Connect with us

Կինոիրադարձություններ

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Հրապարակվել է

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:

Վարչապետի մրցանակ (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) տրվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» ֆիլմին:

Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: 16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Փակմանը ցուցադրվեց միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոիրադարձություններ

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան պարգեւատրել է «1917»

Հրապարակվել է

«Օսկարի» գլխավոր կանխատեսողներից մեկը՝ պրոդյուսերների գիլդիան (PGA) հայտնել է ամենամյա մրցանակի դափնեկիրներին: Գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերական նվաճումների համար հաղթող է դարձել «1917» ռազմական դրաման:

Մրցանակներն ստացել են ֆիլմի ռեժիսոր (եւ միաժամանակ պրոդյուսեր) Սեմ Մենդեսը, Պիպա Հարիսը, Ջեյն էն-Թեգգրենը եւ Քալում ՄըքԴուգալը: «1917»-ի մրցակիցներն էին «Մակաբույծները», «Իռլանդացին», «Մի անգամ Հոլիվուդում», «Փոքրիկ կանայք», «Ջոկերը», «Ջոջո Ճագարը», «Ամուսնական պատմություն», «Ford ընդդեմ Ferrari» և «Դանակները դուրս»:

Հաղթողի օգտին քվեարկելիս պրոդյուսերների գիլդիայի անդամներն օգտագործում են այսպես կոչված նախապատվությունների համակարգը՝ ձայների մշակման մեթոդը, որում լավագույնը դառնում է այն ֆիլմը, որը հավաքել է նախապատվությունների ավելի քան 50 տոկոսը: Իսկ եթե ոչ մի թեկնածու չի կարողանում հասնել այդ շեմին, ապա ձայները բաշխվում են մյուսների միջեւ, քանի դեռ հաղթողը 50 տոկոս + մեկ ձայն չի ունեցել:

Նույն համակարգն օգտագործվում է «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար: Անցյալ տարի գիլդիան տվեց «Կանաչ գրքին» գլխավոր մրցանակը, որը հետագայում նվաճեց նաեւ ոսկե արձանիկը: PGA մրցանակի գոյության 31 տարիների ընթացքում 21 համընկնում է եղել:

Ավելի վաղ «1917»-ը ստացել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ որպես լավագույն դրամա եւ «Օսկարի» տասը անվանակարգ: Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի հունվարի 30-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Սփայք Լին կգլխավորի Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Մայիսի 12-23-ը Ֆրանսիայում տեղի կունենա Կաննի 73-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահ կդառնա ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին: Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Սփայք Լին նաեւ կպարգեւատրվի Ոսկե արմավենու ճյուղով՝ կինոփառատոնի փակման ժամանակ կյանքի նվաճումների համար:

«Իմ կյանքի բոլոր ամենաերջանիկ և օրհնված պահերը անսպասելի էին: Երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին 2020 թվականին Կաննի փառատոնի ժյուրիի նախագահ դառնալ, ես ցնցված էի, երջանիկ, զարմացած եւ հպարտ միաժամանակ», — ասում է Լին:

62-ամյա կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, խմբագիր, պրոդյուսեր Սփայք Լին նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք դարձել են հանրության համար սիրելի ու պաշտելի։ Սփայք Լին կարողացավ ժամանկակից խնդիրներն ու հարցերը բերել կինոթատրոն։ Կաննում տարբեր ժամանակներում, սկսած 1986-ից, ներկայացվել են նրա յոթ աշխատանքները. 1986-ին «Նրան դա անհրաժեշտ է» դեբյուտային կինոնկարը ստացել է երիտասարդական ժյուրիի մրցանակը, այնուհետեւ հիմնական մրցույթում հայտնվել են նրա մի շարք այլ ֆիլմեր:

«Ինձ համար Կաննի փառատոնը (բացի նրանից, որ աշխարհի ամենակարեւոր կինոփառատոնն է, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց այպես է) մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի իմ կարիերայի վրա։ Կարելի է ասել, որ Կանն ինձ դարձրել է այնպիսի, ինչպիսին եմ ես այսօր կինոարտադրության ոլորտում»,- հայտարարել է կինեմատոգրաֆիստը։

Փառատոնի ժյուրիի ամբողջական կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին։ Նախորդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Սեպտեմբերի 2-12-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 77-րդ կինոփառատոնը, որի միջազգային ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի եւ պրոդյուսեր Քեյթ Բլանշետը, հաղորդվում է փառատոնի կայքում: Նա կդառնա չորս տարվա ընթացքում երրորդ կինը, որը գլխավորում է ստուգատեսի հիմնական մրցույթի մրցանակների բաշխումը: Ժյուրիի նախագահն անցյալ տարի եղել է արգենտինացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելը, իսկ 2017-ին՝ ամերիկացի դերասանուհի Աննեթ Բենինգը:

«Քեյթ Բլանշետը ոչ միայն ժամանակակից կինոյի վառ աստղ է, որն աշխատում է վերջին քսան տարիների մեծագույն ռեժիսորների հետ, եւ որին պաշտում են ամբողջ աշխարհում: Նրա նվիրվածությունը արվեստին, բարեգործությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ կինեմատոգրաֆիայում կանանց ազատմանը նպաստելը, որը դեռեւս չի կարող ազատվել տղամարդկանց նախապաշարմունքներից, Բլանշետին ոգեշնչման աղբյուր են դարձրել ընդհանուր հասարակության համար», — նշել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Բլանշետը «Օսկարի» երկակի մրցանակակիր է՝ «Ավիատորը» և «Ժասմին» ֆիլմերի համար; «Ոսկե գլոբուսի» եռակի հաղթող, երեք անգամ արժանացել է Բրիտանական կինո ու հեռուստաակադեմիայի (BAFTA): Նրան մեծ հաջողություն են բերել «Եղիսաբեթ», «Մատանիների տիրակալը», «Ոսկե դար», «Քերոլ» եւ այլ ֆիլմեր։ 2018 թվականին Բլանշետը գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին:

«Ամեն տարի ես ուշադիր ուսումնասիրում եմ Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը, եւ ամեն անգամ այն ինձ զարմացնում է իր ինքնատիպությամբ ու բազմազանությամբ: Սա աշխարհի ամենասադրիչ եւ ոգեշնչող փառատոնն է, որը ամբողջովին ներկայացնում է կինոյի էությունը: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է այս տարի լինել ժյուրիի նախագահ», — մեկնաբանել է Բլանշետը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: