Հայաստանը զգալիորեն ընդլայնում է իր ներգրավվածությունը եվրոպական մշակութային քաղաքականության հարթակներում։ Եթե նախորդ տարիներին մասնակցությունն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին հիմնականում իրականացվում էր «Մշակույթ» բաղադրիչի շրջանակում, ապա այժմ օրակարգում է ծրագրի երկրորդ՝ MEDIA բաղադրիչին միանալու գործընթացը։ Սա նոր հանգրվան է Հայաստանի մշակութային ինտեգրման ուղում և կարող է խթանել կինոյի ու մուլտիմեդիա ոլորտների զարգացումը։
Հայաստանի հնարավոր անդամակցության մասին առաջին հրապարակային հայտարարությունը հնչեց այս տարվա մայիսի 24-ին՝ Եվրոպական կինոփառատոնի բացման ժամանակ։ Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է հայկական կողմի ներգրավումը MEDIA բաղադրիչում։ Դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին կարևորեց մշակութային համագործակցության ընդլայնման գործընթացը՝ նշելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանին մշակութային ու ստեղծարար նախաձեռնությունների շրջանակում։


Ի՞նչ է MEDIA բաղադրիչը
MEDIA-ն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հիմնական ուղղություններից մեկն է, որն ուղղված է եվրոպական կինոարտադրության, հեռարձակման, դիստրիբուցիայի, թվային փոխակերպման խթանմանը։ Ծրագիրն աջակցում է ֆիլմերի համատեղ արտադրությանը, սցենարների զարգացմանը, փառատոնների կազմակերպմանը, ինչպես նաև շուկայի ընդլայնմանն ու միջազգային տարածմանը։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի համար
Հայաստանում կինոյի ոլորտը վերջին տարիներին տարաբնույթ զարգացում է ապրում, սակայն շարունակվում է ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունության բացակայությունը։ MEDIA բաղադրիչին միանալը կարող է ստեղծել նոր հնարավորություններ՝ մասնավորապես՝
- հայկական ֆիլմերի դիստրիբուցիայի
- համատեղ արտադրությունների իրականացման ընդլայնման,
- մասնագիտական վերապատրաստման ու մենթորության,
- միջազգային շուկաների մուտքի և խթանման,
- կինոինստիտուտների ինստիտուցիոնալ ամրապնդման ուղղությամբ։
Այս ծրագրին մասնակցությունն արդեն արդյունավետ է գործել մի շարք տարածաշրջանային երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի համար։ Հայաստանի ընդգրկումը նաև ենթադրում է կինոյի պետական ռազմավարության, իրավական դաշտի և ինդուստրիալ հարթակների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին։

Ընթացիկ փուլում ի՞նչ է արվում
Հունիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» աշխատաժողովի ընթացքում թեմային անդրադարձ կատարեցին ինչպես ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, այնպես էլ ԵՄ պատվիրակության անդամները։ Քննարկվեց Հայաստանի մշակութային ռազմավարության և ԵՄ մշակութային ուղղությունների համադրման գործընթացը, ինչպես նաև MEDIA բաղադրիչին միանալու նախապատրաստական քայլերը։
Աշխատաժողովին մասնակից փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց այն ընթացակարգերը և իրավական քայլերը, որոնք Հայաստանը պետք է կատարի՝ անդամակցության գործընթացը լիարժեք սկսելու համար։ Նշվեց, որ սա ոչ միայն քաղաքական կամքի, այլև ինստիտուցիոնալ և ֆինանսական պատրաստվածության խնդիր է։
Ակնկալիքներ և մարտահրավերներ
Հայաստանի՝ MEDIA-ին միանալը կարող է ոչ միայն բարձրացնել երկրի տեսանելիությունն եվրոպական մշակութային քարտեզում, այլև խորացնել տեղական ինդուստրիայի կապը միջազգային գործընկերների հետ։ Սակայն միաժամանակ սա պահանջում է համակարգված մոտեցում. պետք է ամրապնդվի կինոյի ոլորտի կառավարումը, ներդրվեն մրցութային ֆինանսավորման թափանցիկ մեխանիզմներ, խթանվի մասնագիտական կրթությունը և ապահովվի մասնավոր-հանրային համագործակցության նոր որակը։
Այս գործընթացը կարող է նաև դառնալ նշանավոր նախադեպ՝ մշակույթը դիտարկելու որպես տնտեսական զարգացման գործոն, այլ ոչ միայն ֆինանսական օգնության մշտական պահանջով ոլորտ։
Հայաստանի նպատակն է ոչ միայն ներկա գտնվել եվրոպական մշակութային իրադարձություններում, այլ մասնակցել որպես հավասար գործընկեր։ MEDIA բաղադրիչը կարող է դառնալ այդ հավասարության ինստիտուցիոնալ հիմքերից մեկը։ Բայց արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունն ունի հստակ քայլերի պլան՝ ապահովելու հայկական կինոարդյունաբերության պատրաստվածությունն այս համագործակցությանը։