ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի թվում հաստատվել է «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» որոշումը: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող երրորդ ընդունված կարգն է:
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Եթե պարզ խոսենք, ապա այժմ Հայաստանում գրանցված իրավատերերը (ցանկացած անձ ով ձեռք է բերել ֆիլմի իրավունք)/դիստրիբյուտորները կամ կինոթատրոնները նախքան ֆիլմի ցուցադրումը պետք է ստանան վարձութային վկայկան Ազգային մարմնից: Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցները զրկվում են ֆիլմի տարածում իրականացնելու գործառույթից, անկախ այն հանգամանքից գրանցված են հարկայինում և ունեն J59.13 տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ թե ոչ: Ինչո՞ւ: Օրենքը հստակ սահմանում է «տնտեսավարող սուբյեկտ» հասկացությունը, և ընկալում է հետևյալ կերպ` կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ:
Նախ և առաջ պետք է նշենք թե ի՞նչ է Ֆիլմը: Ըստ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի՝ ֆիլմը ստեղծագործական խմբի համատեղ գործունեությամբ ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված և համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն է: Այսինքն այս օրենքը տարածվում է ֆիլմի ցանկացած տեսակի վրա՝ խաղարկային, վավերագրական, սերիալ, տեսաֆիլմ և այլն:
Համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա»: Օրենքը ֆիլմի տարածումն բացատրում է որպես «ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու գործընթաց», ինչը նշանակում է, որ ֆիլմի ցանկացած հանրային ցուցադրություն Հայաստանի Հանրապետության տարածքում (կինոթատրոն, հեռուստատեսություն, կինոբառ, ռեստորան, բացօթյա ցուցադրություն և այլն) համարվում են անօրինական առանց վավեր վարձութային վկայականի:
Վարձութային վկայականը տրվում է եթե 1) կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը` Կառավարության սահմանած կարգով; 2) կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման` պետք է լինեն օտարալեզու:
Տարիքային դասակարգումը, այսօրվա դրությամբ, Հայաստանում չեր գործուն օրինական սահմանում: Կինոթատրոնները ինքնուրույն էին դասակարգում ֆիլմերը համաձայն հիմնականում ՌԴ դիստրիբյուտորների/ֆիլմ տարածողների կողմից տրամադրված նյութերի: Կինոթատրոնը իրավունք չուներ արգելել որևէ անձի մուտքը դահլիճ: Այսուհետ վարձութային վկայականի հայտում իրավատերը նշելու է ցանկալի տարիքային դասակարգումը, իսկ Ազգային մարմինը վերջնական որոշում ընդունելու: Կարգի հաստատումից հետո Ազգային մարմինը պետք է սահմանի դասակարգման ձևանուշները:
Վարձութային վկայական տրամադրելու համար ձևավորվում է փորձագիտական խորհրուրդ, որը բաղկացած է 9 անդամից, որտեղ բացի նախագահից ընդգրկվում են երեխաների կրթության և դաստիարակության ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, մշակութաբաններ, կինոարվեստի (ներառյալ՝ կինոգիտություն, կինոարտադրություն, կինովարձույթ, ֆիլմ տարածող) ոլորտի մասնագետներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր ոլորտային ուղղությունից մեկական մասնագետ և 5 մասնագետ կինոարվեստի ոլորտից (ներառյալ նախագահը):
Համաձայն նախագծի ֆիլմի դասակարգումն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջերին համապատասխան՝ ելնելով ֆիլմում առկա տեղեկատվության բնույթից, փորձագիտական խորհրդի կողմից մշակված և Լիազորված պետական մարմնի (ԿԳՄՍ նախարարության, – խմբ.) կողմից հաստատված դասակարգման չափորոշիչների համաձայն՝ հետևյալ կատեգորիաներով.
- «Ը» (Ընդանուր) – նախատեսված է ցանկացած տարիքի դիտողի համար,
- «ԾՈՒ» – խորհրուրդ է տրվում դիտել ծնողների ուղեկցությամբ, նախատեսված է 8 և ավելի տարիքի անձանց համար,
- «12ԾՈՒ» – նախատեսված է 12 և ավելի տարեկան անձանց համար:12 տարեկանից ցածր անձանց խորհրուրդ է տրվում դիտել ծնողի ուղեկցությամբ,
- «15» – նախատեսված է 15 և ավելի տարեկան անձանց համար,
- «18» – նախատեսված է 18 և ավելի տարեկան անձանց համար,
- «21» – արգելված է 21 տարին չլրացած անձանց համար:
Համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փորձագիտական խորհուրդը չի կարող արգելել որևէ ֆիլմի վարձույթը: Վարձույթի վկայականի տրամադրումը մերժվում է եթե հայտում 1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ 2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին 3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։
Ինչ վերաբերում է հանրության կողմից բազմիցս բարձրացված ֆիլմերի թարգմանության խնդրին, ապա այս հարցին ևս լուծում է տրվում: Վարձութային վկայականը տրամադրվելու է միայն թարգմանված (հայերեն կրկնօրինակված կամ ենթագրված) ֆիլմերին: Օրենքով կինոթատրոններին տրված է ժամկետ՝ մինչև 2030 թվականը քայլեր ձեռնարկել հայալեզու ֆիլմ ցուցադրելու համար:
Օտարալեզու ֆիլմերի ցուցադրությունը թույլատրվում է միայն 1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա; 2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա; 3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա: Սակայն այս կազմակերպությունները պետք է ձեռք բերեն վարձութային վկայական:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 189.28-րդ հոդվածի համաձայն առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` կրկին մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Վարձակալության վկայականի տրամադրումն իրականացվում է Ազգային մարմին հիմնադրամի կողմից անվճար, հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ չեն կատարվել:
Ընդունված նախագծի ամբողջական փաթեթի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Այժմ ընդանում է Ազգային մարմնի ստեղծման գործընթացը: