Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ․): Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ինչպես նշվում է, ֆիլմերը կցուցադրվեն «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ հունվարի 28-ին, ժամը 13:30-ին և հունվարի 31-ին, ժամը 13:00-ին: Սա Բեկնազարյանի ֆիլմերի երկրորդ ցուցադրում է Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում: Նախորդ տարի կազմակերպվել էր «Խաս Փուշ» ֆիլմի ժապավենային տարբերակի ցուցադրությունը:
«Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ․) ֆիլմերը թվայնացվել էին 4K ձևաչափով 2023 թվականին, երբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում էր Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնին: Վերականգնման աշխատանքներն իրականացրել է հայկական «One Man Studio Production»-ը:
Ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Հիշեցնենք, որ 2022թ.-ի հունվարին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project» փառատոնի շրջանակում ցուցադրվեց և թանգարանի մշտական պահպանությանը հանձնվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով: Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է: