ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԿԻՆՈՊՐԵՍ: Սոնա Կարապողոսյանը «Ոսկե Գլոբուսի» անդամ է ընտրվել որոշիչ ձայնի իրավունքով: Այս մասին հայտնում է Armenian Film Society-ն:
2023 թվականի ապրիլին Հոլիվուդյան արտասահմանյան մամուլի ասոցիացիան հայտարարեց իր քվեարկության մարմնի անդամների նոր ցուցակը՝ հրապարակայնորեն խոստանալով զգալիորեն ընդլայնել իր ընտրողների բազան այն բանից հետո, երբ բախվեց սկանդալի՝ բազմազանության մասով:
2023 թվականի հունիսին Dick Clark Productions-ը և Eldridge-ը հայտարարեցին, որ իրենք ձեռք են բերել «Ոսկե Գլոբուսի» բոլոր ակտիվները, իրավունքները և սեփականությունը Հոլիվուդյան արտասահմանյան մամուլի ասոցիացիայից՝ Հոլիվուդյան մրցանակաբաշխության շոուն վերածելով առևտրային ձեռնարկության:
Armenian Film Society-ն այս տարվա մի մասը սերտորեն համագործակցել է «Ոսկե Գլոբուսի» հետ՝ նպատակ ունենալով ապահովել հայերի ներկայացվածությունն իրենց քվեարկության մարմնում: Ամերիկահայ կինոամայնքի ջանքերի շնորհիվ նրանց որոշումը դրական էր։ 2023 թվականի հոկտեմբերին «Ոսկե Գլոբուսը» հայտարարեց 2024 թվականի «Ոսկե Գլոբուս» մրցանակի համար իր քվեարկության մարմնի ցուցակում նոր ընտրողներ ավելացնելու մասին. այս անունների թվում է Սոնա Կարապողոսյանը՝ Հայաստանից։
«Ոսկե Գլոբուս-2024» մրցանակաբաշխության անցկացումը նախատեսված է 2024 թվականի հունվարի 7-ին: