Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը հոկտեմբերի 9-ին հանրային քննարկման են ներկայացրել կառավարության որոշման նախագիծ՝ «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին»։
Փաստաթղթի նպատակը, ըստ ներկայացված հիմնավորման, պետական և ոչ պետական աղբյուրներից կինոյի ազգային դրամագլխին ֆինանսական հատկացումների և դրանց բաշխման գործընթացի հստակեցումն է։ Նախագիծը դիտարկվում է որպես մի քայլ՝ ուղղված Հայաստանի կինոարդյունաբերության կայուն զարգացմանն ու ֆինանսական կառավարման թափանցիկությանը։
Նախագծով սահմանվում է, որ դրամագլխին հատկացումները կարող են իրականացվել ինչպես պետական բյուջեից, այնպես էլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։ Բացի այդ, Կինոյի ազգային մարմինը կկարողանա մոնիթորինգ իրականացնել ազգային ֆիլմերի ցուցադրության և հեռարձակման եկամուտների վերաբերյալ՝ ապահովելով հաշվետվականություն և վերահսկողություն։
Ըստ նախագծի, պետական բյուջեից նախատեսված, բայց չօգտագործված միջոցները կվերաբաշխվեն և մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը կփոխանցվեն դրամագլխին։ Այլ աղբյուրներից փոխանցված գումարները կօգտագործվեն միայն Կինոյի ազգային մարմնի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերով՝ նախարարության համաձայնությամբ։
Ընդունման դեպքում նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2026 թվականի հունվարի 1-ից։
Հիշեցնենք, որ համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի՝ ընդունված 2021 թվականին, կառավարության կողմից նախատեսված ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։ Ներկայացված նախագիծը այս իմաստով համարվում է ուշացած, սակայն կարևոր քայլ՝ ոլորտի կարգավորման և պետական աջակցման համակարգի ավարտին հասցնելու ուղղությամբ։
Նախագծով նախատեսվում է գործարկել Հայաստանի կինոթատրոնների և հեռուստաընկերությունների կողմից՝ պետական մասնակցությամբ կամ առանց պետական մասնակցության ստեղծված ազգային ֆիլմերի ցուցադրությունից և հեռարձակությունից, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրման միջոցով ստացված եկամուտների 10 տոկոսի փոխանցման մեխանիզմը դրամագլխին։
Քննարկումը տևելու է մինչև հոկտեմբերի 27-ը:






























