2025 թվականի մայիսին ընթանող Կաննի Marché du Film կինոշուկայի շրջանակում, Հայաստանի կինոյի հիմնադրամը հանդիպում է ունեցել Հնդկաստանի Տեղեկատվության և հեռարձակման նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և Հնդկաստանի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկման օրակարգում եղել են հայ–հնդկական համատեղ կինոնախագծերի զարգացման հեռանկարները, մշակութային ծրագրերի իրականացումը և համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը։ Հնդկական կողմից հանդիպմանը մասնակցել են նախարարության համատեղ քարտուղար Աջայ Նագաբհուշանը, կինոյի գծով փոխտնօրեն Սրեերագ Մուկունդանը, ինչպես նաև India Cine Hub կառույցի փոխնախագահ Շրութի Ռաջկումարը։
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ համագործակցության նպատակը մշակութային երկխոսության խթանումն է՝ երկու երկրներում համատեղ ֆիլմարտադրության ու նոր հարթակների ձևավորման հնարավորությամբ։
Հայաստանի կինոյի հիմնադրամը երախտագիտություն է հայտնել Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ երկկողմ մշակութային գործընկերության զարգացմանն ուղղված հետևողական աջակցության համար։