Հանրային հեռուստաընկերության արտադրած Արամ Շահբազյանի «Սիրո մեղեդի» խաղարկային ֆիլմը իր առաջին հանգստյան օրերին գրանցել է խիստ անբավարար ցուցանիշներ՝ ընդամենը 135 հանդիսատես և 358․425 դրամ ընդհանուր եկամուտ: Նկարը ցուցադրվում է 3 կինոթատրոններում: Նման թվերը վկայում են ոչ միայն ֆիլմի վարձույթի անհաջող մեկնարկի, այլ նաև ընդհանուր ռազմավարական մոտեցման խնդիրների մասին։
Ֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի 15-ին, իսկ արդեն հաջորդ շաբաթ այն, մեծ հավանականությամբ, դուրս կգա կինոթատրոններից՝ չհասցնելով նույնիսկ փորձել պայքարել հանդիսատեսի ուշադրության համար: Միակ հույսը կինոթատրոնների բարեգթության վրա է, որոնք, հնարավոր է, որոշեն պահել այն էկրաններին ևս մեկ շաբաթ՝ որպես աջակցություն տեղական արտադրությանը։
Ինչպես վերլուծում է «ԿինոՊրես»-ը, նման ձախողման հիմնական պատճառը ֆիլմի գովազդային արշավի բացակայությունն է։ Շուկայավարումն իրականում սկսվել է միայն մայիսի 8-ին՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ առանց ձևավորված ինտրիգի, առանց թիրախային հաղորդագրությունների և առանց վիզուալ ներկայության սոցիալական մեդիա հարթակներում։ Այս պայմաններում դժվար էր ակնկալել որևէ տեսակի հանրային արձագանք՝ անկախ ֆիլմի որակից։
Սա խնդրահարույց է հատկապես այն պատճառով, որ խոսքը պետական միջոցներով ստեղծված, հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված նախագծի մասին է։ Նման նախագծերը պետք է օրինակ ծառայեն՝ թե՛ արտադրական որակով, թե՛ կազմակերպչական և մարքեթինգային մակարդակով։ Սակայն «Սիրո մեղեդին» ցույց տվեց համակարգային թերացումների ամբողջական պատկերը։
Թեև ֆիլմում նկարահանվել են այնպիսի ճանաչված դերասաններ, ինչպիսիք են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարիամ Ղազանչյանը և ուրիշներ, այդ հանգամանքը չի նպաստել ֆիլմի առաջխաղացմանը։ Նույնիսկ աստղային կազմը չի կարող փոխարինել արդյունավետ մարքեթինգային ու հաղորդակցական ռազմավարությանը, երբ ֆիլմը դուրս է գալիս էկրան առանց լսարան ձեւավորելու նախապատրաստման։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ նույնիսկ հանրային ռեսուրսների և հեռուստաեթերի հասանելիության պայմաններում, ֆիլմը չի կարող հաջողել առանց արհեստավարժ մոտեցման։ Այս դեպքը ևս մեկ հիշեցում է, որ ժամանակակից կինոարտադրությունը պահանջում է ոչ միայն բովանդակային, այլ նաև շուկայավարման և հանդիսատեսի ներգրավման հստակ ռազմավարություն։