Խմբագրական նշում. Հրապարակման նախնական տարբերակում նշվել էր, որ Viva ընկերությունը հանդիսանում է ՀԿՊԳ նախաձեռնության գործընկերը: Ըստ կազմակերպիչների հստակեցման՝ Viva-ն հանդիսանում է «Կինոդարան» նախագծի գործընկերը: Լուսանկարները ստացվել են նախաձեռնության մամուլի ծառայությունից՝ որպես իրադարձության պաշտոնական փաստաթղթում ընդգրկված վիզուալ նյութեր։
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, 2025 — Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան (ՀԿՊԳ) Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացնում է «Հայկական Տուն» (Armenian House) նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն ընթանում է 2025 թվականի մայիսի 13-ից 24-ը։
Ըստ «ԿինոՊրես»-ին փոխանցված տեղեկատվության, այս նախագիծը դիտարկվում է որպես փորձ՝ նպաստելու համաշխարհային հայ կինոհամայնքի համախմբմանը, ամրապնդմանը և միջազգային կինոարդյունաբերությունում ավելի կայուն ներկայության ձևավորմանը։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մշակութային և մասնագիտական բնույթի միջոցառումների անցկացում։


Հաղորդվում է, որ «Հայկական Տուն»-ը գործում է որպես հյուրընկալ հարթակ՝ ներառելով դասական և ժամանակակից հայկական ֆիլմերի ընտրանիի ցուցադրություն։ Բացի այդ, նշվում է, որ կազմակերպվում են նաև փակ ձևաչափով գործարար հանդիպումներ՝ ուղղված միջազգային կինոարտադրողների, դիստրիբյուտորների և ներդրողների ներգրավմանը։ Ըստ նույն աղբյուրների, նման շփումները դիտվում են որպես հնարավորություն՝ ներկայացնելու հայկական կինոնախագծերի ներուժը և զարգացնելու երկարաժամկետ համագործակցություններ։


Նախաձեռնության հեղինակ կառույցը՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան, հայտնել է, որ իր գործունեության մի մասն ուղղված է ոլորտի կառուցվածքային բարելավմանը։ Ըստ տարածված տեղեկությունների, այդ շրջանակում իրականացվում է գիլդիայի իրավական գրանցման գործընթացը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում։ Ավելացվում է նաև, որ մշակվում են ոլորտային համագործակցության հուշագրեր, պայմանագրերի մոդելներ և միջազգային դիստրիբուցիայի խթանման մեխանիզմներ։
ՀԿՊԳ-ի նախաձեռնությունը ներկայանում է Կաննում՝ զուգահեռ այլ հայկական նախաձեռնությունների։ Այդ թվում՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հանդես է գալիս առանձին տաղավարով՝ ցուցադրական ծրագրով, իսկ Հայաստանի կինոյի հիմնադրամը ներկայացված է Marché du Film-ի շրջանակում ազգային տաղավարով։