Connect with us

Հայաստան

Հետքը զրուցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահի հետ

Ռեժիսոր Արա Շիրինյանը 2019 թ. ապրիլի 1-ին ընտրվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Արա Շիրինյանի հետ զրուցել ենք Հանրային հեռուստաընկերության դերի վերաիմաստավորման եւ զարգացման հարցերի շուրջ։

Հրապարակվել է

ԿինոՊրեսը ներկայացնում է Հետքի զրույցը Արա Շիրինյանի հետ:

Պրն. Շիրինյան, ապրիլի 1-ին ՀՌԱՀ ձեւավորած հինգ հոգանոց հանձնաժողովը քսաներեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ Ձեզ ընտրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Ընտրության այդ ընթացակարգը եւ ընտրող հանձնաժողովի ձեւավորման կարգն ինչպե՞ս եք գնահատում։

Ընդհանուր առմամբ՝ դրական, որովհետև 2002 թ. սկսած առաջին անգամ այս պաշտոնի համար կայացավ իսկական մրցույթ, ոչ թե նշանակում: Շատ բան կախված էր հենց մրցութային հանձնաժողովի կազմից: Սակայն դրա ձևավորման ընթացակարգում չկա շահերի բախումը բացառող դրույթ: Ընդհանրապես, Հայաստանի օրենսդրության մեջ շահերի բախումը միշտ անտեսվել է, համարվել է երկրորդական, ինչը և ամեն անգամ կասկածների տեղիք է տալիս:

Ձեր ընտրությունից հետզ սոցիալական ցանցերում, նաև մասնավոր զրույցներում տեսակետներ հնչեցին, որ թեև միանգամայն արժանի թեկնածու էիք մասնագիտական փորձառության տեսանկյունից, բայց ոչ այնքան չեզոք, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Դուք Ֆեյսբուքում նոր կառավարության քարոզչությամբ էիք զբաղված: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

Ֆեյսբուքում կարծիք կամ քաղաքական գնահատական հայտնելը սովորական երևույթ է: Այսօր հնարավոր չէ որևէ բան թաքցնել, և ցանկության դեպքում կարելի է համոզվել, որ կառավարության կամ որևէ քաղաքական ուժի քարոզչությամբ երբեք չեմ զբաղվել: Ես պաշտպանել եմ հեղափոխության գաղափարը և արժեքները, և դա արել եմ շատ ավելի վաղուց, քան ձևավորվել է այսօրվա իշխանությունը:

Ձեր ընտրությունից անմիջապես հետո ասել եք, որ «Հեռուստատեսությունն իր բնույթով քաղաքացի ձևավորող գործոն է: Մեծամասամբ Հանրային հեռուստատեսությունից է կախված, թե որքանով մարդիկ կվստահեն իրենց պետությանը: Մեր հասարակությունը երկար տարիներ արդարացիորեն չի վստահել հեռուստատեսությանը և հիմա մեծ ջանքեր կպահանջվեն այս իրողությունը փոխելու համար»: Ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել վստահությունը Հանրային հեռուստատեսության նկատմամբ։

Ընդհանրապես զանգվածային լրատվամիջոցի, հատկապես հեռուստատեսության գործունեությունն անիմաստ է, եթե այն չի վայելում հասարակության վստահությունը: Մենք սա տեսել ենք տարիներ շարունակ և հիմա պետք է մեկընդմիշտ ընդունենք, որ հանրային հեռարձակման օրակարգն ու բովանդակությունը թելադրվում է հասարակության շահով, ոչ թե իշխանության կամ կառավարող մարմինների: Այս փոփոխությունն արդեն սկսվել է անցյալ տարվա հեղափոխությունից հետո թե՛ հասարակության պահանջով և թե՛ իշխանության կամքով՝ երկրի ընդհանուր ժողովրդավարացման գործընթացում: Բայց սա պետք է լինի երկկողմանի ընթացք: Հանրային հեռուստատեսությունն իր հերթին պետք է սովորի ինքնուրույն դերակատարում ստանձնել՝ միջնորդավորելով պետության և հասարակության ներդաշնակ հարաբերությունները: Այսօր դեռ չունենք կառուցակարգային (ինստիտուցիոնալ) երաշխիքներ և գործող մեխանիզմներ, որոնք կապահովեն այս փոփոխության անշրջելիությունը: Բայց համոզված եմ, որ հետևողական և ճիշտ քայլերով հնարավոր է վերականգնել հեռուստադիտողի վստահությունը և բավարարել մեր հասարակության հիմնական սպասելիքները հանրային հեռարձակումից:

— Որո՞նք են հասարակության սպասելիքները հանրային հեռարձակումից:

Դա քաղաքականապես հասուն և հավասարակշռված տեղեկատվությունն է՝ մատուցված լրագրողական բարձր չափանիշներով և առանց գնահատականների: Վերլուծական ծրագրերն են, որոնք մեկնաբանում են իրադարձությունների նշանակությունը փորձագիտական որակով:

Քաղաքական և հասարակական բանավեճերն են, որոնց մասնակիցները հիմնավորում են սեփական տեսակետը՝ հարգելով ուրիշինը: Դա հաղորդավարների պրոֆեսիոնալիզմն է, խորը գիտելիքները և անձնական հեղինակությունը, որոնց շնորհիվ եթերում բացառվում է ատելության խոսքն ու արհամարհական վերաբերմունքը, կեղծ օրակարգն ու հորինված փաստարկները: Դա գլոբալ վավերագրությունն է, որը ներկայացնում է մեր անցյալն ու ներկան՝ համաշխարհային պատմության համատեքստում: ժամանցային ծրագրերն են, որոնք լրացնում են մարդկանց ոչ միայն ազատ ժամանակը, այլև միտքն ու զգացմունքները: Իսկ ռեյտինգներով չափվող «հեռուստադիտողի նախասիրությունները»  պետք է թողնել մասնավոր հեռուստաալիքներին, որոնք ֆինանսավորվում են գովազդից: Հանրայինի դեպքում, նույնիսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն դիտում հեռուստացույց, պետք է վստահ լինեն, որ եթերն անվտանգ է ու ապահով, որ պետությունը չի լվանում իր քաղաքացիների ուղեղը, իսկ սերիալները չեն փչացնում համակեցության մթնոլորտը:

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը վերջերս Աժ-ին հաղորդում ներկայացնելիս ասաց, որ երկար տարիներ իշխանությունները կոպտորեն միջամտել են հեռուստառադիոընկերությունների, այդ թվում՝ Հանրային, խմբագրական, կադրային, ֆինանսական քաղաքականությանը։ Հանրային հեռուստաընկերությունում ազատության, բազմազանության բացակայության կամ պակասի մասին Դուք եւս բազմիցս խոսել եք։ Հիմա, երբ անմիջականորեն եք առնչվում Հանրային հեռարձակող մեդիային, դեռեւս զգալի՞ են անցյալի այդ սահմանափակումների հետեւանքները։

Այո, հետևանքները զգալի են: Հանրայինը դեռ կառավարվում է կորպորատիվ տրամաբանությամբ և օգտագործում է հանրային ռեսուրսը առանց հռչակած հայեցակարգի: Մինչդեռ եթերը հանրային տարածք է և չի հանդուրժում առանձին խմբերի և անհատների մենաշնորհ: Այն պետք է ընդգրկի բոլոր խավերին, արտացոլի ամբողջ հասարակության մտավոր և ստեղծագործական ներուժը:  

Երկար տարիներ հասարակությունը դիտվել է իբրև անշնորհակալ զանգված, որն ընդունակ չէ լավը գնահատելու: Հեռուստաընկերությունները փորձել են ամեն գնով զվարճացնել հեռուստադիտողին, որ չդժգոհի: Բայց հեղափոխությունը ցույց տվեց, որ մեր հասարակությունն ավելի հասուն է, քան կարծում են հեռուստաեթերը տնօրինողները: Պատահական չէ, որ հեղինակություն վայելող շատ ինտելեկտուալներ, մտածող մարդիկ զրկված են եղել հանրայինի եթերում կարծիք արտահայտելու  հնարավորությունից։ Արդյունքում, եթերը զբաղեցրել են նույն դեմքերը, հիմնականում՝ շոու բիզնեսի աստղերը, որոնք թելադրում են սեփական օրակարգը հանրայինի եթերում: Հաղորդավարների, երգիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների ճանաչելիությունն ապահովող հաղորդումները, սերիալներն ու հումորը հաճախ չեն արտացոլում հանրության տրամադրությունները, վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը, տարածում են խոսույթի և վարվելակերպի անընդունելի օրինակներ: Այս ամենի մասին բազմիցս խոսվել է: Սրանք 2000-ականների կեսից արմատացած համակարգային դեֆեկտներ են, որոնք շարունակվում են իներցիայով և ժամանակ են պահանջում շտկելու համար: 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ձեւավորման օրվանից հիմնականում ձեւական բնույթ է ունեցել եւ փաստացի չի առնչվել Հանրային հեռուստատեսության կամ ռադիոյի գործունեությանը։ Խորհրդի նախագահը նախկինում միանձնյա կառավարում էր իրականացնում։ Ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել Խորհրդի դերը։

Նախ պետք է հասկանալ, թե որն է Խորհրդի դերը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որը, կարծում եմ, կարիք ունի փոփոխման, չի սահմանում խորհրդի գործունեության նպատակը: Բավարար չէ ասել, որ Խորհուրդը Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման մարմին է: 24-ժամյա ռեժիմով աշխատող հեռուստատեսությունն ու ռադիոն ամեն դեպքում կառավարվում են և լավ կլինի խուսափել գործառույթների կրկնությունից: Խորհուրդն ունի լիազորություններ, որոնց նպատակը հասկանալի չէ։ Լավ կլիներ, որ օրենսդիրները հստակ որոշեն, թե ում անունից է գործում Խորհուրդը, որն է նրա պատասխանատվության ոլորտը:

Իմ պատկերացմամբ՝ Խորհրդի գործունեության նպատակն է պաշտպանել երկրի քաղաքական, իրավական և սոցիալական կառուցվածքի հիմքում դրված արժեքները, սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը, պաշտպանել պետության ինքնիշխանությունը և մարդու հիմնարար ազատությունները, նպաստել հեռուստադիտողի հոգևոր զարգացմանը: Այսպիսի հայեցակարգային մոտեցումը պետք է օրենքում հստակ շարադրված լինի բառերով, որպեսզի հանրային հեռարձակման արդյունքը կախված չլինի այս կամ այն ղեկավարի ընկալման առնձնահատկություններից:

Խոսենք զարգացման ծրագրերի մասին։ Ի՞նչ բարեփոխումներ եք արդեն նախաձեռնել եւ ո՞ր ուղղություններով։

Մեծ կարիք կա նոր բովանդակություն բերել եթեր՝ ընդգրկելով համամարդկային փորձը, համադրելով այն Հայաստանի իրողություններին։ Փորձելու ենք «գույքագրել» հասարակության մտավոր-ստեղծագործական կարողությունները և հնարավորինս օգտագործել։ Շուտով Հանրային հեռուստաընկերությունը կստեղծի բաց հարթակ՝ թեմատիկ և ստեղծագործական առաջարկների, հեռուստանախագծերի և պատրաստի արտադրանքի ներկայացման համար: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն նորաստեղծ գեղարվեստական խորհրդում, որը նախկինում երբևէ չի եղել, և լավագույնները կյանքի կկոչվեն: Կաշխատենք համալրել գեղխորհուրդը նաև հանրության ներկայացուցիչներով: Այսպես հնարավոր կլինի հեռուստատեսային բովանդակության ստեղծման գործում ներգրավել ոչ միայն թարմ գաղափարներ և նոր մարդկանց, այլև խուսափել մեկ-երկու մարդու ճաշակը բոլորին պարտադրելուց:  Շատ գրողներ, արվեստագետներ, քաղաքացիական ակտիվիստներ, հետազոտողներ իրենց գիտելիքներով և առաջադեմ հայացքներով կարող են նպաստել ավելի հանդուրժող և գիտակից հասարակության կերտմանը: Նրանցից երբեմն կարծիք են հարցնում, բայց նրանք չեն մասնակցում բովանդակության ստեղծմանը: Սա աշխատանք է պահանջում նաև հեռուստատեսային մասնագետներից, որոնք սովոր են գնալ հեշտ ճանապարհով, և չունեն հմտություններ աշխատելու այս հանրույթի հետ:

Դուք, հավանաբար, արդեն ծանոթացել եք Հանրային հեռուստատեսության ֆինանսական, տեխնիկական եւ կադրային վիճակին։ Հանրայինի բյուջեն եւ տեխնիկական զինվածությունը թույլ տալի՞ս են իսկապես ժամանակակից հեռուստատեսություն ունենալ։

Ժամանակակից հեռուստատեսությունն այսօր կոնվերգենտ (միաձուլվող) մեդիա է՝ համացանցային տարբեր հարթակներում: Հայաստանում այսպիսի ընդգրկումով արդեն գործում են մի քանի կոմերցիոն հեռուստաընկերություններ: Հանրայինը, որը ֆինանսական առումով ավելի լավ պայմաններում է, նույնպես ձգտում է տեխնիկապես ընդլայնել իր լսարանը: Տեղեկատվության առատության պայմաններում շատ կարևոր են դիտման հասանելիությունը, որոնման համակարգերը, լսարանի չափման գործիքները: Բայց մենք չենք պատրաստվում մրցակցել մասնավոր հեռուստաալիքների հետ, նրանք ուրիշ խնդիրներ են լուծում: Հանրային հեռարձակման դերն ու նպատակները ձևակերպված են միջազգային փաստաթղթերում, և հուշում են, որ հանրօգուտ բովանդակության ստեղծումն ու տարածումը չի կարող պայմանավորված լինել ռեյտինգներով: Հանրայինի դիտելիությունը պիտի ծագի նրա հասանելիությունից բոլոր հարթակներում և ամենակարևորը՝ նրա ունիվերսալ և տարբերվող բովադակությունից:

Աշխատանքներ ենք տանում նաև արբանյակային ալիքի բովանդակության բարելավման ուղղությամբ։ Ի վերջո, Հայաստանից դուրս ապրում է ավելի շատ հայ, քան այստեղ: Նրանց համար մենք պարտավոր ենք հատուկ ծրագրեր ստեղծել՝ առաջարկելով նոր իրավիճակից բխող համատեղ օրակարգեր: Այստեղ նույնպես պետք է վերացնել մենաշնորհները, նկատի ունեմ՝ Հայաստանից դեպի Սփյուռք և հակառակ ուղղությամբ հաղորդակցության անձնավորված բնույթը: Նոյեմբերից կփոխվեն նաև ԱՄՆ-ում Հանրային հեռուստաալիքի վերահեռարձակման արտոնագրի պայմանները, որոնք կապահովեն ծառայությունների ավելի պատշաճ մատուցում:

Սպասվու՞մ են կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ: Հանրայինի աշխատակազմը ինչպե՞ս եք գնահատում՝ ուռճացվա՞ծ է, թե՞ մասնագետների պակաս կա, հին կադրերի վերապատրաստման կամ նոր կադրերով փոխարինելու եւ/կամ համալրելու անհրաժեշտություն։

Իմ տպավորությամբ հեռուստաընկերության անձնակազմը և կառուցվածքը տարիների ընթացքում ձևավորվել են որոշակի գործառույթների տրամաբանությամբ, որոնք չեն ենթադրել թափանցիկ ինքնավարություն: Սակայն, վերջնական կարծիք կարող եմ կազմել՝ միայն ծանոթանալով բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ պայմանագրով ծառայություններ մատուցող աշխատակիցների հետ՝ ավելի քան 700 մարդ: Կարծում եմ՝ նոր խնդիրներ առաջադրելուց և արդյունքները տեսնելուց հետո հնարավոր կլինի գնահատել գործող համակարգի արդյունավետությունը: Ասեմ նաեւ, որ տարբեր շրջանակներում նկատում եմ պաշտոնանկություններ ակնկալող տրամադրություններ, սակայն կարծում եմ, որ դրանք այս դեպքում լավագույն միջոցը չեն բարեփոխումներ իրականացնելու համար: Հույս ունեմ, որ նոր գործառույթներ ստանձնելով՝ համակարգը կկարողանա խուսափել ցնցումներից:

Ֆինանսական միջոցներն արդարացիորե՞ն են բաշխված Հանրային հեռուստատեսությունում։ Նախկինում բողոքներ, տեղեկություններ էին շրջանառվում, թե հեռուստատեսության գործադիր կազմը չափազանց բարձր վարձատրություն է զստանում, մինչդեռ աշխատակիցների վարձատրությունը ցածր է։

Բողոքները հաճախ ուրիշ ծագում ունեն և չեն արտացոլում իրական պատկերը: Բայց, անշուշտ, Հանրայինի գործադիր կազմի ծախսերը պետք է համահունչ լինեն պետության կողմից ֆինանսավորվող այլ կառույցների ծախսերի հետ և ամենակարևորը՝ արդարացվեն վերջնական արդյունքով: Ամեն դեպքում, Հանրայինը պարտավոր է աշխատել առանց ավելորդ շքեղությունների՝ պահպանելով արդարության սկզբունքը:  

Պրն. Շիրինյան, ինտերնետային հեռուստատեսության զարգացման, ինտերնետային ուղիղ հեռարձակման նման ծավալման եւ սոցիալական ցանցերի հետ մրցակցության պայմաններում ինչպիսի՞ն է Ձեզ պատկերանում հեռուստատեսության ներկան եւ ապագան։ Հանրային հեռուստատեսության համար ի՞նչ փոխակերպումներ եք Դուք պատկերացնում։

Հանրայինը լուրջ մտադրություններ ունի ստեղծել իր համացանցային հեռուստաալիքը, որի բովանդակությունը, անշուշտ, կտարբերվի հեռարձակվող ալիքից: Այստեղ մենք չենք գնալու ավանդական հանդիսատես գրավելու ճանապարհով, այլ մտնելու ենք նոր դաշտ, որտեղ այլ հանրույթներ են վաղուց հաստատվել: Դա ավելի երիտասարդ ու կրթված լսարանն է, որը սովորություն չունի հեռուստացույց միացնելու: Համացանցում Հանրայինը չի կարող պարզապես տեսանյութեր ցուցադրել, այստեղ անհրաժեշտ է անմիջական շփում հաստատել, լինել ավելի անկաշկանդ, ճկուն և համարձակ։ Սա նաև հրաշալի դաշտ է փորձարարության եւ հաջողված ձևաչափերը համապետական և արբանյակային ալիքներ տեղափոխելու համար։

Հեղինակ՝ Լիանա Սայադյան

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է Շվեյցարիայի կինոփառատոնի մրցույթային ծրագրում

Հրապարակվել է

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ 2019 թվականին նկարահանված, ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի՝ «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմն այս անգամ ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր՝ Fribourg International Film Festival / FIFF 2020 թվականի փառատոնի միջազգային մրցույթում, որը տեղի կունենա մարտի 20-28-ը:

Ֆիլմի պրոդյուսերներն են Կարինե Սիմոնյանը (Էդգար Բաղդասարյան Ֆիլմ Փրոդաքշն), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Շուշանիկ Միրզախանյանը (Հայաստանի Ազգային Կինոկենտրոն), Լիլիթ Մատրիրոսյանը (Շարմ Հոլդինգ): Ֆիլմում նկարահանվել են Արեգ Գևորգյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը և Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ սյուն թվականի փետրվարի 01-08-ը ֆիլմը մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի՝ CLERMONT-FERRAND INTL FILM FESTIVAL 2020 կինոփառատոնին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Ջիվան Ավետիսյանը կմասնակցի «Berlinale Talents»-ին

Հրապարակվել է

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ընտրվել է 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդներից՝ Բեռլինում անցկացվող «Berlinale Talents»-ին մասնակցելու համար:

«Berlinale Talents»-ը Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախաձեռնությունն է։ Նրա ընտրության նախադրյալը դարձավ Ջիվան Ավետիսյանի «Վերածնունդ» գեղարվեստական նոր նախագիծը, որը նախատեսվում է նկարահանել 2021 թվականի գարնանը։ Վեցօրյա միջոցառումը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 22-27-ը:

Ջիվան Ավետիսյանը Արցախի պատմությունը պատմում է ֆիլմերի միջոցով։ Նրա վերջին «Դրախտի դարպասները» նախագծի պրեմիերան Լոս Անջելեսում տեղի կունենա 2020 թվականի մարտի 21-ին ՝ հայտնի Ալեքս թատրոնում: Ֆիլմը Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Չեխիան, Իտալիան և ԱՄՆ-ի համատեղ արտադրություն է։

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Սիրուշոն կդառնա հեռուստահաղորդավար

Հրապարակվել է

2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի Հայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներով: Այս մասին տեղեկացնում են Սիրուշո Փրոդաքշընից:

Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում):

Յուրաքանչյուր քաղաքում մենահամերգների, փորձերի, կազմակերպչական աշխատանքների հետ զուգահեռ նկարահանվել է նաև շրջագայության ու այցելությունների ամբողջ ընթացքը` տարբեր երկրներում ապրող հայերին և նրանց կյանքը ներկայացնելու նպատակով: Յուրաքանչյուր այցի սեղմ ժամկետներում Սիրուշոն հասցրել է այցելել տեղի հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, դեսպանատներ, ինչն արձանագրել է տեսախցիկը. այսպիսով, հեռուստադիտողը Սիրուշոյի «աչքերով» կկարողանա տեսնել հայ համայնքի և հայերի կյանքը:

Սկսելով հաղորդաշարը, Սիրուշոն նշում է. «Փոքր տարիքից շրջագայում եմ, լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, ու ինձ միշտ հետաքրքիր է եղել ուսումնասիրել այլ երկրներում բնակվող հայերին՝ ովքեր են նրանք, ինչպես են կարողանում հայրենիքից հեռու այդքան հայ մնալ, ինչպես են օտարության մեջ հաստատվում, կայանում, ինչ ջանքերով են երեխաներին սովորեցնում հայերեն, ինչ զգուշությամբ ու սիրով են պահպանում մշակույթը, ինչպես է սերնդեսերունդ փոխանցվում սերը հայրենիքի հանդեպ և որքանով է պահպանվում»։

Հաղորդաշարի ամեն թողարկում ներկայացնելու է տվյալ համայնքի ձևավորման պատմությունը, արմատների հետ կապը, օտար երկրներում հայ մնալու դժվարություններն ու նոր սերնդի ոգին, ինչը զուգակցված է լինելու տվյալ երկրի տեսարժան վայրերի, երգչուհու մենահամերգների ու ետնաբեմի եռուզեռի բացառիկ կադրերով։

Շուրջ 2 տարի նկարահանված հաղորդաշարը հասանելի կլինի նաև երգչուհու պաշտոնական YouTube ալիքում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: