Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։
Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։
Ղազախստանի մշակույթի օրերը մեկնարկել են Կինոմոսկվայում ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը ցուցադրվել է Ռուստեմ Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։


Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին շնորհավորել է Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի մեկնարկի կապակցությամբ և նշել․ «Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում նշել ենք մեծ շուքով, ջերմ ու հաճելի տպավորություն ունենք ղազախ հանդիսատեսից ու գործընկերներից: Խորհրդանշական է Ղազախստանի մշակույթի օրերի մեկնարկը Կինոմոսկվայում՝ ղազախական ֆիլմերի ցուցադրությամբ, քանի որ ընդամենը երկու օր առաջ նշում էինք Հայ կինոյի 102-ամյակը: Կինոն ամենաերիտասարդ արվեստն է, որի շնորհիվ ժողովուրները ճանաչում են միմյանց ավանդույթները, արժեհամակարգը, խնդիրներն ու հոգսերը, արվեստն ու մտածելակերպը: Ուրախ ենք ընդունել ղազախ գործընկերներին և բացահայտել ղազախական մշակույթը հայ հանրության համար»:
Ցուցադրվելու է
Ապրիլի 18-ին, ժամը 19:00
«Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված» կարճամետրաժ անիմացիա (ռեժ՝ Ա. Խայդանով)
«Կանգ առ, գիշեր» լիամետրաժ ֆիլմ-մյուզիքլ A`Studio խմբի երգերի մոտիվներով
Ապրիլի 19-ին, ժամը 16:00
«Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված» կարճամետրաժ անիմացիա (ռեժ՝ Ա. Խայդանով)
«Հայրենասերների ժամանակը» լիամետրաժ ֆիլմ (ռեժ՝ Ս. Ուտեպբերգենով)
Ապրիլի 19-ին, ժամը 19:00
«Ինչու է ծիծեռնակների պոչը երկատված» կարճամետրաժ անիմացիա (ռեժ՝ Ա. Խայդանով)
«Բերկուտ» լիամետրաժ ֆիլմ (ռեժ՝ Դ. Իբրագիմով)