Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ նոր Եվրասիական կինոակադեմիայի շնորհանդեսը։ Այս միջազգային կազմակերպությունն ստեղծվել է՝ աջակցելու Եվրասիայի երկրների կինոգործիչներին։ Միջոցառման առանցքային պահը դարձավ «Ադամանդե թիթեռ» նոր միջազգային կինոմրցանակի մեկնարկի հայտարարությունը, որը կոչված է դառնալ «Օսկարի» ու այլ արևմտյան մրցանակների այլընտրանքը։
Կազմակերպիչների խոսքով՝ ակադեմիայի նպատակն է ամրապնդել մշակութային կապերը, խթանել ստեղծագործական նախաձեռնությունները և պահպանել ավանդական արժեքները կինոարվեստի միջոցով։ Հիմնադիրներն են Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Կուբայի և այլ երկրների ներկայացուցիչները՝ ընդհանուր ավելի քան 20 պետություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տեսաուղերձում ընդգծել է, որ նոր մրցանակը «կոչված է դառնալու ստեղծագործական փոխգործակցության բաց հարթակ՝ հիմնված տարբեր երկրների ժողովուրդների ազգային շահերի, ավանդական արժեքների, մշակութային ինքնության հարգանքի վրա»: ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան հույս հայտնեց, որ ակադեմիան կդառնա կայուն հարթակ՝ ներկայացնելու ազգային ինքնատիպությամբ լի ֆիլմերը։
Առաջին մրցանակաբաշխությունը նախատեսված է 2025 թ․ դեկտեմբերի 5-ին։ Գլխավոր մրցանակը՝ $1 մլն, կշնորհվի լավագույն ֆիլմին։ Մյուս անվանակարգերում՝ ռեժիսուրա, սցենար, դերասանական աշխատանքներ և այլն, հաղթողները կստանան $250 հազար։
Մրցանակի արձանը՝ թիթեռի տեսքով, հիշեցնում է թանկարժեք քար՝ խորհրդանշելով արվեստի փխրունությունն ու մշակույթների բազմակողմանիությունը։
Նշանակալի է, որ նոր ակադեմիան ստեղծվում է նախորդ՝ 1997 թ․-ին հիմնված, բայց երբեք չգործաց նույնանուն կառույցի հիման վրա։ Այդ ժամանակ այն ստեղծվել էր ԱՊՀ մի շարք երկրների նախաձեռնությամբ, սակայն 27 տարիների ընթացքում ակադեմիան ոչ մի նախագիծ կամ միջոցառում չի իրականացրել։ Կառույցը գործնականում գոյություն չուներ:
2023 թվականի սեպտեմբերին ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհուրդը ճանաչեց կազմակերպություն կարգավիճակը և դրա ստեղծման մասին համաձայնագիրը ուժը կորցրած ճանաչեց: 2025 թվականի փետրվարի 13-ին հիմնադիր երկրներից մեկի՝ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես համաձայնություն է տվել համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ: Այս քայլը քննադատության ալիք է բարձրացրել ռուսալեզու հայկական լրատվամիջոցներում, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է, որ որոշումը առաջադրվել է ոչ թե Հայաստանից, այլ ԱՊՀ-ից:
Այսօր՝ գրեթե նույն հասցեում, նույն գաղափարի շրջանակում, բայց արդեն նոր մասշտաբով ու միջազգային ընդգրկմամբ, սկսվում է նոր փորձ։ Կապ ունի արդյոք այս նախագիծը ճակատագրական կրկնության հետ, թե դառնալու է իրական մշակութային փոխանակման գործիք՝ կպարզվի առաջիկա տարում։ Իսկ առայժմ նախագիծը հետաքրքրություն է առաջացնում, և հույս կա, որ 27 տարվա լռությունը չի կրկնվի: