Հայաստանի կինոյի հիմնադրամը տարածել է հայտարարություն, որտեղ բացատրել է մրցույթի մասնակիցների նախնական ցանկի հրապարակման ձգձգումը հայտերի նախնական ստուգման շարունակվող գործընթացով։ Սակայն կանոնակարգի մանրակրկիտ ուսումնասիրությունը մի շարք հարցեր է առաջացնում այս գործողությունների թափանցիկության վերաբերյալ։
Հիմնադրամի հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված հայտերի նախնական ուսումնասիրության գործընթացը դեռևս շարունակվում է։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը ներկայումս իրականացնում է ներկայացված հայտերի մանրամասն ուսումնասիրություն՝ ստուգելով դրանց ամբողջականությունն ու Կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։
Ըստ սահմանված ընթացակարգի՝ այն դեպքերում, երբ հայտերում առկա են թերություններ, տեխնիկական սխալներ կամ փաստաթղթերը ներկայացվել են ոչ լիարժեք, Հայտատուներին տրվում է հինգ (5) աշխատանքային օր՝ անհրաժեշտ լրացումներ և շտկումներ կատարելու համար։
Միայն այս ժամկետների ավարտից և ամբողջական փաթեթների վերջնական ներկայացումից հետո հնարավոր կլինի ամփոփել մրցույթի փաստացի մասնակիցների թիվը և հաստատել ընդունված հայտերի վերջնական ցանկը։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մրցույթի մասնակիցների և ընդունված հայտերի թիվը չի հրապարկվել, որպեսզի բացառվի նախնական կամ չհաստատված տվյալների տարածումը։
Տվյալները կհրապարակվեն մրցութային ընթացակարգի ավարտին՝ սահմանված կարգով՝ 30.06.2025 թ.։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ մրցույթին ներկայացված հայտերի նախնական ուսումնասիրություն իրականացնելու համար ազգային մարմնի աշխատակիցների կազմից ձևավորվում է աշխատանքային խումբ։ Ազգային մարմնի աշխատանքային խումբն սկզբում ստուգում է ներկայացված հայտերի ամբողջականությունը ու բովանդակությունը (կետ 26)։ Թերությունների, տեխնիկական սխալների կամ ոչ լիարժեք փաստաթղթերի հայտնաբերման դեպքում մասնակիցներին տրվում է հինգ աշխատանքային օր դրանք շտկելու համար (կետ 27)։ Միևնույն ժամանակ, նախնական ուսումնասիրության ժամկետները կասեցվում են համապատասխան հարցում ուղարկելու պահից և վերսկսվում միայն պահանջված տեղեկատվությունը ստանալուց հետո (կետ 28)։
Կանոնակարգը նաև սահմանում է, որ նախնական ստուգման արդյունքում պահանջներին համապատասխան ճանաչված հայտերը ներկայացվում են փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը (կետ 32), իսկ հետագա մասնակցության համար ընդունված ֆիլմերի ցանկը պետք է հրապարակվի (կետ 37)։ Եվ չնայած կանոնակարգն ուղղակիորեն չի սահմանում մասնակիցների նախնական ցուցակի հրապարակման պահը, գործընթացի տրամաբանությունը ենթադրում է, որ դա պետք է կատարվի ընդունելության ավարտից անմիջապես հետո, որպեսզի ապահովվի մրցույթի թափանցիկությունը և բոլոր կողմերին տրամադրվեն արդի տվյալներ։
Սա հենց այն թերությունների շարքից էր, որոնց մասին բարձրաձայնում էր կինոհամայնքը: Այնուամենայնիվ, Հայաստանի կինոյիհի հիմնադրամի տարածած հայտարարության մեջ այդ տրամաբանությունը խախտվում է։ Հիմնադրամը վկայակոչում է շարունակվող նախնական ստուգման փուլը, բայց չի պարզաբանում, թե քանի դիմում է ուղարկվել թերությունների շտկման համար, յուրաքանչյուր դեպքում որ ժամկետներն են կասեցվել և երբ են դրանք ավարտվում։ Նման տեղեկատվության բացակայությունը խոչընդոտում է շահագրգիռ անձանց կողմից վերահսկողության իրականացմանը, իսկ երկարաձգված ընդունելությունն առանց բացատրությունների հնարավոր է օգտագործվի շահարկումների համար, քանի որ ընդունելության ձգձգումը կարող է հնարավորություն ստեղծել փոխել մասնակիցների կազմը նույնիսկ հայտերի ընդունման ավարտից հետո։
Եթե կողմնորոշվենք հայտերի ընդունման փաստացի ժամկետներով՝ մայիսի 25-ից հունիսի 3-ը, ապա ընդունման վերջին օրը եղել է հունիսի 3-ը։ Այսպիսով, նախնական ստուգման համար նախատեսված 10 աշխատանքային օրերը կսպառվեին արդեն հունիսի 17-ին։ Հունիսի 17-ին մասնակիցներին հարցումներ ուղարկելու դեպքում նրանց կմնար հինգ աշխատանքային օր բացակայող փաստաթղթերը ներկայացնելու համար, այսինքն՝ մինչև հունիսի 24-ը։ Այդ փաստաթղթերի ստանալուց հետո կասեցումը հանվում է, և աշխատանքային խումբը պարտավոր է ավարտել նախնական ուսումնասիրությունը առանց ձգձգումների։ Սա նշանակում է, որ մասնակիցների ցանկը պետք է պատրաստ լիներ հրապարակման հունիսի 25-ից, իսկ հաշվի առնելով կետ 37-ով նախատեսված եռօրյա ծանուցման ժամկետը, այն պետք է հրապարակվեր ոչ ուշ, քան հունիսի 27-ին։ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից նշված ծգծգումը մինչև վերջին օրը՝ հունիսի 30-ը այս համատեքստում անհիմն երկարաձգված է առանց բացատրությունների, դուրս է գալիս սահմանված ընթացակարգի շրջանակներից և ստեղծում է հնարավորությունների դաշտ մասնակիցների ցանկի կազմման ժամանակ մանիպուլյացիաների համար։
Բացի այդ, կանոնակարգի կետ 36-ի համաձայն, եթե հայտեր չեն ներկայացվել կամ դրանք մերժվել են նախնական փուլում, մրցույթը համարվում է չկայացած, ուստի մասնակիցների ցուցակի ժամանակին հրապարակումը տեղեկատվական թափանցիկության կարևոր մասն է կազմում։ Դրա ուշացումը՝ առանց հստակ բացատրությունների, խաթարում է գործընթացի նկատմամբ վստահությունը և կարող է հանգեցնել մասնակիցների կողմից պահանջների առաջացման։
Այսպիսով, թեև Հայաստանի կինոյի հիմնադրամն իր ձգձգումը հիմնավորում է կետ 27–28-ի դրույթներով, դրանց միակողմանի կիրառումը առանց պատշաճ տեղեկատվական աջակցության խախտում է կանոնակարգում ամրագրված թափանցիկության հիմնական սկզբունքը։ Մրցույթի օրինականությունն ապահովելու համար հիմնադրամը պարտավոր է խստորեն պահպանել սահմանված ժամկետները և նախնական ստուգման ավարտից անմիջապես հետո հրապարակել ընդունված մասնակիցների ցանկը՝ խուսափելով շահարկումների մեղադրանքներից և ապահովելով հավասար պայմաններ բոլոր դիմորդների համար։
Նշենք, որ սա դեռ մրցույթի առաջին փուլն է: