Netflix-ի «Երբ նրանք մեզ կտեսնեն» սերիալը լույս է տեսել 2019 թ. մայիսին: Բոլորովին պատահաբար առընչվեցի՝ «Դիրք» (Pose) սերիալի դիտման ժամանակ: Սիրում եմ թեմաներ, որոնց մասին մարդիկ չեն սիրում խոսել, իսկ երբ այդ մասին սերիալներ կամ ֆիլմեր են նկարահանվում, ապա ես պարտավոր եմ դիտել:
Անկեղծ, շատ շատ շատ դժվար սերիալ է: Դուվերնեի պատմությունը բարդ է: Սերիալը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Հարլեմի հինգ աֆրոամերիկացի եւ մեքսիկացի դեռահաս դատապարտվել են ազատազրկման սպիտակ աղջկա դաժան բռնաբարության համար, որը նրանք չեն կատարել: Ընդամենը չորս սերիա: Բայց ի՜նչ բարձրակարգ չորս սերիա է նկարահանել Netflix-ը:
Սերիալը շատ կարճ է սյուժեի մեջ խորանալու համար: Յուրաքանչյուր սերիան տևում էր մեկ ժամից մինչև մեկ ու կես ժամ: Այդ մեկ սերիան նման չի Նեթֆլիքսի կողմից նկարահանված այլ սերիալների մեկ սերիայի: Այս սերիալում ուրախություն չկա: Այն սպանել են: Տխրությունը կլանում է հոգին իսկ անարդարությունը խեղդում է: Հենց առաջին սերիայից այդ երեխաների գլխին գործ են սարքում: Նույնիսկ, երբ ասում են «արջը չի երգում»՝ ոստիկանությունը փորձում էր ապացուցել հակառակը և երգացնել արջին:
Սեգրեգացիայի մասին ֆիլմերը հատուկ տեղ ունեն իմ ֆիլմադարանում: Ոմանք նշում են, որ սերիալը էլի «խեղճ սևամորթների և վատ սպիտակամորթների» մասին է պատմում: Ոչ: Այս սերիալը պատմում է երեխաների մասին: Ոստիկանությունը բռնել էր երեխաների, որոնք ընկերների հետ դուրս էին եկել կենտրոնական այգի զբոսնելու և հայտնվել էին ինչ-որ անհասկանալի խուճապի մեջ և բռնվել էին: Իսկ Կենտրոնական այգու ուրիշ հատվածում ոստիկանությունը գտել էր մի կնոջ ում բռնաբարել էին: Ու չունենալով ոչ մի ապացույց գործը կախեցին այդ երեխաների վրա: Նրանք 14-16 տարեկան էին: Իսկ գործողությունը ծավալվում էր 1989 թվականի Նյու Յորքում:
Չդիմանալով ճնշմանը ու հույզերիս և ստիպված էի դիտել այս սերիալը չորս օր: Չորս օր ես դիտում էի այն և լաց լինում: Նրանց մեջ չնկատեցին երեխա էակը՝ դարձնելով բռնաբարող: Նրանց հարցաքննում էի օրենքի խախտումով՝ ստիպում էին, ճնշում էին, շանտաժի էին ենթարկում: Ու էս պատմության ամենազավեշտալին այն էր, որ դու հասկանում ես, որ կոտրել են ոչ միայն այդ հինգ տղաների կյանքը, այլև նրանց ծնողների և բարեկամների: Նրանք ունեին անհավատալի կամքի ուժ և իրենց հանդեպ հավատք. նրանք չկոտրվեցին և չթողեցին, որ բանտը նրանց էությունը ոչնչացնի:
Այս սերիալը էնքան ուժ ունի, որ թողարկումից հետո գործը կրկին լսանելի դարձավ ու մեծ աղմուկ արեց: Լինդա Ֆայրշտեյնը՝ Մանհեթենի շրջանի դատախազության սեռական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը, ով որոշեց տղաների ճակատագիրը, համացանցային հարձակումների ենթարկվեց: Իսկ 2020-ի մարտին նա դատի է տվել Netflix-ին և սերիալի հեղինակ և ռեժիսոր՝ Ավա Դուվերնեին: Բացի այդ, սերիալում տեղ են գտել արխիվային կադրեր, որոնց վրա պատկերված է Դոնալդ Թրամփը, բնականաբար, շատ վատ լույսի ներքո: 1989-ին նա գովազդային տեղ է գնել Նյու Յորքի մի քանի թերթերում՝ կոչ անելով քաղաքում վերականգնել մահապատիժը: Կազդե՞ն այդ կադրերը և իր խոսքերը նախագահական ընտրությունների արդյունքների վրա. ժամանակը ցույց կտա:
«Երբ նրանք մեզ կտեսնեն» կատարյալ անվանում է այս շարքի համար: Ինչ-որ չափ սերիալի մասին խոսում է իր հիասքանչ պաստառը: Նրանք տեսան երեխաների տեղը՝ սևամորթների ու որոշեցին դատել իրենց «վրեժ լուծելով այդ սպիտակամորթ կնոջ համար»: Սերիալը բացի ռասայական և կրոնական թեմաներից անդրադառնում է բանտից դուրս եկողների ապագային, սեռական փոքրամասնություններին: Վերջինը սևամորթների համար էլ ավելի կարևոր է, քան սպիտակամորթների համար, որովհետև իրենք իրենց մեջ ունեն խտրական վերաբերմունք, որը շատ հաճախ սպիտակամորթներին դժվար է հասկանալ և ընկալել:
Միակ բանը որ մնում է՝ մաղթել Նեթֆլիքսին հաջողություն դատարանում: Անարդարությունը չի կարող հաղթել: