Այսօր՝ մայիսի 3-ին, «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ապրիլի 30-ին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով տարածված բաց նամակին, որը հասցեագրված էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Նշված հանդիպումը կայացել էր Հայաստանի կինոգործիչների միության շենքում։ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան չէր մասնակցում քննարկմանը: Հանդիպման մասնակիցները իրենց նամակում ներկայացրել էին մտահոգություններ, որոնք վերաբերել են «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը» հաստատող հրամանին։
Ֆեդերացիան հայտարարության մեջ ողջունում է ոլորտային փաստաթղթերի շուրջ կինոգործիչների ակտիվությունը և ընդունում որոշ մտահոգությունների արդիականությունը։ Սակայն միաժամանակ նշում է, որ նամակում առկա են «կեղծ պնդումներ և ապատեղեկատվություն», որոնց նկատմամբ չի կարող անտարբեր մնալ։
«Ցանկացած հրապարակում, որի տակ չկա ՖԱՀՖ-ի անունը և որը չի քննարկվել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, զուրկ է լեգիտիմությունից։ Եթե իսկապես կարևորում եք ոլորտի լայն ներգրավվածությունն ու փոխհամաձայնությունը, ապա այն պետք է կիրառել նախևառաջ ձեր իսկ գործողություններում», — ասված է հայտարարության մեջ։
Ֆեդերացիան բացարձակապես հերքում է բաց նամակում առաջարկված բյուջեի բաշխման մոդելը՝ 40% խաղարկային, 30% վավերագրական և 30% անիմացիոն կինո։ Ըստ հայտարարության՝ նման մոտեցումը կհանգեցնի խաղարկային կինոյի ֆինանսավորման կտրուկ նվազեցման և դրա ճգնաժամի խորացման։
Բացի այդ, ֆեդերացիան մատնանշում է, որ նամակը ստորագրած բազմաթիվ կինոգործիչներ տարիներ շարունակ մասնակցել են հենց այնպիսի մրցույթների, որոնք անցկացվել են անհամեմատ վատ կանոնակարգերով և ստացել են ֆինանսավորում առանց նման մտահոգություններ հայտնելու։
«Նոր կանոնակարգի դեմ այս արշավը մենք գնահատում ենք որպես փորձ՝ խափանելու հիմնադրամի բնականոն աշխատանքը և վերակենդանացնելու նախկին կոռումպացված համակարգը՝ մարմնավորված Ազգային կինոկենտրոնում», — նշվում է տեքստում։
Ֆեդերացիան կոչ է անում ոլորտի մասնագետներին համախմբվել ոչ թե հանրային լարվածություն առաջացնող նախաձեռնությունների շուրջ, այլ՝ նոր ստեղծված Կինոյի հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ։ Մասնավորապես՝ ուշադրություն դարձնել մրցութային հանձնաժողովների մասնագիտական ցենզի, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։
Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից հրապարակված պետական ֆինանսավորման մրցույթի անցկացման կանոնակարգով, որը մշակվել և ընդունվել է առանց ոլորտի մասնագիտական համայնքի հետ լիարժեք քննարկման և համակարծության։ Սա էր պատճառը, որ ոլորտի միասնաբար հանդես եկող ներկայացուցիչները հավաքվել էին ապրիլի 30-ին՝ մտահոգություններն ու պահանջները համախմբելու և նախարարությանը հասցեագրելու նպատակով, այնուհետև Հայաստանի կինոգործիչների միությունը հանդես էր եկել բաց նամակով, որի տակ ստորագրել է առնվազն 50 կինոգործիչ: