Իրանցի ռեժիսորին, սցենարիստին և հեղինակավոր կինոմրցանակների հաղթողին ու նրա կնոջը մահացած են գտել Իրանի հյուսիսում գտնվող իրենց տանը, հաղորդում է Tasnim գործակալությունը: Նրա տվյալներով՝ ամուսնական զույգին ծեծի հետքերով հայտնաբերել է նրանց դուստրը, որն անմիջապես ոստիկանություն է կանչել։
Շաբաթ երեկոյան Դարիուշ Մեհրջուիին և նրա կնոջ մարմինները հայտնաբերել է դուստրը, մահացած ծնողներին հայտնաբերելուց հետո նա անմիջապես կապվել է ոստիկանության հետ, — գրում է գործակալությունը:
Ռեժիսորն ընտանիքի հետ բնակվում էր Էլբուրս մարզի առանձնատանը։ Tasnim-ը մանրամասնում է, որ զույգի մարմինների վրա կտրվածքներ և հեմատոմաներ են եղել: Դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել ասֆիքսիայի հետևանքով։ Հանցագործության դրդապատճառների և ենթադրյալ կասկածյալների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Դարիուշ Մեհրջուին 2008 թվականին մացնակցում էր Երևանի 5-րդ «Ոսկե Ծիրանին»: Նա խաղարկային ֆիլմերի մրցաութային ժուրիի նախագահն էր և միաժամանակ ոչ մրցութային բաժնում ցուցադրվեցին նրա կարևորագույն ֆիլմերը: Դարիուշ Մեհրջուին երեք անգամ մրցանակ է ստացել Բեռլինի կինոփառատոնում: Ռեժիսորը նաև դարձել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակի դափնեկիր: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Մեհրջուհին նկարահանել է 27 ֆիլմ։
Ներկայացնում ենք «Յոյս» մշակութային թերթի «Ո՞վ է Դարիուշ Մեհրջուին» հոդվածը, որը գրվել էր 2008 թվականին:
«Որպես իրանական կինոյի նոր ալիքի խորհրդանշական դեմք Մեհրջուին համարվում է ամենաինտելեկտուալ ռեժիսորներից մեկը: Նա ծնվել է 1939 թվականին Թեհրանում: Երիտասարդ տարիքում մեկնել է Սիացեալ Նահանգներ եւ Լոս-Անջելեսում ընդունվել Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կինոյի բաժինը: Այհնուհետեւ փոխելով մասնագիտությունը ուսումը շարունակել է փիլիսոփայության մասնաճյուղում, որը եւ ավարտել է 1964 թվականին: 1965-ին վերադառնալով Իրան նա, գրեթէ, անմիջապես սկսել է կինոռեժիսորի կարիերան: 1966-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը «Ադամանդ 33»-ը: Մեհրջուիի երկրորդ խաղարկային կինոնկարը «Կովը» (1969), նրան մեծ ճանաչում է բերել թե երկրի ներսում և թե արտասահմանում: 1971-ին ֆիլմը, գաղտնի դուրս բերելով Իրանից, ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում, որտեղ առանց նախապես ծրագրվելու եւ ենթագրերի դարձել է այդ տարվա փառատոնի ամենամեծ իրադարձությունը: Սա շրջադարձային ստեղծագործություն էր իրանական կինոյի պատմության մեջ:
Հանդիսատեսները մեծ խանդավառութեամբ ընդունեցին «Կովը», թեև նրանում անտեսվել էր շահութաբեր ֆիլմերին հատուկ, բոլոր ավանդական տարրերը: 1973-ին Մեհրջուին սկսեց նկարահանել իր այն գործը, որը պիտի դառնար ամենամեծ հավանության արժանացած նրա ֆիլմը: «Շրջան»-ի համահովանավորը Մշակոյթի նախարարությունն էր, բայց կինոնկարը բախվեց Իրանի բժշկական շրջանակների ընդդիմությանը, որով մինչեւ 1977-ը արգելված էր նրա ցուցադրումը: Իսկ արտասահմանում ֆիլմը համընդհանուր հիացմունք առաջացրեց:
1978-ին Մեհրջուին ուղեւորվեց Փարիզ, ուր մի քանի տարի մնաց եւ այդ ընթացքում ֆրանսիական հեռուստատեսության համար նկարահանեց «Ճանապարհորդություն դեպի Ռեմբոյի երկիր» լիամետրաժ կիսավավերագրական ֆիլմը: Տան կարոտը նրան ստիպեց վերադառնալ Իրան եւ ձեռնարկել «Կենվորները» (1986) մի կատակերգություն անշարժ գոյքի վաճառքով զբաղվող գերծակալի մասին, որը ջանում է բնակարանից վռնդել կենվորներին: «Համուն» ֆիլմում (1989), որ կյանքը խորտակած մտավորականի դիմանկար է, Սեհրջուին ձգտել է պատկերել իր սերնդի հետհեղափոխական շրջադարձը քաղաքա- կանութիւնից դէպի միստիցիզմ: 90-ականներին Մեհրջուին շարունակեց ֆիլմեր նկարահանել, որոնք առնչվում էին կանանց խնդիրներին: «Բանու»- (1991, էկրան է բարձրացել 1998-ին), քիչ թէ շատ, Լուիս Բունյուելի «Վիրիդիանա»-ի տեղափոխումն է Իրան: «Սարա»-ում (1993) նույնը վերաբերում է Իբսենի «Տիկնիկային տունը» պիեսին: (Փարին) (1995), որ Սելինջերի «Ֆրենին եւ Ջուին» վիպակի փոխադըրումն է, ուշադրություն գրավեց եւ դատավարության սպառնալիքի տեղիք տվեց մենակյաց գրողի կողմից: «Լեյլա»-ն (1996) ամբողջովին Մեհրջուի գործն էր եւ առաջինը, որ Արեւմուտքում լայնորեն ցուցադրվեց: Անպտղության եւ ամեն ինչին խառնվող սկեսրոջ պատճառով փլուզված ամուսնության պատմությունը հիացական արձագանքներ բերեց:
Փառատոներից եւ 1998-ին Լինքոլն կենտրոնի կինոընկերության կազմակերպված լիակատար հետահայաց ցուցադրությունից դուրս Մեհրջուի ֆիլմերը մեծ մասամբ անյայտ են Իրանի սահմաններից անդին, մի վրիպում, որը պիտի հուսալ, թե կըշտկվի ժամանակի ընթացքում:»