Այսօր պանդեմիկ ճանաչված կորոնավիրուսի համաճարակը շարունակում է արտակարգ միջոցառումներ առաջացնել աշխարհի շատ երկրներում: Ամեն օր մեկը մյուսի հետևից վատ լուրեր է բերում կինոարդյունաբերության և համաշխարհային կինովարձույթի համար: Իրադարձությունները զարգանում են այնքան սրընթաց, որ միանգամայն հնարավոր է բարդ որոշումներ շուտով ստիպված կլինեն ընդունել նաեւ Հայաստանում:
Վաղվանից երկու շաբաթով աշխատանքը դադարեցնում են Լեհաստանի բոլոր դպրոցները, համալսարանները, կինոթատրոնները, թատրոնները եւ թանգարանները: Համազգային կարանտին մինչեւ ապրիլի 3-ը հայտարարել է Ուկրաինայի կառավարությունը: Կինոթատրոնների փակման վերաբերյալ որոշումները արդեն ընդունել են Կիեւի և Խարկովի իշխանությունները: Ճիշտ է, այս պահին Կիեւի կինոթատրոնները դեռեւս չեն դադարեցրել տոմսերի վաճառքը՝ հայտարարված միջոցները գնահատելով միայն որպես հանձնարարական:
Մերձավոր Արեւելքում արդեն փակվել են կինոթատրոնները Լիբանանում եւ Քուվեյթում: Վաղը նրանց օրինակին կհետեւի Սաուդյան Արաբիան: Հնդկաստանում արտակարգ միջոցներ են ձեռնարկվել երկրի որոշ շրջաններում: Այսպես, Կերալա նահանգում՝ շուրջ 35 մլն բնակչությամբ, կրթության ոլորտի բոլոր հիմնարկները եւ կինոթատրոնները փակ են մինչեւ մարտի 31-ը:
Երեկվանից Չեխիայում արգելվել են 100-ից ավելի մարդուց բաղկացած բոլոր զանգվածային միջոցառումները: Որոշումը վերաբերում է թատերական, երաժշտական եւ մշակութային այլ ներկայացումներին, կինոյի ցուցադրություններին, ինչպես նաեւ սպորտային ակցիաներին եւ կրոնական հավաքներին, բացառությամբ իշխանության մարմինների եւ դատարանների նիստերի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիրակի օրը դադարեցրել են աշխատանքը բոլոր իտալական կինոթատրոնները: Կինոթատրոնների մասնակի փակումները տեղի են ունենում Հոնկոնգում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում: Որոշ կինոթատրոններ դեռեւս անցյալ շաբաթ փակվել էին Ֆրանսիայի հյուսիսում:
Կորոնավիրուսի համաճարակը հարված է հասցրել ոչ միայն կինովարձույթին: Մոլորակի ողջ տարածքում չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել են տասնյակ այլ ավանդական միջոցառումներ: Ամերիկյան կինոարտադրության համար իսկական շոկ է դարձել Տեքսասի նահանգի Օսթին քաղաքում South by Southwest խոշոր կինոփառատոնի չեղարկումը: ԱՄՆ-ում կինոթատրոնների փակմանը գործը դեռ չի հասել, սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չի կարելի: Նախորդ հանգստյան օրերին The Hollywood Reporter ամսագրի պատվերով անցկացված հարցումը ցույց է տվել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կինոթատրոնների փակումը պաշտպանում է ամերիկացիների 38 տոկոսը: Հարցվածների 43 տոկոսն առայժմ դեմ է նման քայլին: Մինչդեռ այս ամենից շահում են առցանց կինոթատրոնները: Քանի որ տասնյակ եւ հարյուր միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն մնալ տանը, նրանց լսարանը զգալիորեն կաճի: Իսկ ահա սովորական կինոթատրոններին շատ դժվար է լինելու: