Մոսկվայի դատարանը չորս տարվա խիստ ռեժիմով ազատազրկման է դատապարտել պրոդյուսեր և ռեժիսոր Ալեքսեյ Պետրուխինին։ Այս մասին տեղեկացնում է Մեդուզան։ Պետրուխինը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն միջնորդելու փորձի համար:
Բացի ազատազրկումից, Պետրուխինին նշանակվել է նաև տուգանք, սակայն դրա չափը չի նշվում: Գործի մանրամասները չեն հրապարակվում․ միայն նշվում է, որ «հանցագործությունը չի իրականացվել Պետրուխինից անկախ հանգամանքների պատճառով»:
Պետրուխինը եղել է 2014 թվականին նկարահանված «Վիյ» ֆիլմի պրոդյուսերը, որը դարձավ Ռուսաստանի ամենաշահութաբեր ֆիլմը՝ հավաքելով ավելի քան 39 միլիոն դոլար։ Սակայն ֆիլմի շարունակությունը՝ Ջեքի Չանի և Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ «Վիշապի կնիքի գաղտնիքը» տապալվել է վարձույթում, չհավաքելով իր մեծածավալ բյուջեն, որն կազմել է շուրջ 2.6 միլիարդ ռուբլի (մոտ 40 միլիոն դոլար): իսկ «Վիյ-3»-ը («Անմահության շեմին․ Ճանապարհորդություն Հնդկաստան») այդպես էլ չհայտնվեց էկրաններին։ Այս երկու նախագծերն էլ ստացել էին պետական ֆինանսավորում Ռուսաստանի Կինոյի հիմնադրամի միջոցով, որն էլ դատի էր տվել Պետրուխինի հիմնած «ՌՖԳ»-ին: