Բրիտանացի դերասան Շոն Քոններին, ով համաշխարհային ճանաչում է ստացել բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ Ջեյմս Բոնդի դերով, մահացել է 90 տարեկանում: Այս մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով դերասանի ազգականներին:
Շոն Քոններին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Նրան առավել մեծ ճանաչում է բերել MI6 գործակալ Ջեյմս Բոնդի դերը։ Նա դարձավ այդ դերի առաջին կատարողը և խաղաց 007 գործակալի մասին յոթ ֆիլմերում: Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Քոններին, հարցումների արդյունքներով, համարվում էր Բոնդի դերի լավագույն կատարողը:
Շոն Քոններիի մասնակցությամբ այլ նշանավոր ֆիլմերի թվում են «Որս Կարմիր Հոկտեմբերի ետևից», «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը», «Ժայռը»:
1988 թվականին Շոն Քոններին «Օսկար» մրցանակ է ստացել գանգստերական «Անձեռնմխելիները» դրամայում երկրորդ պլանի լավագույն դերի համար: Նա նաև երեք անգամ դարձել է BAFTA մրցանակի դափնեկիր եւ երկու անգամ «Ոսկե գլոբուս» է ստացել: 2000-ականների սկզբին նա ավարտեց դերասանական կարիերան: 2000 թվականին Քոններին ստացել է ասպետական տիտղոս: