Connect with us

Հայաստան

Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 2

Հրապարակվել է

ԿինոՊրեսը շարունակում է «Կինոարվեստը և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.» հոդվածների շարքը, որոնցով հանդես է եկել Հայաստանի Ազգային Արխիվը ներկայացնելով դրանք «Բանբեր Հայաստանի արխիվներից» գիտահանրամատչելի հանդեսի ներգո: Գուցե մեր անցյալը օգնի հասկանալ ներկան և գտնել խնդիրների լուծման ճանապարհը:

«Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1» կարդացեք այստեղ:

«Հետպատերազմյան առաջին տարիներին իշխանությունները լուրջ ուշադրություն էին դարձնում կադրերի հարցին՝ հատկապես չափազանց մեծ քանակի պատճառով: Այս հարցով առանձնակի շահագրգռված էին մոսկովյան պատկան մարմինները: Օրինակ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարի տեղակալ Ն.Սակոնտիկովի 1948թ. հուլիսի 20-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի կադրերի գծով քարտուղար Ա.Քոչինյանին ուղղած գրության մեջ սուր ձևով հենց այս հարցն առաջադրեց:

Նրա կարծիքով ՀԽՍՀ կիոֆիկացիայի և կինոսպասարկման վիճակը զգալիորեն վատթարացել էր կինոմատոգրաֆիայի նախարարության և կինոֆիկացիայի շրջանային բաժինների իրենց կոչմանը չհամապատասխանող բավականին մեծաքանակ ղեկավար կազմով: Մոսկովյան վերադասի ստուգումների արդյունքում բացահայտվել էր, որ կինոֆիկացման մարմինները լցված են անհրաժեշտ որակ ապահովել չկարողացող մարդկանցով, անգամ «գողերով և խաբեբաներով»:

Պատասխանում ընդունելով քննադատությունները նշվում էր, որ իրոք կինոցանցում աշխատում են ցածրորակ, քաղաքականապես չպատրաստված և գործնական հատկանիշներով իրենց կոչմանը չհամապատասխանող աշխատակիցներ: Արդյունքում փոխվել էր կինոֆիկացիայի վարչության պետը և կինեմատոգրաֆիայի նախարարի տեղակալը, շրջանային կինոբաժինների և կինոթատրոնների մեծ մասի ղեկավարները: ՀԿ(բ)Կ Կենտկոմի Կադրերի բաժինը ծրագիր էր իրականացնում նրանց «ստուգված, քաղաքականապես պատրաստված, կուլտուրական կադրերով» փոխարինելու համար:

1947թ. հոկտեմբերի 21-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի Բյուրոն ընդունել էր «Գյուղական բնակչության կինոսպասարկման վիճակի մասին» որոշում, որի կատարման արդյունքների ընթացքն ամփոփվեց Բյուրոյի 1949թ. մայիսի 24-ի նոր որոշմամբ: Ի դեպ, այս նոր որոշման օրինակն ուղարկվել էր նաև ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիայի նախարարություն:

Բյուրոյի որոշման մեջ շեշտվում էր հանրապետության բնակչության կինոսպասարկման «ծայրահեղ անբավարար» վիճակը: ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի նախարարությունը քննադատվեց արտադրական պլանները պարբերաբար չկատարելու համար: Օրինակ, հաճախելիությունը կազմում էր ընդամենը 66,6 տոկոս, իսկ հավաքվող գումարը՝ 67 տոկոս: Առավել, քան վատթար էր կոլտնտեսային կինոսարքավորումների վիճակը՝ 139-ից 53-ը չէին աշխատում: Մի շարք շրջանների գյուղերում տարվա ընթացքում ոչ մի կինոնկար չէր ցուցադրվել: Այսինքն, Կինեմատոգրաֆիայի նախարարությունը փաստացիորեն չէր կատարել յուրաքանչյուր գյուղում ամսեկան 1-2 ֆիլմի պարտադիր ցուցադրման մասին բյուրոյի 1947թ. հոկտեմբերի 21-ի որոշումը: Բարձիթողի վիճակում էր շրջիկ կինոհարմարանքների վերանորոգման գործը:

