Մայիսի 1-ից Հայաստանի կինոթատրոններում կմեկնարկի Սարիկ Անդրեասյանի նոր՝ «Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին: Հայաստանում ֆիլմը կցուցադրվի «Պատերազմ և քոչարի» խորագրի ներքո՝ հայերեն կրկնօրինակմամբ:
Սա իրական դեպքերի վրա հիմնված պատմություն է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած 3 ընկերների մասին։ Նրանք կռվում են՝ պաշտպանելով հայրենիքը։Հաղթահարելով պատերազմի դժվարությունները՝ ֆիլմի հերոսները հասնում են Բեռլին, և Ռայխստագի մոտ հաղթական Քոչարին թնդում է նրանց հնչեղ զուռնայի ու դհոլի նվագի տակ:

Թողարկված թրեյլերը հանդիսատեսին խոստանում է հուզական դրամա, հոգևոր պատկերներ և գագաթնակետ, որտեղ երաժշտությունն ու ավանդույթները դառնում են հերոսության կենդանի հուշարձան:
Ֆիլմը ԱՊՀ վարձույթում ցուցադրվում էր այս տարվա փետրվարի 6-ից և հավաքել է 111 926 064 ռուբլի, որից միայն ռուսական վարձույթում 111 528 153 ռուբլի:
«Պատերազմ և քոչարի» ֆիլմը ոչ միայն պատերազմի մասին է, այլև մշակույթի, հիշողության և այն մասին, թե ինչպես է ժողովուրդը պահպանում իր ինքնությունը նույնիսկ ամենամութ ժամանակներում: