Մայիսի 14-ին հրապարակված տեսանյութը, որտեղ Կաննի Marché du Film կինոշուկայում հայկական տաղավարը դատարկ էր, առաջացրեց մտահոգություններ կինոհամայնքի շրջանում։ Այսօր թեմային անդրադարձել էր «ԿինոՊրես»-ը, մատնանշելով մի շարք բաց հարցեր՝ Կինոյի հիմնադրամի մասնակցության թափանցիկությունից մինչև տաղավարի կիրառական արդյունավետություն։
Տեսանյութին և մտահոգություններին ի պատասխան՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ։ Հիմնադրամը տեղեկացնում է, որ տեխնիկական հասանելիությունը տաղավարին բացվել է մայիսի 13-ից, սակայն գործընկերային հանդիպումների հիմնական փուլը նախատեսված է եղել մայիսի 15-ից՝ շուկայի ակտիվ հատվածին համընթաց։ Ըստ հիմնադրամի՝ նման պլանավորումը հիմնված է ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և շուկայի ընթացակարգերի վրա։
Հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնվում մասնագիտական համայնքին՝ արձագանքների և հետաքրքրվածության համար, ինչպես նաև առաջարկվում է ապագայում նման դիտարկումները ներկայացնել համակարգված ձևով՝ ավելի արագ և համատեղ պարզաբանման նպատակով։
Հիմնադրամն ընդգծում է, որ Հայաստանի մասնակցությունը Marché du Film-ին լինելու է ամենամյա, և պատրաստակամություն է հայտնում երկխոսել կինոարտադրողների հետ՝ ձևավորելու «մրցունակ հայկական կինոարտադրական միջավայր»:
Չնայած պարզաբանմանը, մասնագիտական շրջանակներում շարունակվում են հարցերը․ տրվում է, թե որ կոնկրետ հանդիպումներն են տեղի ունեցել, ովքեր են պատվիրակության կազմում և ինչպես է օգտագործվել տաղավարը։ Սա հատկապես ակտուալ է այն պայմաններում, երբ տաղավարի կազմակերպման համար հատկացվել է 5 միլիոն դրամ պետական բյուջեից։
Հատուկ ուշադրության է արժանանում նաև այն, թե ինչպես է տաղավարում ներկայացված Cash Rebate ծրագիրը։ Ծրագիրը գործում է Հայաստանում 2025 թ-ից, սակայն համեմատաբար այլ երկրներից՝ Հայաստանը չի դրսևորում այդ գործիքի ագրեսիվ և թիրախային մարքեթինգային առաջմղում։ Մինչ որոշ երկրների տաղավարներում Cash Rebate-ը ուղեկցվում է կոնկրետ վայրերի օրինակներով, բուկլետներով և անհատական աշխատանքով միջազգային արտադրողների հետ, հայկական տաղավարում նման մոտեցումը կարծես դեռ բացակայում է։
Այնուամենայնիվ, մասնագիտական քննադատությունը նաև վկայում է, որ հայկական կինոյի միջազգային ներկայությունն արդեն կարևոր քննարկման թեմա է դարձել։ Սա ինքնին խոսում է աճող հետաքրքրության, պահանջի և ոլորտի պրոֆեսիոնալների ներգրավվածության մասին։ Մնում է, որ այս ուշադրությունը վերածվի համակարգված աշխատանքի, շարունակական ներկայացվածության և միջազգային համագործակցության իրական հնարավորությունների։