Այս ամենի համար մեղադրվեց Կինեմատոգրաֆիայի նախարարությունը, որը չէր ապահովում կինոֆիկացման աշխատանքի ժամանակին և հստակ ղեկավարությունը, որովհետև բացակայում էր շրջանների առանձնահատկություններին համապատասխան աշխատանքի գործնական ծրագրավորում: Այս պարագան նշվեց նաև նախարարության կադրային քաղաքականության հարցում:

Այսուհանդերձ, Բյուրոն նախարարությանը խստորեն պարտավորեցրեց վճռական միջոցառումներ ձեռնարկել բնակչության կինոսպասարկման վիճակը արմատապես բարելավելու ուղղությամբ, ապահովել արտադրական պլաննների հարյուր տոկոսանոց կատարում, վերջ տալ աշխատանքի ձևական ծրագրավորման և սխալ հաշվառման «վտանգավոր պրակտիկային» և ելնել շրջանների կոնկրետ պայմաններից, պայքարել շահութաբերության համար: Նախարարության ապարատը պետք է նորացվեր որակյալ և փորձառու աշխատողներով, մեկամսյա ժամկետում պետք է գործեին անգործության մատնված կինոսարքավորումները:

Իրենց հերթին ֆինանսների նախարարությանը պարտավորեցրեցին ուժեղացնել կինոֆիկացիայի մարմինների նկատմամբ վերստուգման աշխատանքները, իսկ հանրապետական թերթերին էլ՝ պարբերաբար լուսաբանել և լայնորեն քարոզել խորհրդային ֆիլմերը:

Որոշ շրջկոմներ դատապարտվեցին կոմունիստական դաստիարակության գործում կինոյի կարևորագույն դերակատարման թերագնահատման համար: Ըստ այժմ, շրջանների ողջ բնակչության ընդգրկումը կինոցուցադրության ասպարեզում արդեն համարվեց կուսակցական աշխատանքի կարևորագույն խնդիր: Ավելին, բոլոր շրջկոմների քարտուղարներին հրահանգվեց անձամբ քննարկել և հաստատել շրջիկ կինոհարմարանքների ուղենիշը, բյուրոներում պարբերաբար լսելով շրջկինոբաժինների պետերի հաշվետվությունները:

Խիստ հանձնարարականներ տրվեց կինոթատրոնների տնօրենների և շրջկինոբաժինների պետերի քաղաքականապես գրագետ, կուլտուրական, որակյալ և մասսայական-կազմակերպչական աշխատանքի փորձ ունեցող աշխատողներով փոխարինելու վերաբերյալ: Աշխատանքից ազատվեց Կինեմատոգրաֆիայի նախարար Ս.Գասպարյանը՝ որպես ոլորտի ղեկավարումը չապահովող:

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարությունից խնդրվեց ավելացնել ՀԽՍՀ-ին տրամադրվող կինոնկարների պատճեների քանակը և Երևանի կինոստուդիային էլ թույլատրել չկրկնօրինակված ֆիլմերի համար հայերեն լեզվով բացատրական ժապավեններ թողարկել, և հաշվի առնելով ՀԽՍՀ-ում ադրբեջանական բնակչության առկայությունը՝ ուղղարկել ադրբեջաներեն լեզվով ֆիլմեր: Այս հարցերը ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարության կողմից ամբողջությամբ լուծվեցին, ինչի մասին արդեն 1949թ. հունիսի 23-ին տեղեկացվեց Գր.Հարությունյանին:

Կարևորելով քաղաքական տեսանկյունից դեպուտատների տեղական խորհուրդների ընտրությունները Կինեմատոգրաֆիայի նախարարությունը 1947թ. նոյեմբերի 14-ին հատուկ հրամանով ծրագիր էր հաստատել այդ նպատակով բնակչության կինոսպասարկման ապահովման համար:

Մասնավորապես, նախատեսվում էր կինոն օգտագործել մասսայական-քաղաքական աշխատանքներում և զեկույցների, դասախոսությունների, զրույցների ժամանակ: Կինոթատրոնները պետք է «կուլտուրական վիճակի» բերվեին, գեղարվեստորեն ձևավորվեին և ապահովվեր ճակատների գովազդի բարձր որակ: Կուսակցական մարմինների ագիտ-քարոզչական բրիգադների կողմից անցկացվող միջոցառումները պարտադիր կերպով պետք է ապահովվեին շրջիկ կինոսարքավորումներով:

Խորհրդահայ կինոարվեստում տիրող անմխիթար իրավիճակում անհանգստացած էր նաև մոսկովյան վերադասը: ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիայի նախարար Ի.Բոլշակովը 1948թ. հունվարի 24-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի և կառավարության ղեկավարներ Գր.Հարությունյանին և Ս.Կարապետյանին ուղղած նամակում բարձրացնում էր «Հայֆիլմ»-ի աշխատանքների բարելավման հարցը:

Նա առանձնապես անընդունելի էր համարում սցենարների ոլորտում տիրող անմխիթար վիճակը. «Հայաստանի գրողները չեն ստեղծել արտադրություն թողարկման համար պիտանի ոչ մի գրական կինոսցենար»: Մյուս կողմից, քննադատվում էր նաև նշանակալից միջոցներ ծախսելուց հետո եղած մի քանի սցենարների գաղափարա-գեղարվեստական տեսանկյունից թույլ լինելը: Այս ամենի արդյունքում փաստորեն կինոստուդիայի ստեղծագործական աշխատողների մեծ մասը երկար ժամանակ պարապուրդի մեջ էր գտնվում:»

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 4

Հրապարակվել է

ԿինոՊրեսը շարունակում է «Կինոարվեստը և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.» հոդվածների շարքը, որոնցով հանդես է եկել Հայաստանի Ազգային Արխիվը ներկայացնելով դրանք «Բանբեր Հայաստանի արխիվներից» գիտահանրամատչելի հանդեսի ներգո: Ներկայացնում ենք վերջին մասը: Գուցե մեր անցյալը օգնի հասկանալ ներկան և գտնել խնդիրների լուծման ճանապարհը:

  • «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1» կարդացեք այստեղ:
  • «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 2» կարդացեք այստեղ:
    «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 3» կարդացեք այստեղ:

«Հետպատերազմյան ժամանակաշրջանում խիստ հրատապ անհրաժեշտություն էր մնում Երևանի կինոստուդիայի համար նոր շենքի կառուցումը, քանզի նախկինը վաղուց արդեն չէր բավարարում անգամ նվազագույն պահանջներին: Թեպետ այս մասին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարությունը դեռ 1950թ. համապատասխան որոշում էր ընդունել, սակայն հարցի լուծումը ձգձգվում էր: Թե այս և թե կինոստուդիայի տեխնիկական վերազինման հարցով ՀԽՍՀ կինոմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանը հանգամանալից և փաստարկված զեկուցագրով 1951թ. ապրիլի 4-ին դիմեց ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիայի նախարար Ի.Բոլշակովին, ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի նախագահ Ս.Կարապետյանին և ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Զ.Գրիգորյանին:

Անգամ այնպիսի մակերեսային թվացող հարց, ինչպիսին կինոթատրոնների անվանումներն էին, կրկին լուծվում էին միայն կուսակցական վերադասի թույլտվությամբ: Այսպես, 1950թ. նոյեմբերի 24-ին Կինեմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանը դիմեց ՀԿ(բ)Կ Կենտկոմին խնդրելով թույլատրել Երևանի կինոթատրոնների անվանափոխություններ կատարել: Ավելին, ՀԿ(բ)Կ Կենտկոմ էր ուղարկվում նույնիսկ կինոթատրոններում ցուցադրված ֆիլմերի ցանկերը, օրինակ՝ Լենինականի:

Անշուշտ, մշակույթի ընդհանուր զարգացման նկատմամբ իշխանությունների համալիր հոգատարությունը պայմանավորված էր նաև մշակութային օջախների ու հաստատությունների շենքային պայմանների բարելավմամբ: Հետպատերազմյան շրջանում նկատի ունենալով ֆինանսա-տնտեսական հնարավորությունների անհամեմատ աճն իրական պայմաններ ստեղծեց հարցի արմատական լուծման համար: Արդեն 1954թ. մարտի 25-ին հարցի վերաբերյալ Կուլտուրայի նախարար Ա.Շահինյանը հանգամանալից զեկուցագիր հղեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Թովամսյանին:

Այդտեղ նա ծայրահեղ անհրաժեշտություն էր համարում ներքոհիշյալ օբյեկտների շինարարությունը՝ յուրաքանչյուրի հիմնավորմամբ: Երևանի կինոստուդիան գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ Տերյան փողոցում և նրա տեխնիկական պայմանները միանգամայն հեռու էին բավարար լինելուց: ԽՍՀՄ Կուլտուրայի նախարարությունը կողմ էր նոր կինոստուդիայի շինարարությանը, սակայն անհրաժեշտ էր համարվում ՀԽՍՀ ղեկավարության անմիջական դիմումը մոսկովյան վերադասին:

Ընդառաջելով այս ամենին Ա.Թովմասյանը 1954թ. ապրիլին հարցի լուծման խնդրանքով դիմեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Պ.Պոսպելովին Երևանի կինոստուդիայի համար նոր տիպական շենք կառուցելու համար:

Խորհրդային կինոարվեստում տիրող լուրջ բացթողումների վերլուծումն ու քննադատումը կատարվեց ԽՄԿԿ Կենտկոմին 1955թ. մայիսի 20-ին ԽԱՀՄ Կուլտուրայի նախարար Ն. Միխայլովի զեկուցագրում: Այդտեղ ռեժիսորները հատկապես մեղադրվում էին խորհրդային ժամանակակից թեմայով ֆիլմեր նկարահանել չցանկանալու մեջ:

1956թ. ապրիլի 15-ին Կուլտուրայի նախարարության կոլեգիան հաստատեց ԽՄԿԿ 20-րդ համագումարի որոշումների կենսագործմանը միտված միջոցառումների ծրագիր: Մշակույթի ղեկավարմանը կոչված բոլոր գերատեսչություններին հանձնարարվեց իրենց աշխատանքի հիմքում դնել համագումարի որոշումները, կազմակերպել դրանց ուսումնասիրությունը, վերանայել աշխատանքային բոլոր պլանները: Կինոֆիկացիայի ասպարեզում առաջնահերթ խնդիր համարվեց գյուղական կինոցանցի բարելավման գործի պատասխանատվության բարձրացումը, օպերատիվ ղեկավարության և շրջանների հետ կապի ուժեղացումը, կինոնկարների գովազդման արմատական բարելավումը, գյուղկինոմեխանիկների որակի բարձրացմանը առավելագույն ուշադրության դարձնումը՝ «լավագույն» կոմերիտական-կոմերիտուհիների ընդգրկմամբ:

Կարևոր նշանակություն պետք է ունենար տարեկան առնվազն երեք գեղարվեստական լիամետրաժ կինոնկարների թողարկումը, իսկ քաղաքական տեսանկյունից՝ կինոակնարկներում համագումարի որոշումների պարբերաբար քարոզչությունը և տնտեսության ու մշակույթի ասպարեզներում դրանց կենսագործման ցուցադրությունը:»

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը վերսկսել է աշխատանքը

Հրապարակվել է

Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը (ԻՖԿԱ) տարածել է հաղորթագրություն, որ ապրիլի 6-ին տեղի է ունեցել առցանց հանդիպում Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի ԻՖԿԱ համահիմնադիրների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել դեռևս 2019 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Հայ Կինոյի Զարգացման Ռազմավարության Կոնֆերանսը:

«Փոխնախարարի հետ հեռահար ամփոփիչ հանդիպմանը կոնֆերանսի թեմաներին անդրադարձ եղավ՝ ըստ ռազմավարությունների ցանկի ու դեռ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթության։ Արծարծվեցին կինոարտադրության պետական ֆինանասավորման դաշտում դեռևս առկա կենսական նշանակության բացերը: Փոխնախարարը վերահաստատեց պատրաստակամությունը՝ համագործակցել հատկապես այնպիսի հիմնահարցային եզրերում, ինչպիսիք են. պետության և կինոարտադրողի հետ պայմանագրերի իրավական հիմքերի վերանայումը, հստակեցումը և առկա խնդիրների շտկումը; պետական ֆինանսավորման ազգային մարմնի ինստիտուտի որակական կառավարման խնդիրներն ու հնարավոր լուծումները; ոչ բավարար պետական, մասնավոր և արտասահմանյան ներդրումներին ուղղված ռազմավարությունները։

ԻՖԿԱ-ն փոխնախարարին հանձնեց կոնֆերանսի արդյունքների ամփոփագիրն ու հանձն առավ` կարճ ժամկետներում ներկայացնել առանձին ռազմավարական միջոցառումներին ուղղված մի շարք փաստաթղթեր:

Հեռահար հանդիպման ընթացքում ԻՖԿԱ-ն ներկայացրեց նաև COVID-19 համաճարակի հետևանքով կինոոլորտում ծագած խնդիրների լուծման և դաշտի ճգնաժամային կառավարման քայլերի առաջարկ։ Վերջին ամիսներին Հայաստանում և աշխարհում ներդրված տեղաշարժի և գործունեության սահմանափակումները մեծապես ազդում են մեր ոլորտի վրա, որտեղ ուղիղ շփումն ու թիմային աշխատանքը կենսական դեր ունեն։ Ծանոթանալով միջազգային փորձին՝ մենք առանձնացրել ենք որոշակի քայլերի ռազմավարություն, որը կառավարությանը կօգնի մեղմել համաճարակի ազդեցությունն ինչպես այս օրերին, այնպես էլ՝ երկարաժամկետ, երբ գալիք ամիսներին միայն ակնհայտ կդառնա կինոգործիչների և պետության կրած իրական վնասի չափը։ Փոխնախարարը սիրով ընդունեց առաջարկներն ու ցանկություն հայտնեց սերտորեն համագործակցել՝ համատեղ իրականացնելով ճգնաժամի պայմաններում իրավիճակի գնահատման, վտանգների կանխարգելման ու ոլորտի աջակցության աշխատանքներ։ Համայնքի մեր գործընկերներին ևս կոչ ենք անում մեզ ներկայացնել սեփական մտահոգություններն ու առաջարկները, որոնք անպայման միասին կքննարկենք ու կներառենք կառավարության հետ մեր համագործակցության աշխատանքային օրակարգում»:

2019 թ. դեկտեմբերի 1-ին Աղվերանում տեղի ունեցած Հայ Կինոյի Զարգացման Ռազմավարության Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՖԿԱ Հայաստանի Անկախ Կինոգործիչների Համայնքի կողմից և աջակցություն ստացել ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության կողմից։ Կոնֆերանսին ներկա էին շուրջ երեսուն կինոգործիչ, Ազգային Ժողովի, Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի, Զբոսաշրջության Պետական Կոմիտեի և առնչվող ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ և առցանց արտասահմանյան խոսնակներ:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մարգարիտա Գրիգորյանը թողնում է Հ1-ի տնօրենի պաշտոնը

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:

Հրապարակվել է

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներԻնձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։

Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։

Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։ Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։ Առողջություն բոլորիս, կտեսնվենք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, ապրիլի 17-ին տեղի էր ունեցել արտահոսք: ՀՀ վարչապետի ուղիղ եթերի ժամանակ արված տեխնիկական փորձերի կադրերը լայն տարածում էին գտել համացանցում և դարձել ծաղրանքի առարկա: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել էր բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները` Արմենիա ԹիՎի, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա 5-րդ ալիքը:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: