ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:
«Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ:
Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում», – «Տելեգրամ»-ում գրել է ԱԺ նախագահը:
Խնդրահարույց է դառնում «քրեական» ժանրի ֆիլմերի արտադրությունը: Պատգամավորները չեն մանրամասնում «քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմեր» արտահայտության տակ ինչ նկատի ունեն: Նման կերպ քրեական ժանրի ֆիլմերը («Կնքահայրը», «Որոգայթ», «Մի անգամ Ամերիկայում» և այլն.) կարող են համարվել քարոզող արտադրատեսակ, ինչը ուղիղ ձևող խախտում է ԱԺ-ի կողմից «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը: Համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետության` ստեղծագործական գործընթացին միջամտելու բացառումը և երաշխավորում է ազատ ստեղծագործելու ու ինքնաարտահայտվելու հնարավորությունը»: