Connect with us

Հայաստան

«Տատիկիս վարսերը» ֆիլմի պրոդյուսերի բաց նամակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

Հրապարակվել է

«2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ եւ կեղծ միջոցառումների հղումով», — նշվում է կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակում:

KinoPress.am-ը ներկայացնում է բաց նամակն ամբողջությամբ.

«Բաց նամակ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար
Պարոն Արայիկ Հարությունյանին

Ս.թ փետրվարի 23-ին Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկայում կնքվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ արտադրության պայմանագիր, որով ֆիլմի Եվրոպացի գործընկերները ստանձնել են 116 մլն ՀՀ դրամի ներդրման պարտավորություն: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այս ներդրումները կարող են հանգեցնել եւս 60 մլն դրամի ներդրման մոտ ապագայում:

«Տատիկիս վարսերը» այն ֆիլմն է, որի արտադրությունը 2 տարի առաջ ապօրինի կասեցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ԿԳՄՍ, նախկինում՝ Մշակույթի նախարարության կինոյի պատասխանատուների կողմից: Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսեւորումներով, որոնց վրա ցանկանում եմ հրավիրել Ձեր եւ հանրության ուշադրությունը:

Ս.թ Հունվարի 8-ին, ես դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Բեռլինում անցկացվող Եվրոպական կինոշուկային մասնակցելու դրամաշնորհ ստանալու նպատակով (ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11005. Աջակցություն կինոարվեստին» բաժնի «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետի համաձայն):

Փետրվարի 5-ին ստացել ենք ԿԳՄՍ նախարարության՝ Արայիկ Խզմալյանի ստորագրությամբ մերժումը, մասնավորապես՝ «կինոշուկայի մասնակցության համար հավելյալ միջոցներ նախատեսված չեն» հիմնավորմամբ: Մենք տեղեկացրել ենք գործընկերներին եւ ընդունել պատասխանը ի գիտություն:

Մի քանի օր անց, նախարարությունը բյուջեի նույն՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրմաշնորհ է հատկացրել այլ ռեժիսորի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի “Գիրը՝ էկրանին” կինոփառատոնին մասնակցելու համար: Ապա, նախարարությունը մեկ այլ դրմաշնորհ է հատկացրել Եվրիմաժի ՀՀ ներկայացուցչին՝ Բեռլինի կինոփառատոնին մասնակցելու համար:

Սրանով ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է մեր հիմնավոր կասկածները, որ պայքարը մեր դեմ մեկ ֆիլմի կասեցմամբ չի սահմանափակվում։ Այն վերաճել է բոլոր ճակատներով բաց հակամարտության եւ մերժումը պետք է ընկալել այսպես՝ «Հարգելի պարոն Գալստյան, ՀՀ բյուջեում միջոցներ նախատեսված չեն բացառապես եւ միայն Ձեր մասնակցության համար»:

Հարգելի պարոն նախարար, «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեմ այս արշավը որեւէ տրամաբանական բացատրության չի դիմանում։ Սա, թերեւս պետք է ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պետական ապարատը ամբողջ ուժով դիմադրում է առաջընթացին» դիտարկման համատեսքստում: Պատկերացրեք իրողություն, երբ Եվրոպական կինոշուկայի ՀՀ տաղավարում կնքվում է հայկական ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանագիր: Այդ մասին գրում է Եվրոպական կինոմամուլը, դրա վրա սեւեռվում է կինոշուկայի ուշադրությունը։ Համաձայնեք՝ լավ պատկեր է։ Հիմա պատկերացրեք Բեռլինալեի վրա ահռելի միջոցներ ծախսած ՀՀ պատվիրակության վերադարձը Բեռլինից առանց որեւէ շոշափելի արդյունքի։ Համադրեք եւ կտեսնեք վարչապետի թեզի իրատեսությունը:

Այժմ վտանգների մասին: Փետրվարի 21-ին Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում կինոփառատոն չի անցկացվել: «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը տեղի է ունենալու աշնանը: ԿԳՄՍ նախարարության կողմից տրված առաջին Դրամաշնորհի հիմքում դրված ծրագիրը ապատեղեկատվություն է, կեղծիք:

Բեռլինալեի օրերին Եվրիմաժը չի անցկացրել պաշտոնական հավաք, չի եղել նախագծերի քննարկում, եղել է Եվրիմաժի կոկտեյլը՝ փառատոնի մասնակիցների եւ հյուրեի համար, որին մասնակցությունը կրել է բացառապես մասնավոր բնույթ: ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեից հոգում է ՀՀ ներկայացուցչի աշխատավարձն ու բոլոր ծախսերը Եվրիմաժի պաշտոնական հավաքներին։ Հետեւաբար ծրագրում նշված հիմքերը ակնհայտորեն բավարար չեն մասնավոր ուղեւորության դրամաշնորհի համար:

Բեռլինալեին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանի մասնակցության փաստը նույնպես տարօրինակ է: Կինոշուկաները կազմակերպվում են ինդուստրիայի ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, վաճառքի գործակալների, տարածողների համար եւ կառավարության ներկայացուցիչները կինոշուկաներում հազվադեպ են երեւում:

2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին եւ կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ եւ կեղծ միջոցառումների հղումով: Սա խոսում է կինոյի պետական կառավարման աննախադեպ մասնագիտական անկման մասին։

Ես լիահույս եմ, որ կստանամ Ձեր արձագանքը վերոնշյալի վերաբերյալ, որպեսզի վստահ լինեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի քաղաքականությունը կինոյի կառավարման, դրամաշնորհների տրամադրման հարցում, ի մասնավորի, չի շարունակի խտրական վերաբերմունքը մեր ընկերության հանդեպ, որ Դուք չեք այս ամենի հովանավորը եւ սա չի արվում Ձեր անձնական հրահանգով:

Հարգանքով՝
Հովհաննես Գալստյան
կինոռեժիսոր, պրոդյուսեր
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն
25-02-2020, Երեւան»:

Ավելի վաղ կինոռեժիսորը հրապարակել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության 11.02.2020թ., N 127-Ա/2 որոշմումը, որով դրամաշնորհ է հատկացրել Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի մասնակցության ծրագրին։

«Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը Մոնտելիմար քաղաքում անցկացվելու է սեպտեմերի 18-26-ը:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է փետրվարի 21-ին ոչ փառատոնային ծրագրի ժամանակ, այլ Մոնտելիմար քաղաքում գործող «Mémoire et Culture Arméniennes» կազմակերպության և փառատոնի ներկայացուցիչների նախաձեռնությամբ: «Mémoire et Culture Arméniennes» ասոցիացիան ստեղծվել է 2000թ. հոկտեմբերին Մոնտելիմարում Գարբիս Քամբուրյանի և Ժակ Նազարյանի նախաձեռնությամբ: Այս մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ինչպես տեղեկացնում է Nouvelles d´Arménie Magazine պարբերականը՝ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությանը մասնակցել է 80 մարդ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 4

Հրապարակվել է

ԿինոՊրեսը շարունակում է «Կինոարվեստը և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.» հոդվածների շարքը, որոնցով հանդես է եկել Հայաստանի Ազգային Արխիվը ներկայացնելով դրանք «Բանբեր Հայաստանի արխիվներից» գիտահանրամատչելի հանդեսի ներգո: Ներկայացնում ենք վերջին մասը: Գուցե մեր անցյալը օգնի հասկանալ ներկան և գտնել խնդիրների լուծման ճանապարհը:

  • «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1» կարդացեք այստեղ:
  • «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 2» կարդացեք այստեղ:
    «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 3» կարդացեք այստեղ:

«Հետպատերազմյան ժամանակաշրջանում խիստ հրատապ անհրաժեշտություն էր մնում Երևանի կինոստուդիայի համար նոր շենքի կառուցումը, քանզի նախկինը վաղուց արդեն չէր բավարարում անգամ նվազագույն պահանջներին: Թեպետ այս մասին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարությունը դեռ 1950թ. համապատասխան որոշում էր ընդունել, սակայն հարցի լուծումը ձգձգվում էր: Թե այս և թե կինոստուդիայի տեխնիկական վերազինման հարցով ՀԽՍՀ կինոմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանը հանգամանալից և փաստարկված զեկուցագրով 1951թ. ապրիլի 4-ին դիմեց ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիայի նախարար Ի.Բոլշակովին, ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի նախագահ Ս.Կարապետյանին և ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Զ.Գրիգորյանին:

Անգամ այնպիսի մակերեսային թվացող հարց, ինչպիսին կինոթատրոնների անվանումներն էին, կրկին լուծվում էին միայն կուսակցական վերադասի թույլտվությամբ: Այսպես, 1950թ. նոյեմբերի 24-ին Կինեմատոգրաֆիայի նախարար Ա.Շահինյանը դիմեց ՀԿ(բ)Կ Կենտկոմին խնդրելով թույլատրել Երևանի կինոթատրոնների անվանափոխություններ կատարել: Ավելին, ՀԿ(բ)Կ Կենտկոմ էր ուղարկվում նույնիսկ կինոթատրոններում ցուցադրված ֆիլմերի ցանկերը, օրինակ՝ Լենինականի:

Անշուշտ, մշակույթի ընդհանուր զարգացման նկատմամբ իշխանությունների համալիր հոգատարությունը պայմանավորված էր նաև մշակութային օջախների ու հաստատությունների շենքային պայմանների բարելավմամբ: Հետպատերազմյան շրջանում նկատի ունենալով ֆինանսա-տնտեսական հնարավորությունների անհամեմատ աճն իրական պայմաններ ստեղծեց հարցի արմատական լուծման համար: Արդեն 1954թ. մարտի 25-ին հարցի վերաբերյալ Կուլտուրայի նախարար Ա.Շահինյանը հանգամանալից զեկուցագիր հղեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Թովամսյանին:

Այդտեղ նա ծայրահեղ անհրաժեշտություն էր համարում ներքոհիշյալ օբյեկտների շինարարությունը՝ յուրաքանչյուրի հիմնավորմամբ: Երևանի կինոստուդիան գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ Տերյան փողոցում և նրա տեխնիկական պայմանները միանգամայն հեռու էին բավարար լինելուց: ԽՍՀՄ Կուլտուրայի նախարարությունը կողմ էր նոր կինոստուդիայի շինարարությանը, սակայն անհրաժեշտ էր համարվում ՀԽՍՀ ղեկավարության անմիջական դիմումը մոսկովյան վերադասին:

Ընդառաջելով այս ամենին Ա.Թովմասյանը 1954թ. ապրիլին հարցի լուծման խնդրանքով դիմեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Պ.Պոսպելովին Երևանի կինոստուդիայի համար նոր տիպական շենք կառուցելու համար:

Խորհրդային կինոարվեստում տիրող լուրջ բացթողումների վերլուծումն ու քննադատումը կատարվեց ԽՄԿԿ Կենտկոմին 1955թ. մայիսի 20-ին ԽԱՀՄ Կուլտուրայի նախարար Ն. Միխայլովի զեկուցագրում: Այդտեղ ռեժիսորները հատկապես մեղադրվում էին խորհրդային ժամանակակից թեմայով ֆիլմեր նկարահանել չցանկանալու մեջ:

1956թ. ապրիլի 15-ին Կուլտուրայի նախարարության կոլեգիան հաստատեց ԽՄԿԿ 20-րդ համագումարի որոշումների կենսագործմանը միտված միջոցառումների ծրագիր: Մշակույթի ղեկավարմանը կոչված բոլոր գերատեսչություններին հանձնարարվեց իրենց աշխատանքի հիմքում դնել համագումարի որոշումները, կազմակերպել դրանց ուսումնասիրությունը, վերանայել աշխատանքային բոլոր պլանները: Կինոֆիկացիայի ասպարեզում առաջնահերթ խնդիր համարվեց գյուղական կինոցանցի բարելավման գործի պատասխանատվության բարձրացումը, օպերատիվ ղեկավարության և շրջանների հետ կապի ուժեղացումը, կինոնկարների գովազդման արմատական բարելավումը, գյուղկինոմեխանիկների որակի բարձրացմանը առավելագույն ուշադրության դարձնումը՝ «լավագույն» կոմերիտական-կոմերիտուհիների ընդգրկմամբ:

Կարևոր նշանակություն պետք է ունենար տարեկան առնվազն երեք գեղարվեստական լիամետրաժ կինոնկարների թողարկումը, իսկ քաղաքական տեսանկյունից՝ կինոակնարկներում համագումարի որոշումների պարբերաբար քարոզչությունը և տնտեսության ու մշակույթի ասպարեզներում դրանց կենսագործման ցուցադրությունը:»

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը վերսկսել է աշխատանքը

Հրապարակվել է

Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը (ԻՖԿԱ) տարածել է հաղորթագրություն, որ ապրիլի 6-ին տեղի է ունեցել առցանց հանդիպում Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի ԻՖԿԱ համահիմնադիրների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել դեռևս 2019 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Հայ Կինոյի Զարգացման Ռազմավարության Կոնֆերանսը:

«Փոխնախարարի հետ հեռահար ամփոփիչ հանդիպմանը կոնֆերանսի թեմաներին անդրադարձ եղավ՝ ըստ ռազմավարությունների ցանկի ու դեռ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթության։ Արծարծվեցին կինոարտադրության պետական ֆինանասավորման դաշտում դեռևս առկա կենսական նշանակության բացերը: Փոխնախարարը վերահաստատեց պատրաստակամությունը՝ համագործակցել հատկապես այնպիսի հիմնահարցային եզրերում, ինչպիսիք են. պետության և կինոարտադրողի հետ պայմանագրերի իրավական հիմքերի վերանայումը, հստակեցումը և առկա խնդիրների շտկումը; պետական ֆինանսավորման ազգային մարմնի ինստիտուտի որակական կառավարման խնդիրներն ու հնարավոր լուծումները; ոչ բավարար պետական, մասնավոր և արտասահմանյան ներդրումներին ուղղված ռազմավարությունները։

ԻՖԿԱ-ն փոխնախարարին հանձնեց կոնֆերանսի արդյունքների ամփոփագիրն ու հանձն առավ` կարճ ժամկետներում ներկայացնել առանձին ռազմավարական միջոցառումներին ուղղված մի շարք փաստաթղթեր:

Հեռահար հանդիպման ընթացքում ԻՖԿԱ-ն ներկայացրեց նաև COVID-19 համաճարակի հետևանքով կինոոլորտում ծագած խնդիրների լուծման և դաշտի ճգնաժամային կառավարման քայլերի առաջարկ։ Վերջին ամիսներին Հայաստանում և աշխարհում ներդրված տեղաշարժի և գործունեության սահմանափակումները մեծապես ազդում են մեր ոլորտի վրա, որտեղ ուղիղ շփումն ու թիմային աշխատանքը կենսական դեր ունեն։ Ծանոթանալով միջազգային փորձին՝ մենք առանձնացրել ենք որոշակի քայլերի ռազմավարություն, որը կառավարությանը կօգնի մեղմել համաճարակի ազդեցությունն ինչպես այս օրերին, այնպես էլ՝ երկարաժամկետ, երբ գալիք ամիսներին միայն ակնհայտ կդառնա կինոգործիչների և պետության կրած իրական վնասի չափը։ Փոխնախարարը սիրով ընդունեց առաջարկներն ու ցանկություն հայտնեց սերտորեն համագործակցել՝ համատեղ իրականացնելով ճգնաժամի պայմաններում իրավիճակի գնահատման, վտանգների կանխարգելման ու ոլորտի աջակցության աշխատանքներ։ Համայնքի մեր գործընկերներին ևս կոչ ենք անում մեզ ներկայացնել սեփական մտահոգություններն ու առաջարկները, որոնք անպայման միասին կքննարկենք ու կներառենք կառավարության հետ մեր համագործակցության աշխատանքային օրակարգում»:

2019 թ. դեկտեմբերի 1-ին Աղվերանում տեղի ունեցած Հայ Կինոյի Զարգացման Ռազմավարության Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՖԿԱ Հայաստանի Անկախ Կինոգործիչների Համայնքի կողմից և աջակցություն ստացել ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության կողմից։ Կոնֆերանսին ներկա էին շուրջ երեսուն կինոգործիչ, Ազգային Ժողովի, Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի, Զբոսաշրջության Պետական Կոմիտեի և առնչվող ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ և առցանց արտասահմանյան խոսնակներ:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մարգարիտա Գրիգորյանը թողնում է Հ1-ի տնօրենի պաշտոնը

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:

Հրապարակվել է

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներԻնձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։

Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։

Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։ Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։ Առողջություն բոլորիս, կտեսնվենք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, ապրիլի 17-ին տեղի էր ունեցել արտահոսք: ՀՀ վարչապետի ուղիղ եթերի ժամանակ արված տեխնիկական փորձերի կադրերը լայն տարածում էին գտել համացանցում և դարձել ծաղրանքի առարկա: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել էր բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները` Արմենիա ԹիՎի, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա 5-րդ ալիքը:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: