Սեպտեմբերի 15-ից վերաբացվում են հայկական կինոթատրոնները: 7 ամիս պարապուրդից հետո մեծամասնությունը վերադառնում է նորույթներով: Չնայած այս հանգամանքին Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը համատեղ ջանքերով որոշել են հանդիսատեսին բերել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ: Համատեղ ծրագիրը կրում է «Կինոն` բեմի վրա» անվանումը:
Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։ Ամբողջ հասույթը տրամադրվելու է համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին:
Ամառային դահլիճում ցուցադրվելու են Արման Մանարյանի «Կարինե», Լևոն Իսահակյանի և Հենրիկ Մալյանի «Ճանապարհ դեպի կրկես», Գրիգոր Մելիք-Ավագյանի «Երգում է Գոհար Գասպարյանը», Հենրիկ Մալյանի «Մի կաթիլ մեղրը» կինոնկարները:
19.09.2020, ժամը՝ 20:00-ին, «Կարինե», ռեժիսոր՝ Արման Մանարյան
Տևողությունը՝ 89 րոպե։
Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորում՝ «Կարինե» կինոնկարը նկարահանվել է 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքի։ Գործողությունները կատարվում են 19-րդ դարում։
20.09.2020, ժամը՝ 20:00-ին, «Երգում է Գոհար Գասպարյանը», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան
Տևողությունը՝ 60 րոպե։
«Երգում է Գոհար Գասպարյանը» ժապավենը Գրիգոր Մելիք-Ավագյանը նկարահանել է 1963 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում:
11 նովելից բաղկացած ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններ են, որոնց կատարումով հանդես է գալիս մեծահամբավ երգչուհի Գոհար Գասպարյանը։
26.09.2020, ժամը՝ 20:00-ին, «Ճանապարհ դեպի կրկես», ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան
Տևողությունը՝ 74 րոպե։
«Ճանապարհ դեպի կրկես» ժապավենը ստեղծվել է 1963 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմը նկարահանվել են ռեժիսորներ Հենրիկ Մալյանն ու Լևոն Իսահակյանը Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։
Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Ֆիլմը մինչ օրս արդիական է, քանի որ ծնողները ստեղծագործական մասնագիտությունները չեն համարում հասութաբեր:
27.09.2020, ժամը՝ 20:00-ին, «Մի կաթիլ մեղրը», ռեժիսոր Հենրիկ Մալյան
Տևողությունը՝ 65 րոպե։
«Մի կաթիլ մեղրը» ֆիլմը ստեղծվել է 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հյուսված յուրատեսակ ներկայացման կինոտարբերակն է:
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից 2 ժամ առաջ դահլիճի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: