Կիր. Օգս 18th, 2019

Հայաստանում իր գործունեությունն է սկսում Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիան

Ինչպես տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքը՝ Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ միավորվել են մեկ հարթակում. այսուհետ գործելու է Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիան:

Ասոցիացիայի նախագահ, «Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն Դավիթ Հակոբյանը նշեց, որ ոլորտում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք բարձրաձայնելու, կարգավորելու անհրաժեշտություն կա:

«Սա մի հարթակ է, որտեղ միավորված վերգետնյա հեռարձակողները կկարողանան միասնական բարձրացնել իրենց մտահոգող հարցը, լինել կապող օղակ հեռարձակողների ու օրենսդիր կամ այլ մարմինների միջև: Այժմ միավորվել է 15 հեռարձակող, սակայն մենք բաց ենք, կարող են միանալ նաև մյուսները»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Խոսելով ոլորտի խնդիրներից՝ Դավիթ Հակոբյանն առանձնացրեց մի շարք հարցերում վերգետնյա հեռարձակողների իրավունքնների պաշտպանությունը թե′ Հայաստանում, թե′ Հայաստանից դուրս: Քիչ չեն դեպքերը, երբ արտերկրում մասնավոր կաբելային հայալեզու հեռարձակողներն օգտագործում են հայկական հեռուստաընկերությունների արտադրանքն առանց թույլտվության:

«Բայց չէ՞ որ մենք գումարներ ենք ծախսել ու պրոդուկտ ստեղծել, իսկ դրսում շատ դեպքերում մեր արտադրանքն օգտագործում են: Առանձին-առանձին այդ ամեն ինչին հետևելը, վերահսկելը դժվար կլինի: Ահա այս հարթակով մենք այդ և այլ ուղղություններով միասնական աշխատանք կտանենք»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Շարունակելով խնդիրների թեման՝ «Իմպուլս ՍՊԸ»-ի տնօրեն Դավիթ Խումարյանը նշեց, որ ներկայում առկա է անհավասար մրցակցային դաշտ, ինչն անհրաժեշտ է վերանայել:

«Վերգետնյա հեռարձակողներն ամենավերահսկվողներն են, աշխատում են օրենքի տառին համապատասխան, հարկեր են վճարում, իսկ այսօր հայտնվել են ցանցային հեռարձակողներ, որոնք, մեծ հաշվով, որևէ օրինական բազայում չեն գործում: Իրենք կարող են իրենց թույլ տալ կոնկրետ գովազդի տեսակ, գովազդի չափ, բովանդակություն, ինչը մենք մեզ չենք կարող թույլ տալ: Հետևաբար, անհրաժեշտություն կա դաշտը հավասարեցնելու»,- ասաց Դավիթ Խումարյանը:

«Քիսս FM»-ի տնօրեն Ռուզաննա Շահինյանն առանձնացրեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի նախագիծը, որը քննարկումների փուլում է: Նրա խոսքով, ճիշտ կլիներ այդ նախագիծը քննարկվեր հենց շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես, վերգետնյա հեռարձակողների, որպեսզի ներկայում մտահոգող հարցերի պատասխաններն այդ նախագծում տեղ գտնեն:

«Ես մեր ռադիոկայանի անունից կարող եմ ասել, որ չենք հրավիրվել մասնակցելու նախագծի շուրջ որևէ քննարկման: Դա ճիշտ չէ: Դրանից բացի, նոր նախագիծը, կարծես, ընդհանուր առմամբ կրկնում է գործողին: Այնինչ՝ հիմա 21-րդ դարն է և պահանջները փոխվել են, հետևաբար օրենքն էլ պետք է ժամանակի պահանջին համարժեք լինի: Օրինակ, առկա է օրենսդրական բաց, որը թույլ չի տալիս Երևանում գործող ռադիոների հեռարձակումը հզորացնել և հեռարձակվել ամբողջ Հայաստանի տարածքում: Այնինչ՝ մարզերի հեռավոր գյուղերում այսօր ավելի լավ լսվում է ադրբեջանական, թուրքական ռադիոն»,- ասաց Ռուզաննա Շահինյանը:

«Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, ապա ես կարծում եմ, որ հասկանալի չէ, թե այն ինչ խնդիրներ է լուծելու: Ըստ էության, պատշաճ քննարկում չի իրականացվել շահագրգիռ կողմերի հետ, ու մենք այստեղ չենք տեսնում մեր խնդիրների լուծումները: Հետևաբար, անհրաժեշտություն կա, որ օրենքի նախագիծը մանրամասն ուսումնասիրվի»,- ասաց նա:

Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի նախագահությունն ամեն տարի փոփոխվելու է: Առաջին տարին նախագահում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:

X