Երկարատև հիվանդությունից հետո դեկտեմբերի 4-ին մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 17:00-20:00-ն, «Ռոտոնդա» սգո սրահում (Դավիթ-Բեկի 83) իսկ հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։
Սուրեն Բաբայանը ծնվել է 1950թ․-ի սեպտեմբերի 18–ին։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և Մոսկվայի ռեժիսորա-սցենարական բարձրագույն դասընթացները (Նիկիտա Միխալկովի արվեստանոցը)։ 1980 թվականից դարձել էր Հայֆիլմի ռեժիսոր։
Սուրեն Բաբայանը իր ավանդն է ունեցել հայ կինոյի պատմության մեջ նկարահանելով մի շարք խաղարկային ֆիլմեր: 1978 թվականին նկարահանել է «Չեզոք իրավիճակ» ֆիլմը, 1980 թվականին՝ «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թվական), 1982 թվականին՝ «Սիրամարգի ճիչը» (Միքայել Դովլաթյանի հետ), 1987 թվականին՝ «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թվական, Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական), 1990-ին՝ «Արյուն»-ը (Գ. Նիկոլաևի հետ), 1993 թվականին՝ «P.S.»-ը, 2000 թվականին՝ «Խենթ հրեշտակը» (Ա. Հովսեփյանի հետ), 2004-ին՝ «Ժանո»-ն, 2009 թվականին՝ «Մի նայիր հայելուն» կինոնկարը:
Նկարահանել է 1986 թվականին՝ «Ֆրուզե Դովլաթյան» (Միքայել Դովլաթյանի հետ), 1996-ին՝ «Գյումրի-ռեվյու» վավերագրական կինոնկարները:
Միքայել Դովլաթյանի և Գևորգի Նիկոլաևի հետ համատեղ գրել է «Դեմքով դեպի պատը» ֆիլմի սցենարը:
«ԿինոՊրեսը» իր խորին ցավակցությունն է հայտնում Սուրեն Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, գործընկերներին: