Ութսունութ տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։ «ԿինոՊրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ալեն Ֆաբիենը, Անուշկան, Էնթոնին, ինչպես նաև (նրա շունը) Լուբոն խոր վշտով հայտնում են իրենց հոր մահվան մասին։ Նա մահացել է խաղաղությամբ Դուշիում գտնվող իր տանը՝ շրջապատված իր երեք երեխաների և իր ընտանիքի կողմից»,- ինչպես մեջբերել է աղբյուրը, ասվում է նրա ընտանիքի տարածած հայտարարությունում:
Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես դերասան՝ հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ կերպարով: Ժամանակին նա նկարագրվել է որպես կինոյի ամենագեղեցիկ տղամարդը:
Ինչ դեր էլ խաղում էր նա գերում էր երկրպագուների սրտերը՝ մարդասպանից մինչև խարիզմատիկ ստահակ։
1990-ականներից նրա ֆիլմերում հայտնվելը հազվադեպ էր, բայց նա մնաց հայտնիների շարքում:
Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։
Ալեն Դելոնի մահը։ Աստղը միացավ երկնակամարին: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։
«2012 թվականին նա այցելել է Երևան և եղել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,- գրել է դիվանագետը։