Connect with us

Հեռուստատեսություն

Մարզային հեռուստաընկերությունների եթերներում բովանդակության մեծ մասը ռուսերեն է

ՀՌԱՀ-ը իրավիճակը շտկելու 2 ճանապարհ է տեսնում

Հրապարակվել է

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամլո ասուլիսը, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ասել է, որ եվ՛ ռադիոների, և՛ հեռուստաընկերությունների եթերներում բովանդակության գոնե 55% պետք է լինի հայրենական արտադրության։ Այսինքն՝ ցանկացած օտարալեզու ֆիլմ, հաղորդում, համերգ, որը թարգմանվել է հայերեն, համարվում է հայրենական արտադրանք։

Տիգրան Հակոբյանն ընդգծում է՝ եթե խոշոր ՀԸ-երը պահպանում են հայերեն բովանդակության այդ տոկոսը, ապա ՀԸ-երի մի մասը չի հետևում այդ օրենքին։ Հայերեն բովանդակության առումով վատ վիճակում են գտնվում հատկապես մարզային հեռուստաընկերությունները. «Թվային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները ընդամենը 15%-16% հայերեն արտադրանք են եթեր տալիս։ Մարզերում մարդիկ զրկված են մայրենի լեզվով քոնթենթ նայելուց։ Սա շատ բացասաբար է ազդում երեխաների վրա, որոնք չեն կարողանում հայերենով հաղորդումներ նայել»։

Նրա խոսքով՝ հայերեն բովանդակության 55% շատ քիչ է. «Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպիսին են Ղազախստանը կամ Ղրղզստանը, որտեղ բավականին մեծ թվով ռուսալեզու բնակչություն կամ էթնիկ ռուսներ կան, այնտեղ եթերում 70%-80% է հայրենական արտադրանքի ծավալը, քանի որ այդ մարդիկ մտահոգված են իրենց մշակույթի, լեզվի մաքրության, ինքնության պահպանմամբ։ Մեզ մոտ ընդամենը 55% է, որն էլ, ցավոք, չի պահպանվում»։

Նշենք, որ Ղազախստանում ռուսերեն լեզուն պաշտոնական լեզու է համարվում 1995 թվականից, իսկ Ղրղզստանում 2010 թվականից:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անալոգային տիրույթում գործող հեռուստաընկերություններում վիճակն առավել վատ է. «Դեկտեմբերի չափումներով՝ մարզային հեռուստաընկերություն կա, որի եթերով օր է եղել, որ հայերեն լեզվով քոնթենթը կազմել է ընդամենը 1.1 տոկոս։ Գուշակեք՝ հայերենով ինչ է եղել եթերում՝ գովազդ։ Միջազգային պրակտիկայում հասկացություն կա՝ լեզվի անվտանգություն։ Մեր երկրում լեզվի անվտանգությունը խախտված է։ Պետք է քայլեր ձեռնարկենք, որ դա շտկվի»

Տիգրան Հակոբյանը խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկում. «Հայերեն լեզվով քոնթենթը հավելյալ միջոցներ են պահանջում։ Մենք Կառավարությանը երկու լուծում ենք առաջարկում՝ առաջին՝ ստեղծել հայերեն լեզվով հաղորդումների, ֆիլմերի միասնական շտեմարան։ Կան բազմաթիվ հայերենով թարգմանված ֆիլմեր, մուլտեր, համերգներ ու հաղորդումներ, որոնց հեռարձակելու իրավունքները գնված են, սակայն դրանք այդպես էլ մնում են հեռուստաընկերությունների արխիվներում։ Մենք ուզում ենք խնդրել խոշոր ՀԸ-երին ու նաև Հանրայինին, որ տրամադրեն դրանք ու հատկապես մարզային հեռուստաընկերությունները կարողանան այդ բովանդակությունից օգտվել։ Երկրորդը՝ ինչ-որ բազայի վրա ստեղծել կրկնօրինակման ստուդիա, որտեղ բոլոր ֆիլմերն ու մուլտերը թարգմանվեն ու կվաճառվեն հեռուստաընկերություններին։ Այդպիսով՝ ինքնարժեքը քիչ կլինի»։

Տիգրան Հակոբյանը նաև նշում է, որ երկրորդ առաջարկի իրականացման համար կխնդրեն նաև պետական աջակցություն. «Կան թատրոններ, որտեղ դերասանները աշխատավարձ են ստանում, սակայն շատ գործ չունեն, նրանք ամսվա մեջ մի քանի անգամ կգնան ու կթարգմանեն այդ ֆիլմերն ու հաղորդումները»։

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հեռուստատեսություն

Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գոշա» սերիալը մեկնարկում է ռուսական հեռուստաալիքի եթերում

Մկրտիչ Արզումանյանը մարմնավորելու է ռուսական Միսթեր Բինին:

Հրապարակվել է

Հունվարի 25-ից ռուսական «Սուպեր» հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Գոշա» սուպեր նախագիծը՝ ռուսական Միսթր Բինի մասին: Սերիալի ռեժիսորն է Միխայիլ Միրոնովը, իսկ պրոդյուսերների աթոռներն են զբաղեցրել Ալեքսեյ Տրոցյուկը, Էդուարդ Իլոյանը, Միխայիլ Տկաչենկոն եւ Ռեզո Գիգինեիշվիլին: Սցենարը գրել է Սարգիս Մնոյանը, ում սցենարով նկարահանվել էր «Ուրիշի Փոխարեն» և հայ-ղազախական «Քայլ Ձիյով» կինոնկարները: Ամաչկոտ ժպիտով անշուք տղայի գլխավոր դերը բաժին է հասել Մկրտիչ Արզումանյանին:

(ավելին …)

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Շանթը մեկնարկում է հայալեզու «Շանթ Քիդս» մանկական հեռուստաալիքը

Հրապարակվել է

«Շանթ Kids»-ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ:

«Շանթ Kids» հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

  • հայկական սիրված մուլտֆիլմեր,
  • մրցութային հեռուստաշոուներ,
  • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,
  • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,
  • Սոյուզմուլտֆիլմի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Հեռուստաալիքը հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

Շարունակել ընթերցումը

Հեռուստատեսություն

HBO Max-ը մրցակիցների դեմ պայքարի հաղթաթղթեր է բացահայտել

WarnerMedia կոնցեռնի հոսքային ծառայությունը գործարկվելու է 2020 թվականի մայիսին:

Հրապարակվել է

Լաս Վեգասում CES խորհրդաժողովում WarnerMedia-ի թոփ-մենեջերներ Ջերեմի Լեգը եւ Էնդի Ֆորսելը նոր մանրամասներ են պատմել HBO Max-ի մասին, հաղորդում է Deadline-ը: Warner ընկերության հոսքային առցանց ծառայությունը ամսական $15 բաժանորդագրության ենթադրյալ գնով (ամենաբարձրը շուկայում) նախատեսում է մեկնարկել մայիսին:

Գլխավոր տեխնիկական տնօրեն Ջերեմի Լեգը պատմել է, որ սպառողներին նոր փորձ ընձեռելու համար նոր վիդեո ծառայության ստեղծողների խնդիրներից մեկն էր բացառել այսպես կոչված «անվերջ սքրոլինգը»: Շատ հոսքային հարթակներ դրանով տառապում են՝ ձգտելով հաճախորդներին հնարավորինս շատ բովանդակության միավորներ առաջարկել: Այս սահմանափակմանը հնարավոր կլինի հասնել իրավասու տեխնիկական գործիքների և իրական օգտագործողների առաջարկությունների համադրությամբ: Նաև կօգտագործվեն մի քանի նորամուծություններ, որոնք հնարավորինս հեշտացնում են շարժական սարքերով տեսանյութերի դիտումը:

Բացի այդ, Լեգը խոստացավ մի քայլ դեպի ինտերակտիվություն, որը այժմ անում է նաև Netflix-ը: Այնուամենայնիվ, այդ պլանները կիրականացվեն աստիճանաբար: «Այժմ ես և Էնդին ուզում ենք, որ մեր ծառայությունը պարզապես վերջապես լույս տեսնի», — խոստովանեց Լեգը:

HBO Max-ի գործարկման ասպեկտներից մեկը, որը դեռեւս մնում է չլուծված, բաժանորդագրության տարբեր տեսակներ են: Disney+ նոյեմբերի մեկնարկից առաջ շատ օգնեց, որ սպառողներին միանգամից մի քանի փաթեթային տարբերակներ առաջարկվեցին՝ փակ բաժանորդագրությունը միայն Disney-ի ծառայություններին (Hulu-ի եւ ESPN+ հետ միասին) ենթադրում էր ամսական $13-ի գին, իսկ մյուսը իրականացվում էր Verizon-ի հետ համագործակցության միջոցով: Երկու տարբերակները միասին թույլ տվեցին Disney+ աներեւակայելի արագ հանդիսատես ձեռք բերել, հասնելով 10 մլն բաժանորդի առաջին օրը մեկնարկից հետո: Ֆորսելը հաստատել է, որ իրենք նախատեսում են նաեւ օգտվողներին առաջարկել բաժանորդագրության տարբեր փաթեթներ:

Ինչ վերաբերում է բաժանորդների ծավալին, ապա Ֆորսելը պատմել է, որ HBO Max-ը ձգտելու է առաջիկա հինգ տարում հասնել մինչեւ 50 միլիոն տնային տնտեսությունների, սակայն ծառայության կառավարման թիմը կկենտրոնանա ոչ միայն քանակական ցուցանիշների վրա: «Մեր աշխատանքը պահանջում է իմաստ, այնպես, որ գլոբալ առաքելությունը մեզ ավելի կարեւոր է», — ասել է նա: « Մենք աշխատում ենք աչքի առաջ ունենալով, թե քանի մարդ պատրաստ է վճարել ամեն ամիս մեր ծառայության համար, որի մեջ մեծ ներդրումներ են արվել: Դա մեզ վրա որոշակի պարտավորություններ է դնում: Մեր առաջարկը կարեւոր կլինի մարդկանց համար, եւ դա մեզ մեծապես խթանում է»:

Լեգը նշել է, որ HBO Max-ը պատրաստ կլինի այցելուների հնարավոր ուժեղ հոսքին մեկնարկի ժամանակ − նրանք արդեն նման ռիսկեր են մշակել «Գահերի խաղի» եզրափակչի՝ նախորդ գարնանը 4,7 մլն օգտատերերի համար միաժամանակյա հեռարձակման ժամանակ: Ակնհայտ է, որ WarnerMedia-ն չի պատրաստվում կրկնել Disney+ սխալը, երբ ծառայության հաջող մեկնարկը մթագնել է տեխնիկական խափանումները հենց առաջին օրը:

HBO Max ծառայությունը կդառնա հոսքային ծառայությունների՝ հենց հիմա ծավալվող մրցակցային պատերազմում վերջին խոշոր մասնակիցը, որտեղ Apple-ն ու Disney-ն արդեն բացահայտել են իրենց խաղաքարտերն այլ առանցքային խաղացողների, այդ թվում ՝ Netflix-ի առջեւ: Հիշեցնենք, որ NBCUniversal-ը իր Peacock ծառայությունը կներկայացնի ապրիլին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային