Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան այս տարի ներկայացված է Կաննի կինոշուկայում՝ առանձին տաղավարով, որտեղ ներկայացվում են հայկական կինոնախագծեր, համագործակցության առաջարկներ և նոր նախաձեռնություններ։
2025 թվականի մայիսի 13-ից 20-ը Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկայում Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան ներկայացված է առանձին տաղավարով։ Նախագիծն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ։




Տաղավարի աշխատանքային օրերի ընթացքում կազմակերպվել են մի շարք կինոնախագծերի պրեզենտացիաներ, այդ թվում՝ Էլա Ալամաչիի և Արեն Պերդեցու «Բարև» ֆիլմը Արա Գյուլերի մասին, Արա Արուշի «Վերադարձ» ֆիլմերը, Հովհաննես Գալստյանի «Վերա» ֆիլմը Արցախյան պատերազմների թեմայով, ինչպես նաև հույն ռեժիսոր Պեդրա Տեզիի «Կանելա» սերիալը։

Բանակցություններից հետո ստորագրվել է համատեղ արտադրության պայմանագիր հայկական «Էնսո Ֆիլմզ» և թուրքական «Կարա Կեդի Ֆիլմզ» կինոընկերությունների միջև։
Տաղավարում ներկայացվելու են նաև այլ նախագծեր՝ ուղղված միջազգային համագործակցությանը, այդ թվում՝ «Openhearted» ստարտափը, KIRK մրցանակաբաշխությունը, ինչպես նաև Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի շնորհանդեսը։
Ի տարբերություն պաշտոնական ազգային տաղավարի, Ֆեդերացիայի ներկայությունն աչքի է ընկնում ավելի բազմաբովանդակ և ընդգրկուն աշխատանքային օրակարգով, ուղղված ոչ միայն ֆիլմերի ներկայացմանը, այլ նաև հայկական կինոարտադրության ծառայությունների առաջխաղացմանը։