Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Չքաղաքականացնել. Մհեր Խաչատրյանի հետ» հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, որը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք առաջին հայացքից ներկայացվում են որպես պարզաբանումներ, սակայն հակադրվում են թե՛ իրար, թե՛ գործող օրենսդրությանը։ Սա Հայաստանի կինոյ հիմնադրամի տնօրենի վերջին ամիսներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված երկրորդ հարցազրույցն է: Այս հեռուստաընկերությունը պետական մեղմ «չքաղականացվող» ուժի միջոցով հաղորդագրություն հղելու լավ հարթակ է: Հանգամանքների բերումով ակամա, երբ կառույցի ղեկավարը խոսում է քաղաքականությունից անհնար է չքաղակականացնել բովանդակությունը:
«Հայաստանի կինոյի հիմնադրամը իրականացնում է պետական քաղաքականություն կինոյի ոլորտի զարգացման» – հայտարարում է Բանուչյանը զրույցի սկզբում պատասխանելով Մհեր Խաչատրյանի «Ինչո՞վ է զբաղվում Հայաստանի կինոյի հիմնադրամը» հարցին՝ ամրագրելով, որ հիմնադրամը հանդիսանում է պետական քաղաքականության իրագործողը։
Ի՞նչ է ասում օրենքը
Ըստ ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝
Լիազորված պետական մարմինը՝ այսինքն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
«Մշակում և իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը»։
Այսինքն՝ պետական քաղաքականության մշակումը և իրականացումը վերապահված է միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և ոչ մի այլ կառույց, այդ թվում՝ կինոյի հիմնադրամը, չունի օրինական լիազորություն հանդես գալ որպես այդ քաղաքականության մշակման գործունեություն իրականացնող։
Այս ֆոնին Դավիթ Բանուչյանի խոսքերը կարող են դիտարկվել կամ որպես իրավական կարգավիճակի չհասկացողություն, կամ որպես մանդատի փաստացի գերազանցում՝ ստեղծելով անորոշություն, թե իրականում ով է որոշում կայացնող մարմինը ոլորտում։
Ոչ միանշանակ դիրքավորում
Բանուչյանը, որպես հիմնադրամի ղեկավար, ձևավորում է կառույցի կերպար, որը մի կողմից՝ իրագործում է պետական մշակութային քաղաքականություն, մյուս կողմից՝ հրաժարվում է որևէ պատասխանատվությունից․
«Իրականում այս նախադասության մեջ շատ բան կա կրթություն, գիտություն, մշակութային ժառանգության, կինոժառանգության պահպանություն, ֆիլմերի ֆինանսավորում, միջազգային հարաբերություններ, այսինքն այս ուղղությունները շատ են իրականում», — շարունակում է հիմնադրամի տնօրենը:
Այսպիսի մոտեցումը ոչ միայն հակասում է օրենսդրությանը, այլ նաև առաջացնում է կառավարման թափանցիկության և պատասխանատվության բացակայության ռիսկեր։
Օրենքում մեկ տողով չկա հստակ ձևակերպում թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի կինոյի հիմնադրամը, սակայն հաշվի առնելով բոլոր տարրերը այդ կառույցը կարելի է նկարագրել որպես նախարարության հանձնարարականների շրջանակներում առանձին խնդիրներ իրականացնող օղակ: Սա չափազանց կարևոր հատված է, քանի որ Հայաստանի կինոյի հիմնադրամը չունի օրենքներ կամ ենթաօրենսդրական ակտեր մշակելու մանդատ՝ դա վերապահված է միմիայն պետական մարմիններին:
«Մենք հիմա ծրագիր ենք մշակում», — ասում է Բանուչյանը Հայֆիլմ կինոստուդիայի վերաբերյալ: Ողջունելի այս քայլը նույնպես հանդիսանում է լիազորության գերազանցում, քանի որ այս գործառույթը վերապահված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայֆիլմի վերականգնումը ոչ ինչ է քան պետական քաղաքականություն, միանշանակ դիրքորոշում՝ վերականգնո՞ւմ ենք, թե ոչ, համարո՞ւմ ենք կարևոր օղակ, թե ոչ:
Հատկանշական է, որ հիմնադրամի տնօրենը շեշտադրում է կրթությունը և գիտութունը այնուհետև ֆիլմերի ֆինանսավորումը: Թեև օրենքը սահմանում է, որ կինեմատոգրաֆիան մշակույթի և արվեստի ոլորտ է, որը ներառում է ֆիլմի ստեղծման, տարածման, ցուցադրման հետ կապված մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության ամբողջությունը, իսկ պետական աջակցության նպատակներն ու ձևերն են կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը՝ այդուհանդերձ Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ դա առընչություն չունի, քանի որ կրթական և գիտական ոլորտում գործում են մասնագիտացված իստիտուցիաներ, որոնք ավելի հին և փորձնակ են քան նորաստեղծ կառույցը: Կինեմատոգրաֆիայի կառույցի առանցքային նպատակն է ազգային ֆիլմերի ֆինանսավորումը՝ ստեղծումը, տարածումը ու պահպանումը.
Ինչ եզրակացություն կարելի է անել
Այս հարցազրույցը վկայում է համակարգային մի իրավիճակի մասին, որտեղ կառույցը ներկայացվում է ոլորտային գործադիր իշանության հավակնորդ, իսկ պատասխանատվությունը կարող է հեշտությամբ շրջանառվել կառույցներից կառույց։
Այնուհետև Դավիթ Բանուչյանը հարցազրույցի ընթացքում ստեղծում է «միջանցիկ կառույցի» պատկեր, որը թեև ֆինանսավորում է, որոշումներ չի կայացնում, հետևում է օրենքներին, բայց իրականում որևէ կոնկրետ պատասխանատվություն չի ստանձնում։
Սա վկայում է այն մասին, որ մշակութային ոլորտում կառավարչական լիազորությունների իրական բաշխումն ու վերահսկողությունը դեռևս մնում է մշուշոտ՝ հակասելով օրենքի ոգուն ու տրամաբանությանը։
Չի կարելի հաշվի չառնել պետության ներսում տեղի ունեցող արագ որոշումներին՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Այս որոշումների և արագ սլացող գործընթացների ֆոնին կինեմատոգրաֆիայի մասին հնչում է միայն «կարևոր» բառը, իսկ հարցազրույցները թույլ են տալիս ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա՝ առանց քաղաքական բարեփոխումների՝ պահպանելով «բարեփոխական մոտեցման» պատրանքը: