Հայաստանի երբեմնի ակտիվ կինոցանցը տարիներ շարունակ ենթարկվել է անուշադրության, մասնավորեցումների ու վերածվել մշակութային նշանակությունից հեռու կառույցների։ Հայ կինոյի օրը «ԿինոՊրես»-ը որոշեց կրկին պետական մարմինների ուղադրությունը հրավիրել ոլորտի տարբեր բնագավառների խնդիրներին: 2025 թ․ ապրիլի 16-ի հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է մի շարք ուշագրավ փաստեր՝ Գյումրիի, Երևանի և հանրապետական կինոցանցի վերաբերյալ։
Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ դեռ անորոշ վիճակում
2023 թ․ հունվարի 30-ին ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդում քննարկվել է Գյումրիի Աբովյան 143 հասցեում գտնվող «Կինո Հոկտեմբեր» հուշարձան-շենքի ամրակայման և նորոգման էսքիզային նախագիծը, որն այնուհետև վերադարձվել է լրամշակման՝ «նիստից անմիջապես հետո»։ Սակայն նախարարությունը չի ներկայացնում, թե արդյոք այդ լրամշակումն ավարտվել է, արդյոք նոր նախագիծ կա և ինչ տեխնիկական վիճակում է շինությունը այսօր։ Այս համատեքստում մնում է անպատասխան հարցը՝ արդյո՞ք շենքը շարունակելու է ծառայել որպես կինոթատրոն։
«Այրարատ» կինոթատրոն․ փլուզվող հուշարձան
Երևանի կենտրոնում գտնվող «Այրարատ» կինոթատրոնին նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել դեռ 2018 թ․ օգոստոսին։ Այդուհանդերձ, պետական ցուցակում ընդգրկելու գործընթացը յոթ տարվա մեջ դեռ ավարտված չէ։ Ըստ նախարարության՝ այժմ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով «Այրարատ»-ը կարող է վերջապես ընդգրկվել այդ ցուցակում։ Մինչ այդ, շենքի «թևի» ֆասադային հատվածում փլուզումներ են գրանցվել։ Այս մասով ԿԳՄՍՆ-ն արձագանքում է հղումով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածին, համաձայն որի՝ հուշարձանի սեփականատերն է պարտավոր ապահովել պահպանությունն ու անվտարությունը։ Սակայն բացակայում է կոնկրետ պատասխանը՝ արդյոք նախարարությունը հետևողական հսկողություն իրականացնում է նման կարգավիճակ ստացած շինությունների նկատմամբ։
«Նաիրի» կինոթատրոնը՝ նորահայտ հուշարձան
Երևանի մեկ այլ խորհրդանշական կինոթատրոն՝ «Նաիրի»-ն (Մաշտոցի պողոտա 50), նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել 2024 թ․ դեկտեմբերին։ Այս փուլում դեռևս հստակ չէ՝ արդյոք դահլիճը պահպանվելու է և արդյոք շենքը կշարունակի ծառայել որպես կինոճարտարապետական կառույց։
Մասնավորեցված կինոթատրոնների ճակատագիրը՝ անորոշության մեջ
Հարցման ամենաազդեցիկ հատվածը վերաբերում է 2001-2003 թվականների մասնավորեցման ծրագրով Հանրապետության առնվազն 26 կինոթատրոնների և կինոցանցերի ճակատագրին։ Շատերը վերածվել են եկեղեցիների, ավտոսրահների, կահույքի խանութների։ Ոմանք պարզապես չեն գործում կամ փոխել են գործունեության տեսակը՝ ի հեճուկս մասնավորեցման պայմանների։ Այսօր Երևանի 22 կինոթատրոններից փաստացի գործող է միայն «Մոսկվա» կինոթատրոնը։ Մինչդեռ նախարարությունը որևէ հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվել այս գործընթացների վերահսկման ուղղությամբ։ Փոխարենը նշվում է, որ կինոոլորտի զարգացման ռազմավարության շրջանակներում սկսվել է նախկինում և ներկայում գործող կինոթատրոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման գործընթաց։ Վերջնական տվյալների հիման վրա նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների քարտեզագրում և մշակել արդիականացման և վերագործարկման ծրագիր 2026-2028 թվականների համար։
Բյուրոկրատիա՝ մշակույթի հաշվին
Նախարարության պատասխանները բազմաթիվ հարցերի շուրջ ունեն մեկ ընդհանրություն՝ գործընթացները երկարաձգվում են՝ առանց հստակ ժամկետների կամ արդյունքների։ Մինչդեռ մշակութային արժեք ունեցող շենքերը՝ ինչպիսին են Երևանի «Այրարատ»-ը, «Հայրենիք»-ը, «Նաիրի»-ն, Գյումրիի «Հոկտեմբեր»-ը, Վանաձորի «Երևան»-ը ենթարկվում են քայքայման։ Կառավարության մակարդակով մինչ օրս չկա հստակ քաղաքականություն՝ ապահովելու այս կինոթատրոնների ֆիզիկական և մշակութային գոյատևումը։
Միևնույն ժամանակ, պատասխաններում հաճախ շեշտադրվում է օրենքի դրույթների վրա հղումը, սակայն բացակայում են կոնկրետ քաղաքական կամ վարչական քայլերի վերաբերյալ պարզաբանումներ։ Օրինակ՝ «Այրարատ» կինոթատրոնի փլուզվող հատվածի պարագայում օրենքը պարտավորեցնում է սեփականատիրոջը, բայց պետական վերահսկողության դերն ու անելիքները մնում են չմշակված։
Կինոթատրոն՝ որպես անցյալի արձագանք, թե ապագայի հնարավորություն
Կինոթատրոնները Հայաստանում միայն ցուցադրական հարթակ չեն եղել․ դրանք եղել են համայնքային կյանքի, մշակութային կրթության և սոցիալական կապերի կարևոր օջախներ։ Այսօր, երբ տեխնոլոգիական զարգացումները պահանջում են նորանոր ձևաչափեր, հին կինոթատրոնների վերագործարկումը կարող է ծառայել ոչ միայն որպես ժառանգության պահպանում, այլև որպես կինոմշակութային զարգացման գործիք։
Սակայն առանց հստակ ռազմավարության, ժամկետների, բյուջետային հատկացումների և վերահսկողության մեխանիզմների, նախարարության հավակնոտ պլանները կարող են մնալ փաստաթղթային մակարդակում՝ ինչպես եղել է նախկինում։