Կաննի միջազգային կինոփառատոնի Marché du Film կինոշուկայում Հայաստանի կինոյի հիմնադրամի տաղավարում, տեղի են ունենում աշխատանքային տարբեր հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի թիմը՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, պրոդյուսեր Ելենա Ավետիսյանը և դերասանուհի Էսթել Մակարի Սերեկյանը, ներկայացրել են մի շարք նախագծեր՝ միջազգային համագործակցության նպատակով։
Ըստ Հայաստանի կինոյի հիմնադրամի տարածած տեղեկության՝ առանձնացվել են «Վերածնվածը» ֆիլմը, որը գտնվում է հետարտադրական փուլում, և «20 20-ի հրեշտակները» ֆիլմը, որն առայժմ զարգացման փուլում է։ Երկուսն էլ ստացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցություն։ Ներկայացվել են նաև զարգացման տարբեր փուլերում գտնվող այլ նախագծեր՝ «Սև ցուցակ» խաղարկային ֆիլմը, «Հոգի երկիր» ռոմանտիկ կոմեդիան, «Բաա՚բել» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» մինի սերիալը և այլն։
Հայաստանը այս տարի ներկայացված է երկու տաղավարով և մեկ նախաձեռնությունով՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հանդես է գալիս առանձին տաղավարով՝ ցուցադրական ծրագրով, Հայաստանի կինոյի հիմնադրամը ներկայացված է Marché du Film-ի շրջանակում ազգային տաղավարով՝ ապահովելով հիմնականում հիմնադրամի կողմից աջակցություն ստացած նախագծերի ներկայությունը, իսկ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան ներկայացել է «Հայկական Տուն» նախաձեռնությամբ, որի բովանդակային էությունը առայժմ չի բացահատվում: