Ամեն տարի Տորոնտոն դառնում է Կանադայից և ԱՄՆ-ից կինոսերների և արդյունաբերության մասնագետների ներգրավման կենտրոն, որտեղ տասնմեկ օր շարունակ անցկացվում են համաշխարհային կինոյի ամենասպասված նորույթների ցուցադրությունները: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը կամ TIFF-ը , որը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին, ներկայացնում է շուրջ երեք հարյուր ֆիլմ տասնյակ երկրներից, այդ թվում՝ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր:
Փառատոնը սկսվել է ռեժիսոր Դեյվիդ Գորդոն Գրինի «Մարդուկ-Ջարդուկը» դրամեդիի ցուցադրությամբ, որում գլխավոր դերն էր կատարում Բեն Սթիլերը: Սակայն բացման մթնոլորտը փոքր ինչ մթագնել են փառատոնի պաշտոնական գործընկերոջ՝ Կանադայի Թագավորական բանկի դեմ ուղղված բողոքի ակցիաները: Բանկը հայտնի է Իսրայելի աջակցությամբ: Ցուցարարները արագ հեռացվեցին անվտանգության ծառայության կողմից և միջոցառումը շարունակվեց:
TIFF փառատոնը հայտնի է նաև իր ամբիցիոզ և յուրահատուկ մոտեցմամբ: Կանադացի լրագրողները գտել են երիտասարդ կինոսեր Էրիկ Թիշին, ով նպատակ է դրել 11 օրում 80 ֆիլմ դիտել, ինչը պետք է համաշխարհային ռեկորդ դառնա: Թիշը, ով աշխատում է որպես Reel Canada շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագրերի տնօրեն, նախատեսում է հնարավորինս կրճատել քնելու ժամանակը և տեղափոխվել Տորոնտոյի մի քանի կինոկոմպլեքսների միջև՝ իր նպատակին հասնելու համար:
Չնայած բոլոր դժվարություններին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը շարունակում է մրցակցել Եվրոպայի առաջատար կինոփառատոների՝ Կաննի, Վենետիկի և Բեռլինի հետ: Այն կարևոր դեր է խաղում մրցանակաբաշխությունների ձմեռային սեզոնի ֆավորիտները որոշելու հարցում, որն ավարտվում է «Օսկար» մրցանակաբաշխությամբ: Փառատոնի հիմնական մրցանակը հանդիսատեսի համակրանքի մրցանակն է, որն այն յուրահատուկ է դարձնում մյուս փառատոների համեմատ:
TIFF 2024-ը սպասում է մոտ յոթ հարյուր հյուրերի, այդ թվում՝ հայտնի դերասանների, ռեժիսորների և երաժիշտների: Աստղային հյուրերի թվում են Ադամ Դրայվերը, Էմի Ադամսը, Անջելինա Ջոլին և Քեյթ Բլանշեթը, ինչպես նաև Փոլ Անկան, Էլթոն Ջոնը և Բրյուս Սփրինգսթինը, ովքեր ժամանել են որպես վավերագրական կենսագրականների հերոսներ: Ծրագրում ներկայացված են նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Սթիվեն Սոդերբերգի և Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմերը:
Եվ, իհարկե, հանդիսատեսն անհամբերությամբ սպասում է Կաննի հաղթողին՝ Շոն Բեյքերի «Անորա» տրագիկոմեդիային, որտեղ սյուժեի կենտրոնում Նյու Յորքի էքսկորտուհու և ռուս օլիգարխի որդու սիրային պատմությունն է: