Դեկտեմբերի 13-ին Հնդկաստանի Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի (International Film Festival of Kerala) այս տարվա ուշադրության կենտրոնում է Հայաստանը, որի բացման արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանը և հայ կինոգործիչներ Միքայել Դովլաթյանը, Նորա Արմանին, Սերժ Ավետիքյանը և Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը։
Նախատեսված հայկական ֆիլմերի ցուցադրության ցանկում տարբեր օրերի համար ընդգրկված են կինոռեժիսորներ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Մարիա Սահակյանի «Փարոս», Միքայել Գուրջյանի «Ամերիկացին», Սերժ Ավետիքյանի «Lost in Armenia», «The Parajanov Scandal», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը։
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են եկել Քերալայի նահանգապետ Պինառայի Վիջայան (Pinarayi Vijayan), հայտնի հնդիկ դերասանուհի Շաբանա Ազմին (Shabana Azmi), հոնգկոնգյան դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Անն Հեյը և այլոք։ Բացման արարողությանը մասնակցել են նահանգի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, կինոքննադատներ, դերասաններ, արվեստագետներ և այլոք։
«Մեզ համար կարևորը երիտասարդ սերունդն է և նրա ազդեցությունը։ Հայկական կինոն զարգանում է, և Հայաստանի կառավարությունն այժմ ակտիվորեն աջակցում է համագործակցությանը, այդ թվում՝ Հնդկաստանի հետ», – կիսվում է Միքայել Դովլաթյանը փառատոնի պաշտոնական ամենօրյա տեղեկագրի հետ:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մասամբ ռուսական պետբյուջեի հաշվին նկարահանված «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» համատեղ արտադրությունը հայտնվեց դժվարին իրավիճակում: Ֆիլմը այդպես էլ չստացավ վարձութային վկայական Ռուսաստանի Դաշնությունում, ինչը սահմանափակում է ֆիլմի վարձույթը այդ երկրում: Այնուամենայնիվ, «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ընդգրկվել էր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգի երկար ցուցակում:
«Շնորհակալ եմ Քերալայի կինոփառատոնին ֆիլմը ցուցադրելու համար։ Այն մերժվել է Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Բրեժնևի դերակատարի քննադատական հայացքների պատճառով», – Times of India-ի հետ հարցազրույցում պատմել է ֆիլմի պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը։
Միջոցառման կազմակերպիչ Կերալայի Չալաչիտրա (Chalachitra) ակադեմիան փառատոնի շրջանակներում նահանգի մայրաքաղաք Թիրուվանանտապուրամի (Thiruvananthapuram) 15 կինոսրահներում ցուցադրելու է Հնդկաստանի տարբեր լեզուներով 114 ֆիլմեր, ինչպես նաև 68 երկրների թվով 63 օտարերկրյա կինոմատոգրաֆիայի ստեղծագործություններ։