոգեց։ Ես ուզում էի այդքան շատ բան ասել Բեռլինալի մասին նրա հոբելյանի տարում, բայց ինձ համար դժվար է այլ բանի մասին մտածել, քան ողբերգության մասին», — հազիվ զսպելով արցունքները բեմից ասել է Բեռլինի գործադիր տնօրեն Մարիետա Ռիսենբեկը:

Արարողության վարող բուլղարացի եւ գերմանացի դերասան Սամուել Ֆինցին հանդես է եկել բուռն եւ քաղաքականապես ուղղված ելույթով, որը հիմնականում վերաբերել է ամբողջ աշխարհում միգրանտների աղետալի վիճակին: Բեմից հնչել են նաև խոսքեր բռնության և ռասիզմի դեմ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կառլո Շատրիանը նշեց, որ կինոն պետք է մերձեցնի մարդկանց, և երբ հանդիսատեսը նստած է կինոթատրոններում, ջնջվում են նրանց միջև եղած բոլոր տարբերությունները: Իսկ Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսի ելույթին արարողության հյուրերը հոտնկայս ծափահարեցին մի քանի րոպե: «Մենք պետք է միավորվենք և դիմադրենք։ Մենք երբեք եւ ոչ մի դեպքում չենք ենթարկվի բռնության եւ խտրականության ցանկացած դրսեւորման եւ մտադիր չենք համագործակցել նման ուժերի հետ», — ասել է Գյուտերսը:

Չնայած մռայլ բացմանը՝ Բեռլինալեի երեկոն, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել լավատեսական նոտայով. Ֆիլիպ Ֆալարդոն բեմի վրա ներկայացրել է իր ֆիլմը՝ շրջապատված բոլոր փայլուն դերասանական կազմով։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում, որի համար պատրաստել է հատուկ շոուրիլ: Տեսանյութում կարող եք տեսնել արդադրության շրջանում գտնվող ֆիլմերի բացառիկ կադրեր:

Ինչպես տեղեկացրել է Կինոկենտրոնը՝ Եվրոպական կինոշուկայում կներկայացվի հայկական արտադրության 50 կինոնկար: Տեսահոլովակում ներկայացվում են Նարինե Աբգարյանի «Զուլալի» համանուն վեպի էկրանավորման, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի արտադրական կադրերը:

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Հայաստանը Եվրոպական կինոշուկայում կունենա առանձին տաղավար

Հրապարակվել է

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market): Այս մասին փետրվարի 19-ին՝ ասուլիսում, հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և գեղարվեստականղեկավար Մելիք Կարապետյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով,  դեռևս 2019 թվականին, երբ  ինքը մասնակցել է  Բեռլինի կինոշուկային, ականատես է եղել մի փաստի, որ կինոշուկայում աշխատող հայ կինոգործիչները չունեն տարածք, որտեղ  կարողանան ներկայացնելու իրենց արտադրանքը, կազմակերպելու հանդիպումներ ու միջոցառումներ․ «վերադառնալուն պես, անմիջապես դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի աջակցեն մեզ 2020 թվականին կինոշուկայում սեփական տաղավար ունենալու գործին: Նախարարության պատասխանատուները գնահատելով խնդրի կարևորությունը ընդառաջեցին, և նրանց շնորհիվ մենք արդեն ունենք այդ հնարավորությունը»։

«Հայաստանյան փոքրաթիվ պատվիրակության թիմում է նաև  նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Այցելության ընթացքում հրավեր ունենք Պոտսդամի կինոինստիտուտից, ինչը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու գերմանական կրթական կինոծրագրերին ու գործունեությանը առհասարակ», — նշեց Շուշանիկ Միրզախանյանը:

Միրզախանյանը հայտնեց, նաև որ Ազգային կինոկենտրոնը փոխում է (ռեբրենդինգ) կինոկենտրոնի  լոգոն և բեռլինյան կինոշուկայում արդեն կներկայանան նոր լոգոյով և նոր ոճով։ Ավելի ուշ, պատրաստ կլինի նաև Ազգային կինոկենտրոնի նոր կայքը, որը կունենա նոր ու ժամանակակից հնարավորություններ։

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը հայտնեց, որ  կինոշուկայում ներկայացվելու է շուրջ 50 հայկական ֆիլմ: Հատուկ Բեռլինի կինոշուկայի համար տպագրվել է կատալոգ, որում ներառվել են և կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած, և անկախ ստեղծագործողների ֆիլմերն ու նախագծերը։

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: