Հաշվի առնելով զարգացման արդի փուլում ժամանակակից հայկական կինոարտադրության առջև ծառացած մարտահրավերները, կարևորելով կինոյի մասնագիտական հանրույթի և բիզնես ոլորտը ներկայացնող անհատների, կառույցների և կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցությունը՝ «Գագիկ Ծառուկյան հիմնադրամը» և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր:
«Առաջին անգամն է, որ Հայաստանը Կաննում ներկայացված կլինի երկու տաղավարով», — մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հովհաննես Գալստյանը:
Հուշագրի նպատակն է՝ աջակցել հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկեր գտնելուն, հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը, քրիստոնյա բնօրրան երկիրը՝ որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով՝ Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը:
«Կինոոլորտը զարգացնելու համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի համար ևս հետաքրքրիր փորձառություն է: Սա մեծ ու նոր դաշտ է, ինչին վերաբերվում ենք մեծագույն պատասխանատվությամբ», — ասաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանը:
Կողմերը մտադիր են միավորելով իրենց ստեղծագործական, փորձագիտական և նյութական ռեսուրսները, հայկական կինոյի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորել երկխոսության նոր հարթակ և ծավալել մասնագիտական քննարկումներ կինոգործիչների շահերը ներկայացնող մասնագետների, կինովարձույթի հետաքրքրությունները ներկայացնող փորձագետների, ձեռնարկատերերի իրավունքները ներկայացնող գործիչների և կինոյի քաղաքականության մշակման պատասխանատուների միջև՝ ի նպաստ հայ կինոյի զարգացման:
«Սա պատմական իրադարձություն է, քանի որ Սփյուռքում ապրող հայազգի կինոգործիչների համար Կաննում կհիմնադրվի ֆիլմարտադրողների համար մշակութային դեսպանատուն, որը հնարավորություն կտա միավորել բոլոր հայ կինոգործիչներին Հայաստանում և Սփյուռքում», — եզրափակեց «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» խորհրդի նախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:
Երեկ ԿինոՊրեսը տեղեկացրել էր, որ մարտի 31-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է Կաննում գտնվելու Հայաստանի կինոյի հիմնադրամի դրամաշնորհային ֆինանսավորումը: