Կաննի միջազգային կինոփառատոնի La Cinef ծրագրում ընդգրկվել է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «Մարտյան ձմեռը» (Winter in March), որի ռեժիսորն է Նատալյա Միրզոյանը։ Ֆիլմը ստեղծվել է հայկական արտադրական մասնակցությամբ․ գլխավոր արտադրողներից է ArtStep ստուդիան (Հայաստան)՝ համատեղ արտադրությամբ Էստոնիայի, Ֆրանսիայի և Բելգիայի գործընկերների հետ։
«Մարտյան ձմեռը» (աշխ. անվանում «Ձմեռն անվերջ») նկարահանված է տիկնիկային ստոպ-մոշն տեխնիկայով և բաճկոնե ձևանյութերի միջոցով։ Ֆիլմը դիտարկում է ռուսական էմիգրացիայի թեման՝ որպես հուզական արձագանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած լայնածավալ պատերազմի։ Գլխավոր հերոսները՝ Դաշան և Կիրիլը, չեն կարողանում հաշտվել իրենց հայրենիքի գործողությունների հետ և որոշում են հեռանալ։ Նրանց ճանապարհը դեպի Վրաստան վերածվում է սյուրռեալիստական մղձավանջի՝ մշտապես ուղեկցվելով բաժանման վախով։
Ֆիլմի ռեժիսոր Նատալյա Միրզոյանը արդեն ունի համաշխարհային ճանաչում. նրա նախորդ աշխատանքները՝ «Չինթի» (2012), «Հինգ րոպե մինև ծովը» (2018), ցուցադրվել են Բեռլինալեում, Անսիում, Հիրոսիմայում և այլ հեղինակավոր փառատոններում։ «Մարտյան ձմեռը» նրա առաջին ամբողջական փորձն է տիկնիկային անիմացիայի ժանրում։
Ֆիլմի երաժշտությունը գրել է ռուսական Tequilajazzz ռոք խմբի անդամ Եվգենի Ֆյոդորովը, ով նույնպես լքել է Ռուսաստանը։ Նատալյան սկսել է աշխատել ֆիլմի վրա՝ գրանցելով հարցազրույցներ ռուս արվեստագետների ու ընկերների հետ, որոնք քաղաքական ճնշումների պատճառով տեղափոխվել էին Հայաստան և Վրաստան։ Այդ պատմություններից մեկն էլ՝ Դաշայի և Կիրիլի մասին, դարձել է ֆիլմի հիմքը։
«Մարտյան ձմեռը» ստեղծվել է հայաստանյան ArtStep ստուդիայի կողմից, համագործակցությամբ Rebel Frame (Էստոնիա), Էստոնիայի արվեստի ակադեմիայի անիմացիայի բաժնի, ինչպես նաև Black Boat Pictures (Ֆրանսիա) և White Boat Pictures (Բելգիա) ընկերությունների հետ։ Ֆիլմի արտադրությունը իրականացվել է Էստոնիայի արվեստի ակադեմիայում։ Նախագիծն աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ներկայիս Հայաստանի կինոյի հիմնադրամ), Էստոնական կինոինստիտուտի, Էստոնիայի մշակույթի հիմնադրամի և Էստոնիայի արվեստի ակադեմիայի կողմից։