Արդեն կարելի է նշել Հայաստանում քեշբեքի 10+ տարեդարձը: Cashback-ը («կանխիկի վերադարձ») տերմին է, որը նշանակում է բանկային քարտի հաշվին գնման արժեքի մի մասի վերադարձ: Այս համակարգը արագ տարածվեց մեր առօրյայում և հաճախ է կիրառվում ծառայությունների ոլորտում: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի քննարկումների շրջանում հաճախ կարող եք լսել «քեշբեք» եզրույթը, սակայն որքանո՞վ է այն ճիշտ:
Նախկինում հոլիվուդյան ֆիլմերը գնում էին նկարահանելու, օրինակ՝ Չեխիա կամ Հունգարիա, քանի որ այնտեղ սկզբունքորեն ավելի էժան էր նկարահանելը, և այդ երկրների օրենսդրությունը պրոդյուսերներին թույլ էր տալիս վերադարձնել ծախսված գումարի մի մասը։ Հիմա նման համակարգի փող ետդարձի կարող է պարծենալ բոլոր եվրոպական երկրները, ինչպես նաև Վրաստանը և Ռուսաստանը:
Քեշբեքի շնորհիվ հնարավոր է վերադարձվել 1%-ից մինչև 10%: Բանկային ծառայությունների դեպքում այդ տերմինն օգտագործվում է բոնուսային ծրագիր ներկայացնող ծառայությունը նշելու համար, որը գնորդին վերադարձնում է քարտի վրա գնելու համար ծախսված գումարի մի մասը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:
Հարկ է նշել, որ քեշբեքը ոչ թե մեկանգամյա զեղչային ակցիա է, այլ գումարի հետաձգված վերադարձ, որը հաշվարկվում է որոշակի ժամանակահատվածից հետո և կիրառվում է առևտրի կետում սահմանված մեկանգամյա կամ սեզոնային զեղչերի վրա:
Կա ևս մեկ հասկացություն՝ rebate, կամ րիբեյթ: Այն նշանակում է նույն քեշբեքը, սակայն ծավալի տարբերությամբ: Սովորաբար այն վերաբերում է խոշոր կազմակերպությունների միջև խոշոր առևտրային գործարքների: Կինեմատոգրաֆիայի ծավալները ակնհայտ են:
Օրենքի նախագծի առաջին ընթերցման տարբերակում զեղչային համակարգը ներկայացվում է մի քանի կետում՝
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
16) հավաստագիր՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.
Հոդված 15. Ֆիլմարտադրությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ ներդրմամբ ֆիլմարտադրություն իրականացնելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր եւ ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները հավաստագրի հիման վրա ձեռք բերել մատակարարից դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:
Հոդված 21. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը
1. Մատակարարների՝ հաշվետու եւ դրան հաջորդող տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է հավաստագրի հիման վրա ֆիլմարտադրողներին մատուցված ծառայությունների մասով չստացած եկամտի (նվազագույն շահավետ գնի եւ իրացման գնի տարբերության) 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ ծառայությունների նվազագույն շահավետ գնի 20 տոկոսը:
Cash Rebate համակարգը թույլ է տալիս այն երկրին, որի տարածքում նկարահանվել է ֆիլմը, պրոդյուսերներին վերադարձնել նկարահանումների վրա ծախսված գումարի մի մասը, որոշակի պայմանների կատարման դեպքում: Անգլերենից րիբեյթը (rebate) թարգմանվում է որպես զեղչ:
Ռիբեյթային ծրագրերը սովորաբար առաջարկվում են խոշոր ընկերությունների կողմից իրենց դիստրիբյուտորներին և դիլերներին, թեև հանդիպում են նաև վերջնական գնորդներին րիբեյթների տրամադրման դեպքեր:
Ռիբեյթային ծրագրին մասնակցող դիլերը կամ դիստրիբյուտորը ապրանքը ստանում է լրիվ արժեքով, և եթե սահմանված պայմաններով ապրանքը վաճառում է գնորդին, ապա գործարքի արդյունքում նրան վերադարձվում է րիբեյթը՝ ապրանքի արժեքի մի մասը: Դիլերը կամ դիստրիբյուտորը կարող է տնօրինել րիբեյթը իր հայեցողությամբ:
Կինոյի դեպքում պրոդյուսերը գալիս է կոնկրետ երկիր, ֆիլմ է նկարահանում, այնտեղ փող է ծախսում, հետո հատուկ (պայմանները կատարելու) հաշվետվություններ է հանձնում։ Այն գումարի մի մասը, որը նա ծախսել է առանձնացվում է հատուկ հիմնադրամում, որից հետո նա վերադարձ է ստանում:
Տարածաշրջանային իրողություններ
Վրաստան
2016 թվականին կինոարտադրության զարգացումը խթանելու և արտասահմանյան կոնտենտի արտադրողներին երկիր ներգրավելու ձգտման մեջ պրոդյուսերական ծախսերի փոխհատուցման համակարգ է մտցրել Վրաստանը: Նախաձեռնությունը ստացել է Film in Georgia («Նկարահանիր Վրաստանում») անվանումը: Այս ծրագիրը նախատեսում է պրոդյուսերներին փոխհատուցել երկրի տարածքում կատարվող ծախսերի 20 տոկոսից մինչև 25 տոկոսը, որոնք համապատասխանում են սահմանված նորմերին (կապված արտադրության գործընթացի, անձանց և կազմակերպությունների ծառայությունների վճարման հետ, որոնք գրանցված են և հարկեր են վճարում Վրաստանում): Ծրագրի պայմաններով նախագծերի հայտ կարող են ներկայացնել միայն Վրաստանում գրանցված կազմակերպությունները:
2019 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները վերածվեցին Universal Pictures ընկերության «Ֆորսաժ 9» (Fast and Furious 9) ֆիլմի համար նախատեսված 10 րոպեանոց հատվածի նկարահանման հրապարակի: Նախկինում ԿինոՊրես-ը անդրադարձել է ֆիլմի նկարահանումներին:
Նկարահանող խումբը բաղկացած էր 600 հոգուց, որոնցից 425-ը տեղի բնակիչներ են:
Վրաստանում «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանման համար ծախսվել է մոտ 32 մլն լարի (մոտ 10,94 մլն դոլար/9,81 մլն եվրո), հաղորդում է Enterprise Georgia-ն ՝ «Արտադրված է Վրաստանում» պետական ծրագրի բիզնես-ստորաբաժանումը, որը նպաստում է երկրում նոր ձեռնարկությունների զարգացմանը:
Թուրքիա
Թուրքիան 2020 թվականին ներդրել է մինչեւ 30%-ի չափով զեղչային համակարգ: Դա մեծ խթան կհանդիսանա Թուրքիայի համար, որն ունի տպավորիչ կինեմատոգրաֆիական պատմություն և ծաղկուն հեռուստատեսային արդյունաբերություն, ինչին նպաստում են Netflix-ի կողմից աջակցվող տեղական սերիալները (Նեթֆլիքսը Ստամբուլում գրասենյակ է բացել 2021 թվականի հունվարին), ինչպիսիք են «Օսմանյան կայսրության ծագումը»: ԿինոՊրես-ը արդեն անդրադարձել էր թուրքական սերիալների ֆենոմենին:
Թուրքիայում ֆիլմ նկարահանելու և զեղչ ստանալու ցանկություն ունեցող ցանկացած արտադրություն պետք է երկրում առնվազն 6 մլն թուրքական լիրա (մոտ 370 մլն դրամ) ծախսի գեղարվեստական ֆիլմերի և 1 մլն թուրքական լիրա (մոտ 62 մլն դրամ) վավերագրական ֆիլմերի և սերիալների (դրվագի համար) վրա:
Օտարերկրյա արտադրողները պետք է համագործակցեն թուրքական համապրոդյուսերի կամ արտադրական ծառայությունների մատակարարի հետ, քանի որ միայն նրանք կարող են դիմել զեղչ ստանալու համար: Նրանք պետք է նաև որակավորման քննություն անցնեն, որը հիմնված է բալային համակարգի վրա՝ մշակութային բովանդակություն, Թուրքիայի քաղաքացիների մասնակցություն և տեղական կինոկառուցվածքի օգտագործման բաժիններով: Նախագծերը պետք է հավաքեն առնվազն 50 միավոր (հնարավոր 100-ից), որպեսզի զեղչվեն: