Connect with us

Հայաստան

Կայացել է «Կինոարվեստի մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակի առաջին ծանոթությունը

Հրապարակվել է

Շուրջ 8-ամսյա ծավալուն աշխատանքներից՝ նախնական ուսումնասիրություններ, ֆոկուս-խմբային մի քանի տասնյակ հանդիպումներ, բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական քննարկումներ, միջազգային փորձագիտական գնահատումներ և այլն, այսօր կայացավ ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ մշակվող օրենքի նախագծի առաջին տարբերակի ներկայացումը:

Աշխատանքային խումբը՝ որպես ծանոթացման գործընթացի սկիզբ, առաջին հանդիպումն ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վահագն Թևոսյանի և Աննա Կոստանյանի հետ:

Նախագիծը մասնագիտական լուրջ ու սկզբունքային բանավեճերի արդյունքում ստացել է «ՀՀ օրենքը կինոարվեստի մասին» անվանումը:

«Կինոարվեստի մասին ՀՀ օրենքի» նախագծի առաջին տարբերակը առաջիկա օրերին կներկայացվի նաև կինոկազմակերպություններին, կինոարտադրող ընկերություններին, ինչպես նաև կդրվի հանրային լայն քննարկման, որից հետո՝ քննարկելով բոլոր ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, աշնանը սպասվող մի քանի նոր միջազգային փորձագիտական դիտարկումները, օրենքի նախագիծը Ազգային Ժողով կներկայացվի վերջնական տեսքով:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Կինոկենտրոնի տնօրինությունը մինչ Բեռլին մեկնելը աշխատանքից ազատելու որոշումներ է ուղարկել

Հրապարակվել է

Փետրվարի 27-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կինոկենտրոնի կողմից մինչ Բեռլինի Եվրոպական կինոշուկա մեկնելը աշխատանքից ազատման ծանուցագիրների ուղարկման մասին: Ծանուցումները ստորագրված են 2020 թվականի փետրվարի 20-ին:

«Երեկ նամակ եմ ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի մի քանի աշխատակիցներից, ովքեր բարձրաձայնում են, որ փետրվարի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության կողմից իրենց են ներկայացվել ծանուցագրեր, որով կառուցվածքային փոփոխություններ հիմնավորմամբ՝ աշխատակիցների մի մասին տեղեկացվել է հաստիքը լուծարելու պատճառով ս/թ ապրիլի 30-ից աշխատանքից դուրս մնալու մասին, մյուս մասին արվել է համագործակցությունը շարունակելու առաջարկ։ Աշխատակիցները հայտնում են մտահոգություն առ այն, որ աշխատանքի և համագործակցությունը շարունակելու առաջարկ չի արվել այն մարդկանց, ովքեր ոլորտին հատուկ մասնագիտական կրթություն ունեն, նաև բարձր որակավորում ու տարիների փորձառություն։ Սա հարցի մյուս կողմն է։

Հիմա ամենակարևորը․ այս քայլի հապճեպությունը մտածելու տեղիք է տալիս` ինչո՞վ է պայմանավորված այս կառուցվածքային փոփոխությունների հրատապությունը, հատկապես, երբ Ազգային կինոկենտրոնը հրաշալի տեղյակ է, որ Ազգային ժողովը, իմ նախաձեռնությամբ, այս պահին արդեն իսկ զբաղվում է Կինոյի մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որն այս պահին վերջնականացման փուլում է և ընդամենն օրերի հարց է նախագիծը շրջանառության մեջ դնելը։ Նշեմ, որ այս նախագիծը նախատեսում է նաև կինոյի պետական կառավարման ազգային մարմնի նոր կառուցվածք։

Ուշադրության պետք է արժանացնել նաև այն հանգամանքը, որ ծանուցագրերը տրվել են առանց հիմնարկի կառուցվածքային փոփոխությունները վկայող փաստաթղթի՝ աշխատակիցներին զրկելով դրան հանգամանալից ծանոթանալու, փոփոխությունների անցկացման անհրաժեշտության տրամաբանությունը հասկանալու, հիմնավորումն ըմբռնելու հնարավորությունից, և միայն ծանուցումից 3 օր անց աշխատակիցներին տրամադրվել է հաստիքացուցակ, որը բովանդակային միանգամայն այլ բնույթի փաստաթուղթ է, ընդ որում, այս հաստիքացուցակը, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի մայիսի 1-ից, չի պարունակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատման ամսաթիվը, ինչը վիճարկելի է դարձնում ժամկետից շուտ 21.02.2020թ․ աշխատողներին տրված ծանուցագրերի օրինականությունը, կազմվել է Ազգային կինոկենտրոնի գլխավոր հաշվապահի կողմից, ով, ըստ էության, չունի դրա իրավասությունը։ Առանց մրցույթի և առանց ատեստավորման մի շարք աշխատակիցների ծանուցումով առաջարկվել են նոր հաստիքներ։ Չկա նաև նոր կառուցվածքի վերաբերյալ քննարկման արձանագրություն կինոկենտրոնի աշխատակիցների հետ, ինչը նշանակում է, որ կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով, ի դեպ, 2017-ից է ժ/պ-ի կարգավիճակում, կայացրել է միանձնյա որոշում։

Պաշտոնական նամակներով դիմելու եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու այս փոփոխությունների իրավաչափությունը, Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հասկանանք, թե արդյոք նոր Հայաստանում նմանօրինակ ձևով են արդյոք շարունակելու իրականացվել այսպես կոչված փոփոխությունները, և վերջապես Հայաստանի ազգային կինոկենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարին՝ պարզելու իր քայլերի տրամաբանությունն ու հապճեպությունը։ Վստահ եմ` այնտեղ տեղյակ են ՀՀ Կինեմատոգրաֆիայի կամ Կինոյի մասին օրենքի նոր նախագծում նախատեսվող ազգային կինոյի պետական նոր մարմնի կազմավորման մասին։

Եթե պետական գերատեսչությանը ենթակա կառույցն այսօր լրջորեն չի վերաբերվում երկրի օրենսդիր մարմնին, ապա ես ցավում եմ, որ ակնկալվող փոփոխություններն այս ուղղությամբ են շարունակում ընթանալ»։

Պատգամավորը կից ներկայացրել է փաստաթղթերի լուսանկարները:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Հայկական կինոարդյունաբերության ոչ թափանցիկ գործելաոճը

Հրապարակվել է

Հաճախ ենք կարդում քաղաքական հոդվածներ, որտեղ կարևորվում է թափանցիկությունը: Նոր Կառավարությունը, նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց վստահությունը պետական մարմինների նկատմամբ, ինչպես նաև պետական պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը, նախաձեռնում է տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ապահովմանը:

Տարբեր ոլորտների թափանցիկության արդյունքները մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ, կարդում ենք լրահոսը: Կինոարդյունաբերությունը այն ոլորտների ցանկից է, որի նորությունները մնում են մարդկանց նեղ շրջանակում կամ ընդհանրապես չեն հրապարակվում:

ԿինոՊրեսը արդեն անդրադարձել է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի Եվրոպական կինոշուկայում ներկայությանը, որը անցկացվում էր Բեռլինի միջազգային կինոշուկայի շրջանակում: Ինքը՝ Կինոկենտորնը բազմիցս լույս է սփռել իր կատարած աշխատանքի վրա, սակայն, եթե այլ երկրներում մենք նկատում ենք արդյունքների արագ հրապարակում, Հայաստանում ամեն ինչ հակառակ է աշխատում: Տեղեկությունը կամ չի հրապարակվում, կամ ակնարկ է կատարվում, կամ կիսատ է հրապարակվում:

Եվրոպական կինոշուկան անցկացվում է փետրվարի 20-27-ը: Հետևելով այլ երկրների մամուլին մենք տեղեկանում ենք, որ Ռուսաստանը արդեն տեղեկացրել է իր գոծունեության արդյունքների մասին: Մոսկովյան 16 ընկերություններ «Created in Moscow. Russian films for global audiences» շնորհանդեսի շրջանակում ներկայացրել են իրենց նախագծերը Եվրոպական կինոշուկայում: Մոսկվայի արտահանման կենտրոնի կողմից «Ռոսկինոյի» հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումն այցելել են ավելի քան 80 միջազգային գնորդներ եւ պրոդյուսերներ: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսկինոյի» կայքից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գիտենք, որ տպագրվել է կատալոգ, որը պարունակում է տեղեկություն 2019-2020 թթ հայկական 50 ֆիլմերի մասին, և որ տաղավարում շատ հայեր են եղել, որոնք հանդիպել են Ուզբեկստանի և Վրաստանի ներկայացուցիչների հետ, այցելել են Film University Babelsberg համալսարան: Կինոկենտրոնի տեղեկատվության միակ աղբյուրը՝ իրենց ֆեյսբուքյան էջը կիսվում է Բեռլինում անցկացրած օրերի տպավորություններով, սակայն գործնական իրականությունը մնում է կադրց դուրս:

Հայկական կինոարդյունաբերույթան թափանցիկության մասին խոսելը դժվար է: Կինոկենտրոնի միջոցառումների մասին տեղեկանում ենք այն կադրերից, որոնք տեղադրվում են ֆեյսբուքյան էջում: Մեզ տեղեկացնում են բուն միջոցառման մասին, բայց ոչ արդյունքների մասին: Տարվա սկզբից Կինոկենտրոնը հասցրել է մասնակցել Ռոտերդամի կինոփառատոնին, Եվրոպական կինոշուկայում (Բեռլին), կազմակերպել «Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»: Բոլոր այս միջոցաժումները ավարտվել են արանց հաշվետվության և արդյունքների ներկայացման:

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնից ակնկալում ենք հաշվետվություն և տեղեկատվություն հայկական կինոնախագծերի վերաբերյալ:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

«Տատիկիս վարսերը» ֆիլմի պրոդյուսերի բաց նամակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

Հրապարակվել է

«2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ եւ կեղծ միջոցառումների հղումով», — նշվում է կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակում:

KinoPress.am-ը ներկայացնում է բաց նամակն ամբողջությամբ.

«Բաց նամակ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար
Պարոն Արայիկ Հարությունյանին

Ս.թ փետրվարի 23-ին Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկայում կնքվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ արտադրության պայմանագիր, որով ֆիլմի Եվրոպացի գործընկերները ստանձնել են 116 մլն ՀՀ դրամի ներդրման պարտավորություն: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այս ներդրումները կարող են հանգեցնել եւս 60 մլն դրամի ներդրման մոտ ապագայում:

«Տատիկիս վարսերը» այն ֆիլմն է, որի արտադրությունը 2 տարի առաջ ապօրինի կասեցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ԿԳՄՍ, նախկինում՝ Մշակույթի նախարարության կինոյի պատասխանատուների կողմից: Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսեւորումներով, որոնց վրա ցանկանում եմ հրավիրել Ձեր եւ հանրության ուշադրությունը:

Ս.թ Հունվարի 8-ին, ես դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Բեռլինում անցկացվող Եվրոպական կինոշուկային մասնակցելու դրամաշնորհ ստանալու նպատակով (ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11005. Աջակցություն կինոարվեստին» բաժնի «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետի համաձայն):

Փետրվարի 5-ին ստացել ենք ԿԳՄՍ նախարարության՝ Արայիկ Խզմալյանի ստորագրությամբ մերժումը, մասնավորապես՝ «կինոշուկայի մասնակցության համար հավելյալ միջոցներ նախատեսված չեն» հիմնավորմամբ: Մենք տեղեկացրել ենք գործընկերներին եւ ընդունել պատասխանը ի գիտություն:

Մի քանի օր անց, նախարարությունը բյուջեի նույն՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրմաշնորհ է հատկացրել այլ ռեժիսորի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի “Գիրը՝ էկրանին” կինոփառատոնին մասնակցելու համար: Ապա, նախարարությունը մեկ այլ դրմաշնորհ է հատկացրել Եվրիմաժի ՀՀ ներկայացուցչին՝ Բեռլինի կինոփառատոնին մասնակցելու համար:

Սրանով ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է մեր հիմնավոր կասկածները, որ պայքարը մեր դեմ մեկ ֆիլմի կասեցմամբ չի սահմանափակվում։ Այն վերաճել է բոլոր ճակատներով բաց հակամարտության եւ մերժումը պետք է ընկալել այսպես՝ «Հարգելի պարոն Գալստյան, ՀՀ բյուջեում միջոցներ նախատեսված չեն բացառապես եւ միայն Ձեր մասնակցության համար»:

Հարգելի պարոն նախարար, «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեմ այս արշավը որեւէ տրամաբանական բացատրության չի դիմանում։ Սա, թերեւս պետք է ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պետական ապարատը ամբողջ ուժով դիմադրում է առաջընթացին» դիտարկման համատեսքստում: Պատկերացրեք իրողություն, երբ Եվրոպական կինոշուկայի ՀՀ տաղավարում կնքվում է հայկական ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանագիր: Այդ մասին գրում է Եվրոպական կինոմամուլը, դրա վրա սեւեռվում է կինոշուկայի ուշադրությունը։ Համաձայնեք՝ լավ պատկեր է։ Հիմա պատկերացրեք Բեռլինալեի վրա ահռելի միջոցներ ծախսած ՀՀ պատվիրակության վերադարձը Բեռլինից առանց որեւէ շոշափելի արդյունքի։ Համադրեք եւ կտեսնեք վարչապետի թեզի իրատեսությունը:

Այժմ վտանգների մասին: Փետրվարի 21-ին Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում կինոփառատոն չի անցկացվել: «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը տեղի է ունենալու աշնանը: ԿԳՄՍ նախարարության կողմից տրված առաջին Դրամաշնորհի հիմքում դրված ծրագիրը ապատեղեկատվություն է, կեղծիք:

Բեռլինալեի օրերին Եվրիմաժը չի անցկացրել պաշտոնական հավաք, չի եղել նախագծերի քննարկում, եղել է Եվրիմաժի կոկտեյլը՝ փառատոնի մասնակիցների եւ հյուրեի համար, որին մասնակցությունը կրել է բացառապես մասնավոր բնույթ: ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեից հոգում է ՀՀ ներկայացուցչի աշխատավարձն ու բոլոր ծախսերը Եվրիմաժի պաշտոնական հավաքներին։ Հետեւաբար ծրագրում նշված հիմքերը ակնհայտորեն բավարար չեն մասնավոր ուղեւորության դրամաշնորհի համար:

Բեռլինալեին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանի մասնակցության փաստը նույնպես տարօրինակ է: Կինոշուկաները կազմակերպվում են ինդուստրիայի ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, վաճառքի գործակալների, տարածողների համար եւ կառավարության ներկայացուցիչները կինոշուկաներում հազվադեպ են երեւում:

2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ եւ կեղծ միջոցառումների հղումով: Սա խոսում է կինոյի պետական կառավարման աննախադեպ մասնագիտական անկման մասին։

Ես լիահույս եմ, որ կստանամ Ձեր արձագանքը վերոնշյալի վերաբերյալ, որպեսզի վստահ լինեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի քաղաքականությունը կինոյի կառավարման, դրամաշնորհների տրամադրման հարցում, ի մասնավորի, չի շարունակի խտրական վերաբերմունքը մեր ընկերության հանդեպ, որ Դուք չեք այս ամենի հովանավորը եւ սա չի արվում Ձեր անձնական հրահանգով:

Հարգանքով՝
Հովհաննես Գալստյան
կինոռեժիսոր, պրոդյուսեր
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն
25-02-2020, Երեւան»:

Ավելի վաղ կինոռեժիսորը հրապարակել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության 11.02.2020թ., N 127-Ա/2 որոշմումը, որով դրամաշնորհ է հատկացրել Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի մասնակցության ծրագրին։

«Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը Մոնտելիմար քաղաքում անցկացվելու է սեպտեմերի 18-26-ը:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է փետրվարի 21-ին ոչ փառատոնային ծրագրի ժամանակ, այլ Մոնտելիմար քաղաքում գործող «Mémoire et Culture Arméniennes» կազմակերպության և փառատոնի ներկայացուցիչների նախաձեռնությամբ: «Mémoire et Culture Arméniennes» ասոցիացիան ստեղծվել է 2000թ. հոկտեմբերին Մոնտելիմարում Գարբիս Քամբուրյանի և Ժակ Նազարյանի նախաձեռնությամբ: Այս մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ինչպես տեղեկացնում է Nouvelles d´Arménie Magazine պարբերականը՝ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությանը մասնակցել է 80 մարդ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: