ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն դեկտեմբերի 5-8-ն իրականացնում է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:
Մատենադարանում տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Համաժողովին մասնակցում են կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման ու տարածման, կինոժառանգության ոլորտը համակարգող կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՊՀ անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Արգենտինայից, ԵՄ անդամ երկրներից և այլն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ համաժողովն անցկացվում է կարևոր մի փուլում, երբ մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ կինոյի ասպարեզում իրականացվում են բարեփոխումներ:
«Բարեփոխումների համատեքստում ուզում եմ ընդգծել, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լավարկման նպատակով մասնագետների հետ համատեղ քննարկումներ են նախատեսվում, և համատեղ առաջարկությունների արդյունքում կկատարվեն լրացումներ: Կարևոր փոփոխություններից է ֆիլմարտադրության ոլորտում միջոցների մասնակի վերադարձի (cash rebate) սահմանաչափի կարգը, որն առաջիկայում կգործարկվի: Նախարարության քաղաքականության առանցքում կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների խթանման դիտարկումը, ֆիլմերի միջազգայնացման և ֆոնդհայթայթման մեխանիզմների քննարկումը: Հորդորում ենք կինեմատոգրաֆիայի ոլորտի բոլոր մասնագետներին նմանօրինակ քննարկումներին գործուն մասնակցություն ցուցաբերել՝ ոլորտում ապահովելով մրցակցություն ու թափանցիկություն: Կարևորում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որը նպաստավոր է ոչ միայն ֆիլմարտադրության, այլև մշակույթի ոլորտի զարգացման համար»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև խնդիրների լուծման ուղղությամբ իրավական կարգավորումները և միջազգային փորձի ուսումնասիրությունը, քննարկումներն ու վերլուծությունը: Դանիել Դանիելյանը համաժողովի մասնակցիներին մաղթել է արդյունավետ ու հետաքրքիր աշխատանք:
Համաժողովի ընթացքում կներկայացվի արտերկրում գործող հայկական կինոարտադրանքի հանրահռչակմանը նպաստող կինոփառատոների մասին համապարփակ տեղեկատվություն: Հայաստանում անցկացվող միջազգային կինոփառատոների, համատեղ կինոարտադրության, կինոժառանգության պահպանման, աուդիովիզուալ ոլորտում արհեստական բանականության, ֆիլմերի միջազգային դիստրիբուցիայի և տարածման թեմաներով ելույթներ կունենան մասնակից երկրների փորձագետները, որից հետո կանցկացվի երկխոսություն՝ փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների միջև:
Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 7-11-ը կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի աշխատարան, որը կանցկացնի ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին՝ նախապես մրցութային կարգով ընտրված կինոնախագծերից: Հնարավորություն կընձեռվի համաժողովին մասնակից միջազգային կինոփառատոների, դիստրիբյուտորական և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացնել ֆիլմերի ստեղծագործական և արտադրական մանրամասները:
Նախաձեռնությունն իրականացվում է ընթացիկ փուլում գտնվող ֆիլմերի առաջխաղացմանը նպաստելու նպատակով. ներկայացված 33 կինոնախագծերից ընտրված 6 նախագծերը ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան դրամական խրախուսում:
Գիտաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կինոմոսկվայի կարմիր դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը, իսկ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է: