Ապրիլի 16-ին Հայաստանի կինոթատրոնները միավորվում են հայ կինոյի օրը նշելու նպատակով՝ ներկայացնելով հայ դասական և ժամանակակից ֆիլմերի հատուկ ցուցադրություններ: Մեկօրյա ծրագրի շրջանակում հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն վերապրելու հայ կինոյի լավագույն պահերը՝ սկսած խորհրդանշական ժապավեններից մինչև նորագույն ստեղծագործություններ:

Միջոցառումը նպատակ ունի արժևորել շուրջ հարյուրամյա պատմություն ունեցող հայկական կինոն և ընդգծել նրա դերը ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում:
Ցուցադրությունները տեղի կունենան տարբեր կինոթատրոններում՝ ընդգրկելով ինչպես Երևանը, այնպես էլ մարզերը։ Մուտքը մի շարք ցուցադրությունների կլինի ազատ՝ հասանելի դարձնելով հայ կինոն լայն հանրությանը:
Ծրագրում ընգրկվել են Երևանի՝ Կինոմոսկվան, Սինեմա Սթարը, ԿինոՊարկը, Կինո Հայաստանը, Վանաձորի՝ Սինեմա Զոն կինոթատրոնը, Հրազդանի կինոթատրոնը, Կապանի՝ Սյունիք կինոթատրոնը, Քաջարանի կինոթատրոնը:
Ցուցադրվելու են «Ցեխը», «Չնչիկ», «Մեր մանկության տանգոն», «Սողոմոնի երգերը», «Ամերիկացի», «Ավրորայի լուսաբացը», «Մեդալի հակառակ կողմը», «Հայրիկ», «Թթենի», «Նա, ում սպասում էին», «Իմ խաչը», «Գիքոր», «Կտոր մը երկինք», «Տղամարդիկ», «Մենք ենք մեր սարերը» կինոնկարները:
Բացի այդ կինոթատրոններում շարունակում են ցուցադրվել «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը», «Վազգեն. Վերջին Սպարապետը», «Բարի օր 2» և «Բախտի տերը» ֆիլմերը:
Հայ կինոյի օրը հիանալի առիթ է վերադառնալու մեր արմատներին, հիշելու կինեմատոգրաֆիայի այն ճանապարհը, որին այսօր շարունակում են նորագույն սերնդի ստեղծագործողները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ: